Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը

Դյուցազներգություն, այո՛, և ոչ ողբերգություն:
Սև են լուրերը, որ մեր երկրեն կուգան,
Ավելի սև, քան հավաքված սևությունը բոլոր գիշերներուն,
Որ աշխարհի ծնունդեն ի վեր արևն սքողեցին…
Գետերը հիմա կարմիր են հոն` մեր մարտիրոսներուն արյունովը,
- Կարծես պողոտաները Մահվան` ծածկած վարդերով ցավագին,
Դաշտերը հիմա ճերմակ են հոն` շեղջակուտմամբը մերկ դիակներուն,
- Կարծես պարտեզները Մահվան` դալկասուգ շուշաններով ծաղկազարդ:
Լիճերը հոն մեծ աչքեր են դարձած` արցունքով լեցուն,
Որ իրենց շուրջը տիրող ամայության վրա կուլան:
Լեռները, իրենց ոտքերը կատարված ոճիրներեն դողահար,
Խելահեղ հովերով իրենց սարսափը կաղաղակեն աշխարհի չորս ծագերուն,
Ու կցցեն, կերկարեն իրենց ալևոր գլուխները թափուր միջոցին մեջ,
Փնտրելով Աստվածը, որ պիտի գա լուծել վրեժն այդ անմեղներուն…
Աշխարհ ամբողջ, Արհավիրքի տիրապետության տակ կքած,
Կցնցվի այս գերագույն արհավիրքեն, որ իր մեծությամբը կգերազանցե բոլոր սխրագործությունները չարին.
Աշխարհ ամբողջ, զարհուրած, նայվածքները կդարձնե դեպի հոն, ու բոլոր բերանները կգոչեն` "Անօրինակ ողբերգություն, մեծագո՛ւյնը ողբերգությանց…"
Ես կըսեմ` դյուցազներգություն ու մեծագո՛ւյնը դյուցազներգությանց:
Ու եթե չեք հավտար, պահ մը ձեր աչքերը փակեցեք ներկա ժամու տեսարանին,
Եվ դարերու անհուն կտավին վրա տեսեք պարզվիլը հերոսական վեպին, զոր այդ ժողովուրդը հոն գծած է:
Ահա հինավուրց օրերը պատմության առավոտին.
Արևմուտքի ցեղ մը կբաժնըվի հելլենական հողերուն արծաթափայլ ափունքներեն,
Ծովը կանցնի, ոտք կդնե հողին վրա մռայլ Ասիո,
Կքալե արկածախնդիր ու խրոխտ գնացքով մը,
Ու կերթա մինչ դյութական ափունքը Վանա մեծ լճին`
Գեղեցկագույն ծաղիկներով ու հնագույն ավանդավեպերով զարդարված,
Մինչև ոտքը վեհաշուք Արարատին, սպիտակահեր նահապետին, որ Արևելքին կնախագահե,
Հան կկանգնե իր վրանը,
Կհավաքե իր շուրջ և կձուլե իր մեջ
Բնիկ ժողովուրդները, որոնց վաղնջական արությունը
Կմարտնչեր դարերե ի վեր արյունռուշտ Ասորեստանին դեմ,
Ու կըսե` "Այստեղ է իմ տունս,
Այստեղ պիտի կատարեմ իմ առաքելությունս,
Բարբարոսներուն քարոզել Արևմուտքի ազատ ոգին,
Արևմուտքին ծանոթացնել մոգություններն Ասիո–
Մինչև այն օրն, ուր Արևելք ու Արևմուտք
Ազատության հաղթական լույսին մեջ եղբայրանան":
Եվահա կծնի ազգը` ուղեղով Արևմուտք, սրտով Արևելք,
Թվով փոքր, ճակատագրով մեծ,
Փառավոր, այլև դժնդակ գործի մը կոչված:
Բոլոր բռնակալությունները կուգան անոր վրա հարձակիլ,
Բոլորը, խավարչտին Ասիայեն, տիրամոլության հին վառարան,
Ու նույնիսկ Եվրոպայեն, Ազատության հայրենիք,
Բոլոր բռնակալությունները, ինչպես կոհակներ ահագին,
Կուգան զայն ընկլուզել, հետո կընկրկին, կցրվին, կցնդին:
Եվ այն կվերևնա, միշտ կենդանի, ինչպես ժայռ մը անխորտակելի:
Հսկա կայսրությունները կփլչին անոր շուրջը,
Անոր առույգ բազուկը, անխոնջ,
Կպահպանե, կվերաշինե, կհավերժացնե պապենական տունը:
Եվ ահա կծագի արշալույսը Նոր Աշխարհին.
Արարատը, որ ատենով տապանն ընդունեցավ,
Կընդունի նոր այգուն ճառագայթներն առաջին,
Ավելի մեծ քարն իր Մեծ Տիգրանը, որ իր մականին տակ խոնարհեցուց Արևելքը բովանդակ,
Կանգնեց ոստան մը հզոր` հելլեն արվեստով համակ պճնված,
Ու միայն Հռոմեն պարտվեցավ,
Ավելի մեծ քան իր հերոսները բոլոր,
Որ, տոհմական թագը գլուխնին,
Պատերազմին դաշտին վրա ցեղին արիությունը պանծացուցին,
Ավելի մեծ եղավ այդ ժողովուրդն ինքն իսկ, երբ առաջինը` ժողովուրդներուն մեջ,
Իր արքաներեն մեկուն ճակտին վրա ցցեց
Խորհրդանշանը եղբայրության և ազատության կրոնքին,
Զոր պղատոնական ոգին հղացավ և զոր Գալիլեացին աստվածայնորեն ապրեցավ,
Նշանը սիրո և արդարության,
Պատկերը ոգեկան ուժին,
Որ կկանգներ, ինչպես արևը խավարին դեմ,
Ընդդեմ հին աշխարհի վարդապետությանց`
Բիրտ Ուժի երկրպագու,
Ատելության և անարդարության վրա հիմնված:
Եվ ահա, այնուհետև, բոլոր հերոսներն Ասիո,
Որ, ինչպես ամպեր մրրկածին, կարկուտով ուռած և կայծակներով բեռնավոր,
Այդ ցեղին վրա կխուժեն…
Երկար ատեն այն կմաքառի ու ամբողջ աշխարհի մը կդիմադրե,
Կմաքառի ու նոր Գաղափարը կպաշտպանե,
Կտառապի տառապանքն ամբողջ, ու կդիմանա.
Իր հոշոտված մարմինը կփլչի հուսկ ապա, բայց հոգին կմնա անվթար.
Ան պաշարված, ընկլուզված է խավարով, բայց իր ներքին լույսը կմնա անշեջ.
Ան կկրե բոլոր մահերն ու չի՛ մեռնիր:
Ուրիշ ժողովուրդներ իր շուրջը գլուխ կծռեն Բռնության,
Իրենց հոգին կծախեն, իրենց կրոնքը կուրանան,
Տառապանքե զերծանելու համար տիրող ցեղերուն հավատքը կընդգրկեն,
Կտարափոխվին ու կայլասերին.
…Ան իր ինքնության դեմ դավաճանելեն նախամեծար կհամարի մարտիրոսությունը,
Ու տառապանքին մեջեն կսպասե արդարության ապագային,
Կը սպասե անոր, վստահ իր հարությանը
Եվ ամբողջ աշխարհի մեջ ազատության հաղթանակին…
Սուրը փշրված է ձեռքին մեջ,
Բազուկները ծանրաբեռնված են շղթաներով,
Զանիկա ստրուկ են դարձուցած,
Ու զայն կծաղրեն,
Կարհամարհեն զայն,
Եվ անոր ճակտին քրտինքը բրտորեն կշահագործե,
Բայց ան ստրուկ չէ, քանի որ հոգին մնացած է ազատ:
Իր շղթայակապ ձեռքերովը
Ան գեղեցկություն կստեղծե,
Արևելեքը կպճնե դյութական պալատներով ու տաճարներով,
Զայն նուրբ քանդակներով ու շնորհալի նկարներով կը կիտվածազարդե,
Կհորինե կերպասներ, ուր լուսնի լույսը կարծես սևեռված է,
Ու կապերտներ, ու երազի դրախտներ կհայելանան կարծես,
Ու պատմուճաններ, ուր կփողփողին Արևելքի իրիկուններուն վերջալույսները շքեղ,
Արվեստի պերճությամբ մը պայծառացնե իր բարբարոս տերերուն կյանքը կոպիտ,
Ամենեն աղվոր ծաղիկները, ամենեն մաքուր ու մտերիմ ծաղիկներն իր հոգիին`
Կը պահե, կզարգացնե, կմշակե
Իր հովիտներուն մեկուսացյալ անկյուններուն մեջ, ծոցն իր շինական խրճիթներուն
ամփոփման
Կամ խորը մենավոր բարձունքներու վրա բունված իր վանքերուն,
Ջերմությանը տակ իր արցունքներուն, իր երազներուն և իր հավատքին:
Ո՜վ լուսեղեն հոսումը, մաքուր, ինչպես աղբյուրները լեռներուն,
Իր բանաստեղծությանը, սրտե համակ ժայթքած,
Ո՜վ կենսախայտ ու սիրուն քմայքը սրբազան ձեռնադիրները զարդարող իր երփնագեղ պատկերներուն.
Ո՜վ վսեմ տրտմությունը միստիկական տաղերուն, ճախրանքներն ու վերացումները`
Թևերուն վրա ամենեն հրեշտակային մեղեդիներուն,
Հեռու զազիր տեսարանեն աշխարհի անգթությանց,
Դեպի արդարության Աղբյուրին լույսն անարատ,
Ու վեհաշունչ ողբերը թշվառությանց վրա մարդկային,
Ու ճիչերը գերագույն տառապանքի,
Որոնք, ամենեն սև ժամերուն, կբարձրանան, հեծեծող կոչերով, դեպի
Դատավորը Վերին,
Ուր սրափողումը հույսի պայծառ աղաղակին, Քրիստոս հարյա՜վ,
Որ, խրոխտ հանկերգի մը պես, կանցնի այդ ցավի սաղմոսներուն մեջեն
Ու տիրող աղջամուղջներուն մեջտեղը
Արդարության հաղթանակին ապահովությունը կգոռա,
Ու կաթոգին շնորհը, գողտր մաքրությունը գեղջկական երգերուն,
Ո՜վ անուշ օրորները մայրերուն, լավագույն ապագային տեսիլովը լուսավորված,
Ու հովվերգությունները երիտասարդ սիրտերուն,
Որոնք վարդ բոցովն իրենց տարփանքներուն ամոթխած
Կլուսավորեն թախծագին ստվերն ցեղին ճակատագրին,
Եվ հոգեզմայլ ներբողը
Աստուծմե ստեղծված հրաշահեղց տիեզերքին,
Զոր մարդուն չարությունը դժոխքի փոխած է.
Ամբողջ նվիրական դայլայլ մը ոգեկան սոխակներու,
Որ կթափի, ինչպես ցող մը մաքրագործման և ինչպես անձրև մը օրհնության,
Օդը ժանտահոտ դարձնող ոճիրին ու փտության մեջեն,
Երկրիս վրա թշվառ ու մարդկության վրա ցավատանջ,
Ու երբ կդադրի երգելե,
"Արդարություն" կաղաղակե աշխարհի հզորներուն,
Արդարուիթյուն կհայցե, արդարություն կպահանջե
Աշխարհի ազատ ազգերեն.
Նույնիսկ իր բռնավորներուն
Մեղմ ու համոզկեր լեզվով մը
Կփորձե արդարություն ուսուցանել.
Ու մերթ, մոլեգին պայքարով մը հուսահատ,
Կճգնի զայն ստանալ…
Բազուկը շղթայակապ,
Ուզելով իր կապանքները փշրել,
Կուզե նաև փշրել կապանքները, ավելի ծանր,
Որ կկաշկանդեն ու կանդամալուծեն հոգին իր բռնակալներուն.
Լույս կուզե ամենուն համար,
Ազատություն Արևելքին համար բովանդակ,
Արդարություն աշխարհի համար ամբողջ:
Թանձր անգթությունը գազանասիրտ բարբարոսներուն
Կրկնապատկված մոլեգնությամբ զինքը կկոխոտե…
Աշխարհ անտարբեր անոր նահատակումը կդիտե.
Աշխարհ զայն չի ճանչնար, աշխարհ զայն չի հասկնար…
Նույնիսկ ազատ ազգերը,
Եսականության գեշ գինիովը հարբած,
Կքամահրեն զայն ու կծաղրեն:
(Քանի մը արդարը հոգիներ միայն կլսեն զայն անոր ճիչը,
Զայն կըմբռնեն
Ու եղբայրաբար կհակին դեպի ան, մխիթարելու համար զայն ու պաշտելու…)
Եվ ահա ցնորատեսիլ շվայտությունը Ոճիրին…
Ահա պայծառ արևուն տակ, բաց օդին, օր ցերեկով, խաղաղության ատեն,
Ցուրտ ու հաշշված գործադրումը
Խելագար ծրագրին
Ազգի մը զավակներուն մեծազանգված խողխողմամբ անոր հոգին սպանելու…
Ու քաղաքակիրթ ազգերը
Անշարժ հանդիսատես կըլլան այդ հրեշային սպանդին,
Ինչպես թատրոնի մեջ մարդ խաղ մը կդիտե…
Այսօր ոճիը զոր անպատիժ թողուցին,
Տարապայմանորեն աճած, մեծցած, բազմապատկված,
Կսպառնա աշխարհիս…
Չարը, խրախուսված, փաղաքշված, շողոմված,
Կուզե հիմա իր տիրապետությունը տարածել
Մարդկության վրա բովանդակ…
Ահա անկարեկիր հանդիսականները իրենք իսկ հարձակման ենթարկված,
Որ զինվոր են հիմա,
Որպեսզի պայքարին գունդերուն դեմ դահիճներուն,
Որպեսզի սանձեն Ոճիրը,
Որպեսզի Չարը զգետնեն…
Եվ անսահման բանակին մեջ Ազատության զինվորներուն
Կտեսնվի խումբ մը քու զավակներուդ, ո՜վ Հայոց ազգ ալևոր
Որ առաջին կարգին վրա կմասնակցի կռվին…
Եվ անոնց ձեռքերն են, անոնց ձեռքերն են,
Որ կբռնեն դրոշը սուրբ պայքարին…
Սև են լուրերը, որ մեր երկրեն կուգան
(Աղետը, որ այս անգամ գերազանցեց բոլոր աղետներն անցյալին),
Բայց այս սևությունը նվազ սև է, քան սևությունը մարդկային խղճին,
Որ երեկ, կարող ըլլալով գործել, անշարժ մնաց ժողովրդի մը խողխողման հանդեպ…
Եվ աղետը, որ Հայաստան աշխարհն այսօր կհարվածե, նվազ քստմնելի է,
Քան ինչ որ պիտի ըլլար աղետը մարդկության մը որուն մեջ խիղճը մեռած ըլլար ընդմիշտ…
Մեծ ջրհեղեղն է արյան,
Ջրհեղեղը քավումի,
Որ աշխարհը կողողե…
Կոռնան հովերն արհավիրքի,
Ինչպես փողերն աշխարհի կատարածին,
Ու կատարածն է արդարև, կատարածը որ կմոտենա,
Եսականության ու բռնության աշխարհին…
Արթնցեր է ազնվությունը մարդկային,
Կանգներ է իր արիության մեջ համակ,
Որպեսզի ընդմիշտ սպաննե
Մարդկային միսով ապրող
Վաղնջուց վիշապը.
Հեղաշրջումն է վերանորոգիչ.
Մարդկային անասունը պետք է մեռնի
Հարվածներուն տակ Ոգի-Մարդուն.
Ուժին մռայլ շրջանը պիտի փակվի,
Եվ ահա գալուստը պայծառ Բանականության տիրապետումին:
Վաղը, երբ չարը պարտված ըլլա,
Երազված դարագլուխին ծիածանը
Պիտի ծագի.
Ան պիտի ծագի վերստին
Քու վեհափառ Արարատիդ կատարին,
Ո՜վ երկիր ցավի ու հավատքի,
Պիտի ծագի ու տարածվի ու շողա
Նոր մարդկության մը վրա,
Մարդկության մը վրա, Ոճիրին աղետումեն մաքրված
Ու երբ փարատին ամպերն
Այս ահավոր փոթորկին,
Երբ երկիրը շողացնե կապույտ մը անարատ,
- Հովերը այն ատեն պիտի տավիղ դառնան ու վին,
Երգելու համար Հաղթանակը Ոգիին, -
Ազգերը, որ Ազատության համար կկռվին,
Պիտի գան քեզ ողջունել, ա՛զգ Հայոց,
Հինավուրց խորհրդանշան անպարտելի Հոգվույն,
Եվ քու ճակտիդ վրա արյունաթաթավ
Պիտի դնեն դափնին անթառամ…
Այն ատեն դուն պիտի կանգնիս ավերակներուդ մեջեն,
Պիտի ցցվիս դարավոր հերոսուհիի հասակիդ բարձրությամբն ամբողջ,
Եվ քու ծեր ձեռքերդ, քու բարի ձեռքերդ, լայնբաց,
Նորաստեղծ աշխարհը պիտի օրհնեն: