Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Սրբության ընկալումը քրիստոնեության մեջ. Պատմություն և ավանդույթ

Սուրբը կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, արդարացված ու հավատով փրկված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է և, առհասարակ, սրբակյաց հավատացյալը:

Եթե աչքի անցկացնենք Սուրբ Գիրքը, կտեսնենք, որ «սուրբ» մակդիրը գործածված է նախևառաջ Աստծո վերաբերմամբ, քանի որ սրբությունը Աստծո ստորոգելիներից է. սրբության աղբյուրն Աստված Ինքն է: Արդեն Նոր կտակարանում Աստծուն, ինչպես նաև երկնային հրեշտակներին վերապահված սրբությունը քրիստոնեական առաջին դարերի գրականության մեջ Պողոս առաքյալի շնորհիվ տրվում է նաև երկրային արարածներին: Քրիստոսի փրկարար տնօրինությունից հետո սրբությունը թափանցեց մարդկային կյանք: Քրիստոսով բացվեց մարդու՝ սրբացման լուսապսակին արժանանալու ուղին:

Սրբերի մեծարանքը արևմտյան եկեղեցիների մեջ պաշտոնապես վավերացված է Նիկիայի 787 թ. 2-րդ ժողովով, ինչը փաստում է, որ միայն Քրիստոս կարող է պաշտվել, իսկ սրբերը` միայն մեծարվել: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի պաշտամունքը եկեղեցու պատմության և ավանդության մաս է կազմում: Եկեղեցական հայրերը և այլ քրիստոնեական հեղինակներ առատ տեղեկություններ են հաղորդում հալածանքների, նահատակությունների և սրբերի պաշտամունքի մասին:

Սրբերի հրապարակային պաշտամունքն ու նրանց բարեխոսությանը դիմելու կարգը հիշատակվում է արդեն 2-րդ դարից: Տեղական համայնքները սրբերի նահատակության տարելիցներին հավաքվել են նրանց գերեզմանների շուրջ և աղոթել, որ վերջիններս իրենց համար բարեխոս լինեն երկնքում: Հետագայում սրբերի շիրիմների վրա, վկայության վայրերում կառուցվել են վկայարաններ, մատուռներ: Հեթանոսների կողմից իրականացվող հալածանքների ուժգին ալիքի անկմանն ու վերացմանը զուգահեռ` սրբակեցության փնտրտուքները ծնեցին քրիստոնեական ճգնակեցության երևույթն ու վանականությունը: Երբ ճգնավորը դառնում է իսկական քրիստոնյայի կերպար՝ իբրև աշխարհիկ կյանքից հրաժարվող ու Քրիստոսին նվիրվող, նա ընդունվում է որպես սուրբ, սակայն մարտիրոսներին ոչ հավասար: Ժամանակի ընթացքում ճգնակեցությունը փոխակերպվում է վանական դպրության: Վանականները ճանաչվում են սրբակյաց, սակայն ոչ անպայման սուրբ (սրբակյաց վանականներից ոմանք էլ անցել են տոնելի սրբերի շարքը` Գր. Նարեկացի` X դ., Հովհան Որոտնեցի` XIII դ., Գրիգոր Տաթևացի` XIV-XV դդ.):

Տարբեր եկեղեցիներում «սուրբ» են հռչակվել նաև այն հոգևորականները, հայրապետները, աշխարհիկները, պետական գործիչները, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են քրիստոնեական հավատի պահպանմանն ու տարածմանը, նաև մեծ հետք թողել ազգային կյանքի տարբեր ասպարեզներում: Որևէ մարդ չի կարող «սուրբ» կոչվել ըստ մարդկային չափանիշների և կամ ինքն իրեն սուրբ հռչակել: Սուրբը Եկեղեցու կողմից սրբացված անձն է, ում Աստված է սրբացնում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի երկու դասի սրբեր՝ հռչակված կամ տոնելի (Եկեղեցու «Տոնացույց»-ում ներառված) և պաշտվող (չներառված): Հռչակված սրբերը հիշատակվում են օրվա ժամերգությունների և Սուրբ Պատարագի ընթացքում: Պաշտվող սրբերը եկեղեցում հիշվում են սրբոց օրերին՝ ընթերցվում են համապատասխան հատվածներ «Հայսմավուրքից» («Նահատակների գիրք», «Վարք սրբոց»): Բնականաբար, կան սրբեր, որոնք անհայտ են մնացել: Այդ պատճառով Հայաստանյայց Եկեղեցին տոնում է «Բոլոր սրբերի օրը», որի ընթացքում հիշատակվում են «ծեր և երիտասարդ, հայտնի և անհայտ» սրբերը: Սրբերի հիշատակին նվիրված օրերն ու պահքերը սահմանվում են համապատասխան եկեղեցու «Տոնացույց»-ի:

Մեզանում տոնվող սրբերը ժամանակային առումով վերցված են Հին և Նոր Կտակարաններից և քրիստոնեության, առավելապես, վաղ շրջանի (մինչև V դար) Եկեղեցու պատմությունից: Իսկ Քաղկեդոնի ժողովից (451 թ.) և Ընդհանրական Եկեղեցու բաժանումից հետո սրբադասվածները գերակշիռ կերպով Հայ Եկեղեցու հետևորդներ են:

Աստված մարդուն բարձրացնելու համար տվեց Իր Որդուն, ուղղորդեց մարդկանց դեպի փրկություն, և, որպես մշտապես շոշափելի ներկայություն, ցույց տվեց սրբերին, Քրիստոսի ճամփով քայլող մարդկանց՝ իբրև օրինակներ՝ գիտակցելու, որ սրբությունը անհասանելի բան չէ: Այն հասանելի, իրական կատեգորիա է անգամ այսօրվա մարդու համար, և որ միայն ցանկություն և աշխատանք է պահանջում: Արդարև, այն եկեղեցին, որը դադարել է սրբեր ծնել` դադարել է կենսունակ եկեղեցի լինել:

Պատրաստեց Նոննա Սարգսյանը
Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ