Այսպէս է ասում Տէրը. «Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէ՛ք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէ՛կ հոգով եւ որպէս մէ՛կ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար» (Փիլիպեցիներ 1:27)

Վիլյամ Սարոյանի որդու հուշերը հոր դաժանության և կյանքի վերջին օրերի մասին

(Նախորդ հատվածը կարող եք կարդալ այստեղ):

Ապրիլի 16, 1981, հինգշաբթի

Եվ ավելացրել էր. «Դու պարզապես ուզում ես մեծ գրողի կողքին լինել»:

Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե հոր, այլ՝ մեծ գրողի: Ասես կյանքում համբավը միակ սերն էր, որ կարող էր ընդունել` առանց զգացական խուճապի մատնվելու:

Հեքիաթի նման է:

Մանկան ներսում գտնվող լիճը դառնում է հայելի, և գոյանում է արվեստագետը, որը միջազգային համբավի է հասնում, բայց ներքուստ մնում է կարծր, կոշտ մի ապակի, որը ավելի հաճախ սառցակալած է…

Եվ ահա նա սիրահարվում է, և սառույցը նորից դառնում է հեղուկ:

Սերը սառցակալումից դուրս է բերում նրա նկարագրի ամբողջ կառույցը, այն ամենը, որի շնորհիվ նա գուցե գոյատևել էր և նաև դարձել նշանավոր արվեստագետ՝ պաշտված աշխարհի բոլոր ժողովուրդներից, բայց որը դեռևս չէր սիրվել մեն մի անձի կողմից և ճշմարտապես չէր սիրել ոչ ոքի:

Սերը թափանցում է նրա ներաշխարհը, հայելին նորից լիճ է դառնում, և նա ցավից ճչում է:

Նա ատում է իր կնոջը, որովհետև սիրում է նրան:

Եվ հետո ատում է իր որդուն և դստերը:

Քանզի լիճը իր մեջ պարփակում է Մահ, հոր սարսափելի մահը, և ապա նաև՝ մոր թվացյալ մահը, երբ ինքը երեք տարեկան հասակում ստիպված եղավ ապրել որբանոցում:

Նա ատում է իր կնոջը, որովհետև սիրում է նրան, և վերջինս, դեռևս շատ մանկամարդ, չգիտի, թե ի՞նչ սխալ է գործել, արդյո՞ք իսկապես արել է այնպիսի մի բան, որ զայրացրել է ամուսնուն:

Բայց ինչքան էլ որ նա հասունանա, ինչքան էլ որ ջանա սիրաշահել իր ամուսնուն, մեկ է, հաջողության չի հասնելու, քանզի ամուսինը շարունակելու է առաջվա նման ատել իրեն, որովհետև դա է նրա սիրելու կերպը:

Քանզի սերը հայելու սառույցը հալեցնում է, դարձնում լիճ, ջուր:

Եվ ջրում ցավ կա ու մահ: Ասես հոր դիակը ջրում լինի:

Եվ ապա ամեն ինչ ավելի է բարդանում, շատ ավելի, քան թվում է, և դժբախտությունն էլ է խտանում:

Որովհետև նա համբավավոր մարդ է:

Հերիք չէ, որ նա շատ բարդ, գրեթե կործանարար նկարագրով մի մարդ է, ի հավելումն դրա՝ նա նաև աշխարհահռչակ գրող է, որին մարդիկ սիրում են իր անուշ գրքերի համար:

Նա, իրոք, իր ազգի ամենանշանավոր գրողն է: Նա բոլոր ժամանակների ամենամեծ, նշանավոր Հայն է:

Եվ հայերը, անշուշտ, շատ հպարտ են նրանով՝ սիրում են Սարոյանին, և հասկանալի է, որ նրան համարում են ազգային գանձ: Այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ազգը զրկվեց իր անկախությունից, ենթարկվեց հոգեկան և ֆիզիկական ցեղասպանության, Սարոյանը հայերին բերեց միջազգային ճանաչում և համբավ:

Սարոյանը այն մարդն է, որի շնորհիվ մարդիկ ճանաչում են Հայաստանը և հայերին: Եվ հայերը, բնական է, սիրում և պաշտում են Սարոյանին, որպես իրենց բանաստեղծին, պատգամավորին, իրենց պաշտպանին մի աշխարհում, որ լեցուն է սարսափով և զրկանքներով, մահաբեր մի աշխարհ, որ հիշեցնում է Սարոյանի ներաշխարհը, երբ սառույցի հալք է տեղի ունենում նրա հոգում, և նա դառնում է զգայուն, համակվում է կատարյալ սարսափով, ցավով, խենթությամբ և հիշում է, որ ինքը նշանավոր գրող է: Նման մի պահի էր, որ նա ճչացել էր քրոջս վրա:

- Դու եկել ես մեծ գրողի կողքին լինելու:

Նա հիմա մեռնում է ոչ թե փոխաբերական իմաստով, հոգեպես, զգացական կամ հոգեբանական առումով, այլ սարսափում է, որովհետև տառացիորեն մեռնում է ֆիզիկապես:

Բայց, այնուամենայնիվ, տառապանքը թեթևացնող մեխանիզմը առաջվա նման անփոփոխ է, չի գործում:

Ամուսնոթյան առաջին շրջանում, երբ նա ընդհարվում էր մորս հետ, վազում էր հայերի մոտ, որոնք գրկաբաց էին ընդունում նրան, մխիթարում, օժտում գահով և արքայական գավազանով: Նրանք զարմանում էին, թե ինչպե՞ս կարելի է այդպիսի հրաշալի մարդու, ժողովրդի բանաստեղծի հետ, որը երգում է լույսի, ծիծաղի, պտուղների, հացի և ջրի մասին, այո, այսպիսի խորունկ ու գեղեցիկ հոգի ունեցող անձի հետ վարվել այդպես դաժանորեն, ինչպես այդ աղջիկն է անում, որը նույնիսկ հայ չէ, այլ՝ հրեա:

Գուցե նաև անկածախնդիր, շորթող մի կին է:

Եվ հայրս հանգստանում էր, խաղաղվում, գտնում էր հոգեկան իր հավասարակշռությունը՝ շրջապատված իր ժողովրդի ամոքող ներկայությամբ, ժողովուրդ, որը սիրում էր նրան, բայց որի նկատմամբ իր սերը այնքան առանձնահատուկ և վտանգավոր չէր, ինչպես իմ մոր նկատմամբ:

Եվ ժամանակ անց նա սիրահարվեց մի բանի, որն այնքան ցավ չէր պատճառում, որքան ուրիշ մի անձնավորություն սիրելը, նվազ վտանգավոր էր, և եթե մեծ ու լայն աշխարհի համար դրա արդյունքը անկանխատեսելի էր, գոնե հայերի շրջանում հիմքը ամուր և աներեր էր: Կածում եմ, որ հայրս, կյանքի ավելի ուշ շրջանում, երբ նրա համար հստակ դարձավ, որ այլևս չէր կարող դիմագրավել նոր դժվարությունների, սիրահարվեց նույնինքը ՀԱՄԲԱՎԻՆ:

1959 թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի, Լյուսիի հետ Փարիզում էինք, հորս մոտ: Նա գրում էր մի գիրք, որ կոչվում էր «Չմեռնել»: Մի հետմիջօրեի, երբ տանը մենակ էի, ձեռքս ընկավ մեքենագրական մի թուղթ, որի վրա գրված էին հետևյալ բառերը. «Միակ անձը, որին իսկապես սիրել եմ՝ Սարոյանն է, և այն ամենը, ինչ հիմա իսկապես սիրում եմ, դեռևս Սարոյանից իմ մեջ մնացածն է»:

(շարունակելի)

Աղբյուր՝ Vnews.am