Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Գարեգին Նժդեհ․ Ավետիս Ահարոնյան

Հապա Ահարոնեա՞նը՝ իշխանն ու փառքը մեր նորագոյն գրականութեան, որի սիրտը արեւածաղիկի պէս միշտ էլ արեւը - Արարատեան արեւը փնտռեց:

Հայութեան վշտակիրը, որի հոգեւոր կեանքի հորիզոնը միշտ էլ բռնած է գերագոյն դէմքը մեր ծուատուած Հայրենիքի:

Հայութեան տրիբունը՝ ոսկեբերան, որի հոգին հայոց պատմութենէն ծծեց այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական, եւ դրա համար էլ որքան ուժեղ է իր ցեղասիրութիւնը, այնքան կատաղի է իր բարոյական զայրոյթը, որը սակայն, իր սիրող սրտէն կը բխէ:

Նա խօսքի հոգեւոր կայծակներ ունի, եւ գիտէ շանթել այն ամենը մեր ցեղի կեանքում, որ տկար է ու տգեղ, աննուէր ու անփառ. հակառակայորդոր ու թունաւորիչ. այն ամենին, որ երկրամոլ են, որոնք անէծք ու նուաստութիւն կը շահեն մեր պատմութեան համար:

Հանգոյն բիբլիական մարգարէների՝ նա նզովել գիտէ, բայց իրեն յատուկ մեծ սիրով գիտէ եւ դափնեպսակել:

Նրա վշտալի հանճարը անմահացուց հայ վրիժակը, որը գիտցաւ աներկիւղ շփման գալ մահուան հետ:

Նա երգեց հայորդին, որը դաւանել գիտցաւ ազատութիւնը, նրա համար գիտակցօրէն իր արիւնը թափելու աստիճան:

Օրհնեց ու քաղցրացուց մահը հերոսների:

Մարգարէացաւ գալիքը եւ եռակի զանգահարեց հայութեան վարած վերջին գուպարների մասին:

Հրեղէն խօսքով երկու սերունդների հոգում նա բորբոքեց ինքնազօրութեան ծարաւը, եւ սէ՛ր դէպի տիտանիզմը պայքարի եւ զոհաբերութեան մէջ:

Եւ գիտցաւ ներշնչել, թէ Հայաստան Երկիրը ո՛չ թէ միայն ցանկալի որսավայր է իր գայլ հարեւանների համար, ո՛չ էլ յարմար վայր՝ միայն անփառունակ գերեզմաններ ձորելու, այլ՝ որ դա յարմար է նաեւ Անկախութեան եւ փառքի տաճարներ բարձրացնելու համար:

Այսպէս ապրեց ու ստեղծագործեց հայ պսակաւոր քերթողը, իր ճակատագիրը ներքին հաղորդակցութեամբ կապելով իր ցեղի ճակատագրին:

Ահա՛ թէ ինչո՛ւ ամեն անգամ, երբ հայ մարդը կը թերթէ Ահարոնեանի հայրենաշունչ երկերը՝ կը մղուի մտովին համբուրելու նրա ներցեղային բարոյականով օծուն գրիչը:

Ահա՛ թէ ինչո՛ւ այսօր Միցկեւիչի պէս նա էլ ազատ է ասելու իր մասին. «Ես եւ Հայրենիքս նոյնն ենք»: