Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Ոչ միայն հացիվ․ Սևանավանք

Սևանի վանական համալիրը, որը հայտնի է նաև Սևանավանք անվանումով, գտնվում է համանուն թերակզու բարձունքի հյուսիասահայաց հատվածում:

Սևանա թերակզին /նախկինում կղզի), որպես բնակավայր հայտնի է դեռևս բրոնզե դարից: Իսկ ահա հեթանոսական շրջանում,, ինչպես նշնում են որոշ ուսումնասիրողներ կղզում եղել է ութ մեհյան, սակայն նրանցից մեկն էր ծառայում, որպես ծիսարան: «Կղզին Գեղամա ուներ Մեհեան-, գրում է Էջմիածինի սինոդի անդամ Մանուել Կյումուշխանեցին,- պարսպեալ ամուր պատուարավ և դղեկոք, զտունն Մեհենից...»:

Ըստ ավանդության Գրիգոր Լուավորիչը, քրիստոնեությունը Հայաստանում տարածելիս, 305 թվին Տրդատ թագավորի հետ եկել է Սևանա կղզի: Նրանց պահանջով քանդել են մեհյանը, բագինը նետել ջուրը և տեղում կառուցել են տվել ս. Հարություն տաճարը, ապա նրա մոտ՝ ս. Կարապետ մատուռը: Գրիգոր Լուավորիչը կանգնեցնում է փայտե խաչ օծում այն, մկրտում մարդկանց և կղզում թողնում Կեսարիայից իր հետ բերած հոգևորականների, որոնք սկիզբ են դրել Սևանա վանքի կրոնական կյանքին: Հետագայում Ներսես և Սահակ կաթողիկոսները կղզում հաստատել են աղոթավորաց միաբանություն:

V դ. Մովսես Խորենացու վկայությամբ, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության»՝ Մեսրոպ Մաշտոցի պատվերով կատարված հազվագյուտ թարգմանությունը պահվում էր Գեղարքունիքում։ Նման ձեռագիր պահելու փաստը մասնագետներին հնարավորություն է տվել եզրակացնելու, որ Գեղարքանիքը Սևանա կղզին է, որտեղ եղել է հայ առաջին մատենադարաններից մեկը, ուր, որպես ապահով վայր, պահվել են արժեքավոր ձեռագրեր։ Փաստորեն, Սևանի մատենադարանը հայոց ամենահին մատենադարանն է, որը գոյատևել է V—XX դդ՝ շուրջ 1500 տարի։

Սևանի մատենադարանի նման «զինարան» ունեցող վանքը չէր կարող դպրոց, ինչպես նաև գրչության կենտրոն չունենալ։ Հիրավի, Սևանա կղզին նաև Հայաստանի հնագույն գրչության կենտրոններից է, որից, դժբախտաբար, քիչ բան է մեզ հասել, պատճառը ձեռագրերի ծովամույն լինելն է։

XVIII դարում Սիմեոն կաթողիկոսի՝ միաբանություն այցելելու կապակցությամբ, Սևանի առաջնորդ Հովհաննեսը, կաթողիկոսի բարկությունից վախենալով, բազմաթիվ վնասված ձեռագրեր թափում է լիճը։ Այդուհանդերձ 1890 թվականին, երբ կազմվեց վանքի գրացուցակը, այնտեղ կար ավելի քան 800 կտոր գիրք, որոնցից ամենահինը X դարի ձեռագիրն էր: Անգամ 1911 թ., երբ եղած գրականությունը Էջմիածինի մատենադարան էր տեղափոխվում, ասյտեղ պահվում էր 112 ձեռագիր, 541 հնատիպ գրքեր:

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևանա կղզին եղել է հայերի կողմից արաբների դեմ մղված պայքարի թատերաբեմներից մեկը: 925 թվականին Սևանա կղզում է ապաստանում Աշոտ Երկաթը: Արաբները Բեշիրի գլխավորությամբ, հետապնդելով Աշոտին բանակում են ափամերձ հատվածում: Սակայն հայոց թագաժառանգը, վաղ առավոտյան 10 լաստերով, կարողանում է հանկկարծակի հարձակվելով պարտության մատնի թշնամուն: Դեռևս 699 թ.ին, ինչպես նշում է Մխիթար Այրիվանեցին, արաբ ոստիկանն Մահմետ-Մրվանը փորձել է մուտք գործել կղզի, բայց չի հաջողվել: Իսկ այա 706 և 750 թթ, արաբներին հաջողվում է մտնել կղզի, որի ժամանակ ավերում են տաճարները, գերեվարում պատսպարյալներին:

Սևանի վանքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում IX դարը, կապված Մաշտոց Եղվարդեցու ( 897 թվականին դարձավ կաթողիկոս) անվան հետ: Մաշտոց վարդապետը 864 թվականին հաստատվելով Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում բարձրացող սարալանջին, որն այսօր կոչվում է Մաշտոցներ, մի աղբյուրի մոտ կառուցում է մատուռ և սկսում ճգնավորի կյանք վարել: Շուրջ 10 տարի ճգնելուց հետո Մաշտոց Վարդապետը տեղափոխվում է կղզի, որի արևելահայաց քարաժայռերից մեկը եղել է նրա ճգնարանը, իսկ մյուսը գիշերելու տեղ: Ինչպես վկայում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Մաշտոցը երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցելու 12 առաքայալների անուններով ու հաստատել միաբանություն:

Դա մի ժամանակ էր, երբ Սևանի գեղեցկությամբ տարված՝ հայոց Աշոտ Ա Բագրատունի թագավորի դուստր, Սյունյան Վասակ Գաբուռ իշխանի այրի Մարիամը ամուսնու մահից հետո մենակյացի կյանք էր վարում Ցամաքաբերդի կուսանոցում: Հանգուցյալ ամուսինու կտակի համաձայն՝ Մարիամը պետք է 40 եկեղեցի կառուցի, որոնցից 2-ը՝ Սևանում:

Մաշտոց Վարդապետը, հանդիպելով Մարիամին, հորդորում է նրան, միջոցներ տրամադրել կղզում եկեղեցիներ կառուցելու համար:

Խոսքը գործի է վերածվում և 874 թվականին կառուցվում է երկու եկեղեցի ՝ Առաքելոց և Աստվածածին: Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը: XV դ. վերջում Սևանցի րաբունապետ Դանիելը, իր ձեռագրի հիշատակարանում հանվանե թվարկում է վերը նշված հուշարձանները և ավելացնում մի նոր եկեղեցի՝ ս. Գրիգոր Լուսավորիչ անունով: Հետագայի ուսումնասիրողները հիշում են նաև ս. Սարգիս (ս. Մինաս) մատուռը։ Հինգ եկեղեցիներից այժմ կանգուն են երկուսը, Մինչև մեր դարի 30-ական թվականները Սևանա կղզու պատմության հարցերով զբաղվողները կանգուն եկեղեցիներից փոքրը իրավացիորեն անվանել են Աստվածածին, իսկ մեծը՝. Առաքելոց։ Նրանք հիշում են մեկ այլ եկեղեցի ևս՝ ս. Աստվածածին, որը շինված է եղել բլրի ստորոտում, հարավ-արևմտյան կողմում։ Հայ ճարտարապետության պատմաբանները իրավամբ կարծում են, որ այս հուշարձաններն իրենց ժամանակի համար կառուցողական ոչ բնորոշ առանձնահատկություններ ունեն։ IX-X դդ. հայ եկեղեցական ճարտարապետության համար առանձնակի նշանակություն է ստանում ավանդատների քանակական ավելացման երևույթը, իսկ այս եկեղեցիներից յուրաքանչյուրը հատակագծում ունի մեկ ավանդատուն և ազատ խաչի ու տարածականոթյան լուծում։ Նրանցում, փաստորեն, կրկնվում են նախորդ դարերի կառուցողական հիմնական գծերը, որով այս շինությունները բացառություն են դիտվում այդ և հաջորդ դարերի համար։

Սբ. Առաքելոց եկեղեցին Սևանի ճարտարապետական համալիրի փոքր եկեղեցին է: Հատակագծային կոմպոզիցիայով խաչաձև, եռաբսիդ կառուցվածք է, հարավ-արևելյան կողմում ունի մեկ ավանդատուն: Մուտքի դուռը հարավից է, որը բացվում է արևմտյան կողմի ուղղանկյունաձև խաչաթևի մեջ: Եկեղեցին դրված է երկաստիճան որմնախարիսխի վրա: Պատերը մինչև գմբեթարդն անջատող գոտին շարված են կոպիտ տաշված բազալտից: Գմբեթակիր կամարները, գմբեթարդները, թմբուկը և գմբեթը շարված են գորշագույն տուֆի համեմատաբար լավ մշակված քարերից: Գմբեթակիր կամարները միաշերտ են:

Եկեղեցու արտաքին ծավալային մշակումը համապատասխանում է նրա ներքին կոմպոզիցիային: Թմբուկն ութանիստ է: Կառույցի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքները համեստ են: Հուշարձանի ճակատները ոչ մի էական փոփոխությունների չեն ենթարկվել: Միայն տանիքի երեսապատող սալերը ժամանակի ընթացքում բոլորն էլ վերաշարվել են` տեղ-տեղ փոխարինվելով նորերով:

Համալիրի երկրորդ հուշարձանը Սբ. Աստվածածին եկեղեցին է, որը գտնվում է Առաքելոց եկեղեցուց հարավ-արևելք, նրանից 10 մետր հեռավորության վրա: Իր ճարտարապետա-հատակագծային լուծումով` նա հիմնականում նման է Առաքելոց եկեղեցուն, սակայն չափերով զգալիորեն մեծ է նրանից: Այստեղ նույնպես առկա է հարավ-արևելյան անկյունում կառուցված ավանդատունը: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունում, նրա կառուցումից ավելի ուշ, կցակառուցված է մի սենյակ, որը եկեղեցու հետ կապվում է հատակից զգալի բարձրության վրա գտնվող բացվածքի միջոցով: Ըստ ավանդության, այս սենյակից ժամերգություն է լսել Մարիամ իշխանուհին:

Չափերով համեմատաբար ավելի մեծ լինելու պատճառով հուշարձանի գմբեթակիր կամարները արված են ավելի ուժեղ և երկշերտ: Այստեղ նույնպես թմբուկն ութանիստ է: Արտաքին ծավալային մշակումը աչքի է ընկնում իր պարզ և հստակ ձևերով: Ոչ պատերը և ոչ էլ թմբուկը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների չեն ենթարկվել: Նույնը չի կարելի ասել տանիքի մասին, որտեղ երեսապատող սալերը վերաշարվել են, իսկ որոշ մասը հանվել է և նորով փոխարինվել:

Սևանի եկեղեցիներն իրենց տեսքով և տեղադրությամբ լրացնում են մեկը մյուսին և դիտվում են որպես ճարտարապետական մեկ միասնական համալիր: Տեղադրված լինելով կղզու հարավ-արևմտյան լանջի բարձրադիր մասում` հուշարձանները լավ են երևում թե լճից և թե առափնյա տարածքներից: Ներդաշնակելով կղզու աստիճանաբար բարձրացող լեռնալանջի հետ և դիտվելով լեռնային կապույտ երկնքի ֆոնի վրա, նրանք հիանալի կերպով ներգծվում են շրջակա լեռնային բնանակարի մեջ և թողնում անմոռանալի տպավորություն: Այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի լճի կապուտակ ջրերը և հորիզոնը պարփակող բարձր լեռնալանջերը: