Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Սուրբ Եփրեմ Ասորու վարքի պատմությունը

Սբ. Եփրեմ Ասորին ծնվել է, հավանաբար, չորրորդ դարի սկզբներին Մծբինում՝ Միջագետքի հյուսիս-արևելյան մասի գլխավոր քաղաքում կամ նրա մերձակայքում: Նրա նախնիները, ինչպես վկայում է ինքը, ընչազուրկ էին և ողորմությամբ էին ապրում, պապերն արդեն հողագործ էին և բարեկեցիկ կյանք էին վարում, ծնողները նույնպես հողագործ էին և ազգակցության մեջ էին ոչ երևելի քաղաքաբնակների հետ: Սակայն տոհմի ազնվազարմ չլինելը հատուցվում էր քրիստոնեական առաքինություններով և իրենց որդուն Աստծո երկյուղածությամբ դաստիարակելու՝ ծնողների հոգածությամբ: Ինքը՝ Սուրբ Եփրեմը, խոսում է իր պատանության տարիների մասին. «Ես արդեն պատրաստ էի բարիքի հաղորդությանը, հայրերից հորդորներ էի ստացել Քրիստոսի մասին: Ծնողներս ներշնչել էին Աստծո երկյուղը: Ես տեսնում էի բարեպաշտ կյանքով ապրող հարևաններիս, լսում էի Քրիստոսի համար տառապած շատ մարդկանց մասին, հայրերն իմ ներկայությամբ խոստովանում էին նրան դատավորի առջև, ես նահատակների բարեկամն եմ»: Դեռևս Եփրեմի կյանքի առաջին տարիներին Աստված ցույց տվեց մանկան գալիք մեծությունը նշանակալից տեսիլքում կամ երազում, որի պատճառով էլ նա, հավանաբար, անվանվեց Եփրեմ, այսինքն՝ պտղաբեր:

Բացահայտվեց, որ մանկան լեզվի վրա խաղողի թուփ է աճել, որն, ի վերջո, այնքան աճեց, որ իր ճյուղերով ծածկեց ողջ երկիրը, և այնքան պտղատու էր, որ թռչուններն ինչքան սնվում էին պտուղներով, դրանք այնքան բազմանում էին:

Սակայն պատանության տարիները Եփրեմի համար առանց որոշ խոչընդոտների չանցան: Նա ի բնե կրակոտ և դյուրագրգիռ էր, իսկ պատանի մարմնում երբեմն գրգռվում էին անմաքուր ցանկություններ: Հետագայում ինքը՝ Եփրեմը, այդ գծերով է ներկայացնում իր պատանության առաջին տարիները, թեպետ, անկասկած, նրա նկարագրության մմեջ չի կարելի չնկատել այն խոր հեզությունը, որը նրա բնավորության առանձնահատկությունն էր, երբ վանականություն ընդունեց. «Դեռ երիտասարդ տարիներին, - ասում է նա իր «Խոստովանանքում», - ես երդում տվեցի, սակայն այդ կարճ տարիների ընթացքում ես չարախոս էի, գժտեցնում էի ուրիշներին, վիճաբանում էի հարևաններիս հետ, նախանձում էի, տարօրինակ մարդկանց հանդեպ անմարդկային էի, ընկերներիս նկատմամբ սաժան էի, աղքատների հետ կոպիտ էի վարվում, անկարևոր բաների պատճառով վեճի մեջ էի մտնում, անխոհեմ էի վարվում, աղտեղի մտահղացումների և անառակ մտքերի էի տրվում նույնիսկ ոչ մարմնական գրգռվածության ժամանակ»: Իսկ երիտասարդ, դեռ անհաս խելքի հարցախուզությունը, որը ջանում էր ըմբռնել այն, ինչն իր ուժերից վեր էր, կամ երիտասարդական թեթևամտությունը նրան որոշ կասկածների հանգեցրին Աստծո նախախնամության վերաբերյալ: «Պատանության օրերին, երբ ես դեռ աշխարհիկ կյանքով էի ապրում, թշնամին հարձակվում էր ինձ վրա, այդ ժամանակ իմ պատանությունը ինձ համարյա թե հավատացրել էր, որ կյանքում մեզ հետ կատարվող ամեն բան պատահական է: Ինչպես անղեկ նավը, չնայած որ նավավարը կանգնած է նավախելին, հետ է ընթանում, կամ բնավ տեղից չի շարժվում, իսկ երբեմն էլ խորտակվում է, եթե հրեշտակը կամ մարդը նրան օգնության չի հասնում, այդպես էր լինում նաև ինձ հետ»: Բայց Աստծո նախախնամությունը տատանվող պատանուն անխրատ չթողեց, և հետագա իրադարձությունները, որոնց մասին ինքը՝ Եփրեմն է պատմում մեծ վշտով, նրա համար խրատական դաս եղան Աստծո նախախնամության մասին և նախապատրաստեցին նրա անցումը նոր ապրելակերպի:

Մի անգամ՝ ծնողների հրահանգով քաղաքից դուրս ուղևորվելիս, Եփրեմն ուշացավ ու անտառում մնաց հովվի հետ գիշերելու: Գիշերով գայլերն հարձակվեցին հոտի վրա և ոչխարներին պատառոտեցին: Երբ հովիվը հոտի տերերին հայտնեց այդ մասին, նրանք չհավատացին և Եփրեմին մեղադրեցին, թե իբր նա գողերի է բերել, որոնք էլ հենց հափշտակել են ոչխարները: Եփրեմը կանգնեց դատավորի առաջ. «Ես արդարանում էի, - ասում է նա՝ պատմելով թե ինչ է կատարվել: Ինձանից հետո բերեցին ևս մեկին, ով բռնվել էր մի կնոջ հետ շնանալիս, իսկ վերջինս փախել ու թաքնվել էր: Դատավորը, ընդհատելով գործի քննությունը, երկուսիս միասին բանտ ուղարկեց: Բանտարկության մեջ մենք գտանք մի հողագործի, որ կալանատուն էր բերվել սպանության համար: Բայց ինձ հետ բերվածը շնացող չէր, և հողագործն էլ՝ մարդասպան, ինչպես ես՝ ոչխարների հափշտակիչ: Մինչդեռ մշակի գործով պահպանության տակ էր առնված մեռածի մարմինը, իմ գործով՝ հովիվը, իսկ շնացողի գործով՝ մեղավոր կնոջ ամուսինը. այդ պատճառով նրանց պահում էին մեկ այլ տան մեջ: Այնտեղ յոթ օր անցկացնելուց հետո՝ ութերորդ օրը, երազում տեսա, որ ինչ-որ մեն ինձ ասում է. «Բարեպա՛շտ եղիր և կհասկանաս Նախախնամությունը. մի՛՛տք արա, թե ինչի՞ մասին էիր դու մտածում և ի՞նչ էիր անում և քո օրինակով կհասկանաս, որ այդ մարդիկ տառապում են ոչ անարդարացիորեն, բայց պատժից չեն խուսափի նաև մեղավորները»: Այդպես, արթնանալով ես սկսեցի մտորել տեսիլքի մասին, և, փնտրելով իմ զանցանքը՝ հիշեցի, որ մի անգամ, լինելով այդ գյուղի դաշտում, գիշերվա կեսին չար մտադրությամբ ես դուրս քշեցի փարախից մի աղքատ օտարականի կովը: Կովը ցրտից և հանգիստ չգտնելուց ուժասպառ էր եղել, այդտեղ գազանը վրա էր հասել և քրքրել էր նրան: Հենց որ ինձ հետ կալանավորվածներին պատմեցի այդ երազը և իմ մեղքը, նրանք, հետևելով իմ օրինակին, սկսեցին պատմել իրենց հետ կատարվածը, շինականը, որ տեսել էր գետում խեղդվող մի մարդու, և կարող էր նրան օգնել, սակայն չէր օգնել, իսկ քաղաքաբնակը՝ այն մասին, որ միացել էր մի կնոջ մեղադրողներին, ում զրպարտել էին անհավատարմության մեջ.«Այդ կինը, - ասում էր նա, - այրի էր, եղբայրները, նրա վրա այդ մեղքը բարդելով, նրան զրկեցին հայրական ժառանգությունից՝ ըստ պայմանավորվածության դրա մի մասը տալով ինձ»: Այդ պատմությունների ընթացքում ես տրտմության մեջ ընկա, քանզի դրանում ինչ-որ ակնհայտ հատուցում կար: Եւ եթե այդ ամենը պատահեր միայն ինձ հետ, կարելի էր ասել, որ այդ ամենը ինձ հետ պատահել էր մարդկային պատճառներով: Բայց մեզ երեքիս էլ բաժին էր ընկել միևնույն ճակատագիրը: Եւ ուրեմն, կա ոմն չորրորդը՝ վրիժառուն, ով ազգակից չէ զուր անարգանք կրողներին և ծանոթ չէ մեզ, որովհետև ո՛չ ես, ո՛չ նրանք երբեք չէինք տեսել նրան, քանի որ կալանավորվածներին նկարագրել էի երազիս մեջ ինձ հայտնվածի արտաքինը: Մի ուրիշ անգամ քնեցի և տեսա, որ նույն մարդը ասում է ինձ. «Վաղը կտեսնեք նրանց, ում պատճառով անարգանք եք կրում, և կազատվեք ձեզ վրա բարդված զրպարտանքից»:

Հաջորդ օրն իրոք Եփրեմի և և մյուս բանտակիցների հետ քաղաքապետին ներկայացվեցին զանազան ոճիրներում մեղադրվող ևս հինգ հոգի: Դրանցից երկուսը զրպարտյալ այրիի եղբայրներն էին, որ զնդան էին նետվել իրենց գործած այլ ոճիրների համար, իսկ մնացյալ երեքը մեղավոր չէին այն բանի համար, ինչի համար զնդան էին նետվել, բայց, ինչպես իրենք խոստովանեցին Եփրեմին, մեղավոր էին սուտ վկայություն տալու համար: Այդ բոլոր գործերի քննությունը չէր կարող շուտ ավարտվել: Եւ այդ ժամանակ մի այլ դատավոր նշանակվեց: Նոր դատավորը ծանոթ էր Եփրեմի ծնողներին և իրեն, բայց Եփրեմը նրան ճանաչեց ոչ միանգամից: Այն օրվա նախօրեին, երբ բոլոր կալանավորները պետք է դատի կանգնեին նրա առջև, Եփրեմը դարձյալ տեսավ երազի մեջ խոսողին. «Հաջորդ օրը դու կազատվես, իսկ մյուսներն արդարացի դատաստանի կարժանանան, ուրեմն, հավատացյա՛լ եղիր և ավետի՛ր Աստծո նախախնամությունը»: Իսկապես, հաջորդ օրը դատավորը քննեց մեղադրյալների գործերը, սխալմամբ կամ արամտությամբ զնդան նետվածներին անմեղ ճանաչեց, իսկ հանցանքի մեջ բռնվածներին կամ չարագործությունը խոստովանողներին տվեց գազաններին կեր: «Դատավորը, - ասում է Եփրեմը, - հրամայեց ինձ էլ մեջտեղ բերել:

Չնայած նրան ինձ հետ կապում էր ազգակցությունը, սակայն նա սկսեց տեղեկանալ գործին ըստ կարգի և փորձում էր ինձնից իմանալ, թե ինչպես էր եղել ոչխարների հետ կապված պատմությունը: Ես ճշմարտությունն ասաց, ինչպես որ եղել էր: Ճանաչելով ինձ ձայնից և անունից՝ հրամայեց ծեծ տալ հովվին՝ ճշմարտությունն իմանալու և չասելու համար, իսկ ինձ ազատեց մեղադրանքից յոթանասուն օր անց: Իսկ դատավորի հետ ծանոթությունը նրանից էր, որ ծնողներս ապրում էին քաղաքից դուրս, այդ մարդուն դաստիարակողների հետ, և ես էլ էի ժամանակ առ ժամանակ մնում նրա մոտ... Դրանից հետո՝ հենց նույն գիշերը, տեսնում եմ նույն այրին, և նա ինձ ասում է. «Դարձի՛ր քո տեղը և ապաշխարի՛ր խաբեության համար՝ համոզվելով, որ կա ամենայն ինչ հսկող Աչք»: Եւ ինձ խիստ սպառնալիքներ տալով՝ նա հեռացավ. այդ ժամանակվանից զայսօր նրան չեմ տեսել»:

Եփրեմը հավատարիմ մնաց երազի մեջ հայտնվածի խրատին: Դեռևս զնդանում երդվելով իր ողջ կյանքը նվիրել ապաշխարանքին՝ նա շուտով թողեց աշխարհիկ կյանքն ու հեռացավ մերձակա լեռները՝ ճգնակյացների մոտ: Ի դեպ, հասուն տարիքում էլ նա չէր դադարում ապաշխարել պատանության տարիներին գործած մեղքերի համար և ուրիշներին էլ խնդրում էր աղոթել Աստծուն՝ ներման համար: Ճգնակեցական կյանքը վաղ տարածում գտավ մծբինեցի քրիստոնյաների շրջանում: Մերձակա սարերում (Սինջար) ճգնավորների համար կացարան էին ծառայում այրերը, հողում ազատ աճող բույսերն ու պտուղները նրանց կերակուր էին դառնում, նրանց մշտական զբաղմունքը աղոթքներն էին ու Աստվածիմացության ճգնությունները, որոնք չէին ընդհատվում աշխարհիկ աղմուկով և ունայն գործերով: Երանելի Անտոնիոս Աոնի աշակերտը կամ Եվգենիոսը Եգիպտոսի անապատներից ճգնակեցական կյանքի առաջին օրինակը բերեց Հռոմեական կայսրության ծայրագույն արևելք և շուտով այստեղ գտավ շատ ու շատ հետևորդների: Դրանց թվին էր պատկանում և Սուրբ Հակոբը՝ Մծբինի եպիսկոպոսը, ով նույնքան հայտնի էր իր ճգնակեցական սխրանքներով և հրաշքներով, որքան և քրիստոնեական ճշմարիտ հավատի տարածման եռանդով:

Պարսկաստանում քրիստոնեության տարածման համար նա ուղևորվում է այդ երկիր, որը սահմանակից էր Մծբինին, իսկ ուղղափառներին արիոսականների դավային ուսնժմունքից պաշտպանելու համար գրում է հերքումներ, որոնց հղումներ է անում սուրբ Աթանաս Ալեքսանդրացին: Արդարակյաց Եփրեմը շուտով դառնում է սուրբ Հակոբի աշակերտը ր անապատական կյանքի կանոնների խիստ իրագործողը, որոնք սրբազանը սրբորեն էր պահպանում նաև աղմկոտ քաղաքում: Զնդանում կալանվելու դժբախտ պատահարը մեծ փոփոխություն կատարեց Եփրեմի կյանքում: Ջերմեռանդ, բայց զայրացկոտ, հետաքրքրասեր, բայց կասկածներից տարուբերվող պատանու փոխարեն Եփրեմը դառնում է խոնարհ և մորմոքուն անապատական, որ օրնիբուն ողբում է իր մեղքերը և երկյուղածությամբ ուսանում Տիրոջ օրենքը: Սուրբ Հակոբի օրինակը լրացրեց նրա արժանի աշակերտի հոգևոր կրթության պակասը: Եւ արդեն այդ ժամանակ մենք Եփրեմի մեջ տեսնում ենք կատարյալ հնազանդությունը նախախնամության ուղիներին և ճշմարիտ ճգնակեցական հաստատակամությունը գայթակղությունները հաղթահարելիս: Մծբինի եկեղեցու կղերականների մեջ կար Եփրեմ անունով ևս մի մարդ: Երկյուղելով Մծբինի երևելի քաղաքացիներից մեկի աղջկա հետ իր հանցավոր կապի մերկացումից՝ նա սովորեցրեց իր մեղսակցուհուն, որ երբ հանցանքի հետքերն ակնառու դառնան, նե մեղքը բարդի եպիսկոպոսի աշակերտ Եփրեմի վրա, ով իր բարեպաշտության համար արդեն վաստակել էր շատերի սերն ու հարգանքը: Աղջիկն այդպես էլ վարվեց: Երբ արդեն անկարելի էր թաքցնել պատվազրկությունը, նա որպես իր խայտառակության մեղավորի, իր ծնողներին մատնացույց արեց արդարակյաց Եփրեմին: Շուտով այդ լուրը տարածվեց քաղաքով մեկ, և աղջկա ծնողները շատ ուրիշների հետ դիմեցին եպիսկոպոսին՝ մեղադրելով նրա աշակերտին: Սուրբ ծերունին, չկասկածելով աշակերտի անկեղծ բարեպաշտությանը, չցանկացավ մեղադրանքին հավատալ առանց Եփրեմի խոստովանանքի: Եփրեմը, որ արդեն անձնական փորձով սովորել էր չընդդիմանալ գայթակղություններ հարուղոց Նախախնամության սահմանած ճակատագրին, ընկավ եպիսկոպոսի ոտքերի առաջ և մորմոքուն ձայնով ասաց. «Իսկապես, հա՛յր իմ, ես մեղք եմ գործել»: Դրանից անմիջապես հետո աղջկա հայրը եպիսկոպոսի մոտ բերեց մանկանը և կղերականների ողջ ժողովի ներկայությամբ մանկանը հանձնեց Եփրեմին՝ ասելով. «Ահա՛ քո որդին, դաստիարակի՛ր նրան»: Ասես իրոք մեղավոր լիներ, նա դառն արցունքներով վերցրեց մանկանն ու ամենքի ներկայությամբ ասաց. «Հայրե՛ր իմ, ես իրոք մեղք եմ գործել»: Սակայն Աստված, փորձելով Եփրեմի հնազանդությունն ու հաստատակամությունը գայթակղությունները հաղթահարելիս, նրան միաժամանակ նաև միջոցներ ընձեռեց՝ գայթակղությւոնից նրա հնազանդությաննն արժանի փառքով դուրս գալու համար: Նա անտրտունջ տառապյալին ներշնչեց, որ իր առաքինությունը մարդկանց աչքերում չպետք է մնա մեղքի անարգանքով մթագնած, և հենց ինքը նպաստեց մեղավորի մերկացմանը: Մի անգամ, երբ ժողովուրդը խմբվել էր տաճարում ժամերգության համար, եկավ և Եփրեմը մանկան հետ և եպիսկոպասից բեմ բարձրանալու իրավունք ստանալով՝ մանկանը վեր բարձրացրեց և նրան ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երդվեցնում եմ քեզ, հայտնի՛ր ճշմարտությունը, ասա՛՝ ո՞վ է քո հայրը»: Մանուկը պատասխանեց. «Եփրեմը՝ եկեղեցու տնտեսը»: Երիցս այդ ասելով՝ մանուկը մահացավ: Այդժամ արցունքն աչքերին արդարակյաց Եփրեմից ներողություն էին խնդրում բոլոր նրան մեղադրողները, և այդ ժամանակվանից նրա սրբակյացության փառքն ավելի տարածվեց:

Սուրբ Հակոբը, ով ամենից լավ գիտեր իր աշակերտի մեծ արժանիքների մասին, նրան իր հետ տարավ Նիկիա՝ Առաջին տիեզերական ժթղովին մասնակցելու համար (325թ.), որի հավատո հանգանակի աստվածիմաստուն շարադրանքը վիճակվեց պաշտպանել Եփրեմին՝ ընդդեմ սուտ ուսուցիչների: Մոտ տասներկու, թե տասներեք տարի նա շարունակ օգտվում էր իր եպիսկոպոսի խրատներից: Նրա ղեկավարությամբ վարժվելով վանականի վարքին և սխրանքներին, խստապահանջ պահքով և աղոթքներով մաքրելով իր հոգին՝ նա միաժամանակ ջանադրորեն ուսումնասիրում էր Աստծո խոսքը: Թե նա որքան խորն էր գիտակցում քրիստոնեական կյանքի և Աստծո խոսքի իմացության միջև եղած կապը, ցույց է տալիս նրա խրատներից մեկը. «Բնությունը, - ասում է նա, հողն է, որը մշակում ենք, արտադրանքը երկրագործն է, իսկ Աստվածային գրքերը՝ խորհրդատուները և ուսուցիչներն են, որոնք մեր երկրագործին ուսւոցանում են, թե ո՛ր արատավոր ունակություններն արմատախիլ անի և ո՛ր առաքինություններն աճեցնի: Որքան էլ մեր երկրագործը սթափ և ջերմեռանդ լինի, միևնույն է, առանց Աստվածային Գրքերի ուսմունքի նա ո՛չ ուժեղ կլինի, ո՛չ էլ բանիմաց, քանզի Սուրբ Գրքի օրինադրությունը նրան ուժ և ըմբռնողություն է պարգևում, իր սեփական ճյուղերից տալով նաև պտղաբեր առաքինություններ, որպեսզի դրանք պատվաստի բնության ծառին, հավատը՝ անհավատությանը, հույսը՝ անհուսությանը, սերը՝ ատելությանը, գիտելիքը՝ անգիտությանը, ջանասիրությունը՝ անփութաջանությանը, փառքն ու գովաբանությունը՝ անփառունակությանը, անմահությունը՝ մահացությանը, Աստվածությունը՝ մարդկությանը»: Սրբակյաց Եփրեմն իր ուսուցչից հեռացավ միայն այն ժամանակ, երբ նա լքեց աշխարհը: Մծբինի հոգևոր հովվի վերջին բարեգործությունն իր քաղաքին, որը կատարվեց պարսից Շապուհ Երկրորդ արքայի արշավանքի ժամանակ, ժողովրդի հիշողության մեջ նույնպես վերագրվում է Եփրեմին՝ Սուրբ Հակոբի աշակերտին: Պարսից արքան՝ լսելով Կոստանդին կայսեր վախճանի մասին (337թ.) և ենթադրելով, որ նրա ժառանգորդները թուլացել են, մտադրվեց գրավել սահմանապահ Մծբին ամրոց-քաղաքը: Սուրբ Հակոբն իր աղոթքներով և կարգադրություններով ոգևորում էր ամենքին: Իսկ նրա աշակրտ Եփրեմը, ստանալով եպիսկոպոսի օրհնանքը, ելավ քաղաքի պարսպի վրա և իր աղոթքով պարսից բանակի վրա բազում միջատներ բերեց: Պարսից ճամբարում ամեն բան իրար խառնվեց: Ե՛ւ կենդանիները, և՛ մարդիկ չգիտեին, թե ինչպես պաշտպանվեին բազում թշնամիների հարձակումներից: Շապուհը ստիպված եղավ անմիջապես վերացնել պաշարումը և առանց հաջողության վերադառնալ իր երկիրը:

Սուրբ Հակոբի մահվանից հետո (338թ.) Եփրեմն այցելեց իր մոր հայրենիքը՝ Ամիդ քաղաքը, որը նույնպես Միջագետքում էր գտնվում, և այնտեղ կարճատև հանգրվանելուց հետո ճամփորդություն ձեռնարկեց դեպի Եդեսիա: «Նրան այնտեղ ձգում էր, - ասում է Սուրբ Գրիգոր Նյուսացին, - այնտեղի սրբությանը ծնրադրելու ցանկությունը, իսկ ամենից առաջ՝ ցանկությունը գտնելու մի գիտուն այրի, ումից նա կարող էր ստանալ, կամ ում կարող էր հաղորդել իմացության պտուղը»:

Եդեսիան քրիստոնեության տարեգրություններում փառաբանված էր հրեաներից հալածյալ մեր Տեր Հիսւոս Քրիստոսին այնտեղ ընդունելու՝ այդ քաղաքի իշխան Աբգարի ջանադրությամբ: Այնտեղից հայտնի դարձավ Քրիստոսի անձեռակերտ պատկերը: Այնտեղ էր թաղված հենց ինքը՝ ավետաբեր Թադեոս առաքյալը, ով հավատով լուսավորեց Աբգարին: Քրիստոնեական հավատն այստեղ առավել շատ հետևորդներ ուներ, քան Հռոմեական կայսրության շատ այլ քաղաքներում, և Դիոկղետիանոսի օրոք՝ քրիստոնյաների վերջին հալածանքների ժամանակ, նրանք ապաստան էին փնտրում Եդեսիայում, քանի որ կայսրության մնացյալ երկրամասերում նրանց հալածում էին:

Եդեսիայի բարեպաշտության փառքն էր վկայում նաև այն, որ այդ քաղաքի մերձակայքում ծաղկում էր վանական կյանքը:

Եդեսիան Միջագետքի քաղաքների մեջ հռչակված էր նաև իր լուսավորությամբ: Չգիտենք, թե հատկապես ո՞ր գիտուն մարդն էր ուզում այնտեղ տեսնել Սուրբ եփրեմը և արդյո՞ք գտավ նրան, բայց նա կարող էր այնտեղ հանդիպել մարդկանց, ովքեր ծանոթ էին և՛ Սուրբ Գրքին, և՛ զանազան գիտությունների: Նրա՝ Եդեսիա ժամանելուց ոչ շատ առաջ այնտեղից հեռացել էր ոմն Եվսեբիոս, ով հռչակված էր իր կրթվածությամբ և հետագայում ղեկավարում էր Եդեսիայի ամբիոնը:

Եվսեբիոսը սերում էր Եդեսիայի մի ազնվական ընտանիքից: Երիտասարդ տարիներին, ըստ հայրենական ավանդույթի, ինչպես գրում է Սոզոմենոսը, նա ուսումնասիրում էր Սուրբ Գիրքը, իսկ դրանից հետո այցելելով տեղի ուսւոցիչներին՝ նաև այն գիտությունները, որոնք դասավանդվում էին հելլենացիների մոտ: Արդարակյաց Եփրեմը ցանկություն չուներ ծանոթանալու հելլենական, հեթանոսական իմաստությանը. Նրա մշտական հոգևոր պարապմունքների նպատակը Սուրբ Գրքի ուսւոմնասիրությունն էր:

Մոտենալով քաղաքին՝ Եփրեմն Աստծուց խնդրեց, որ Նա իրեն հանդիպեցնի մի մարդու, ում հետ իր հոգու օգտավետության համար կարողանա զրուցել Սուրբ Գրքի թեմաներով: Սակայն քաղաքի դարպասների մոտ նա հանդիպեց մի կնոջ, ում արտաքինը մատնում էր նրա չարակամ կյանքն ու ամոթալի վարքը:

Այդ հանդիպումից շփոթահար եղած՝ Եփրեմը մտածեց, որ Աստված չանսաց իր աղոթքներին: Այդ միջոցին նրան ընդառաջ եկող կինը կանգնեց և սևեռուն նայեց նրան: Դա Եփրեմին ստիպեց դիմել նրան այսպիսի կշտամբիչ խոսքերով. «Ինչո՞ւ դու, ամոթը մոռացած, գլուխդ չես կախում և գետնին չես նայում, ինչպես վայել է ամոթխած կնոջը»:

Կինը պատասխանեց, որ ինքը պետք է նայի նրան, քանի որ կինը տղամարդուց է վերցված, իսկ նա պետք է ոչ թե իրեն նայի, այլ գետնին, քանզի նա՝ որպես այր, հողից է վերցված: Եփրեմը զարմացավ կնոջ պատասխանի վրա և փառաբանեց Աստծուն, որ մեղավոր կնոջ շուրթերով իրեն խրատեց և ուսուցանեց, որ պետք չէ քամահրել նաև մեղավորներին:

Եփրեմը բնակություն հաստատեց քաղաքում: Խեղճ ճամփորդը շուտով պիտի կրեր իր վիճակի բոլոր անհարմարությունները խառնիճաղանջ ամբողի մեջ, սակայն նա կարողանում էր ամեն ինչից իր համար օգուտ քաղել և ամեն ինչ ծառայեցնել ի բարօրություն ուրիշների: Ստիպված լինելով սեփական ձեռքերով իր հացը վաստակել՝ նա նվաստացուցիչ չհամարեց աշխատանքի անցնել բաղնիքի տիրոջ մոտ: Այն տան հարևանությամբ, որտեղ նա բնակվում էր, մի անբարո կին էր ապրում, ով մի անգամ Եփրեմի հետ անվայել խոսակցության մեջ մտավ՝ կամենալով նրան մեղքի մեջ գցել: Կնոջ առաջին հանցափորձից հետո Եփրեմի խիստ խոսքերը միայն ուժգնացրին այդ կնոջ անամոթությունը: Բայց Եփրեմը, առաջարկելով մեղք գործել քաղաքի մեջտեղում՝ բոլորի աչքի առաջ, այդ կնոջը հենց դրանով հմտորեն ստիպեց ասել, որ նա մարդկանցից ամաչում է, և օգտվեց նրա պատասխանից, որպեսզի նրան դարձի բերի դեպի առաքինության ուղին, և խիստ խոսքերով կարողացավ նրա սրտում արթնացնել ամոթը և Աստծո երկյուղը: «Եթե մենք, - ասաց նա, - ամաչում ենք մարդկանցից, ապա մի՞թե առավել ևս չպետք է ամաչենք և երկյուղենք Աստծուց, Ում հայտնի են նաև մարդկանց էաքուն մտքերը, և Ով Իր ժամանակին կգա դատելու ամենքին և ըստ արժանվույն հատուցելու բոլորին»: Այդ խոսքերից ազդված՝ կինն արդարակյացին խնդրեց իրեն դարձի բերել դեպի առաքինության ուղին և Եփրեմի խորհրդով հեռացավ մոտակա վանքերից մեկը: Եփրեմն այդպես էր ազդում նաև ուրիշների վրա:

Քաղաքում դեռևս կային հեթանոսներ: Աղոթքից և պարապմունքներից հետո ողջ ազատ ժամանակը նա տրամադրում էր հեթանոսների հետ զրուցելուն՝ հոգ տանելով դեպի փրկության ճանապարհը նրանց դարձի բերելու մասին:

Այդպիսի աշխատանքներից մեկի ժամանակ Եփրեմին մի բարեպաշտ ծեր վանական պատահեց քաղաքի մոտակա վանքից: Լսելով նրա զրույցը հեթանոսների հետ՝ վանականը զարմացավ՝ այդպիսի վայրում և այդպիսի մարդկանց մեջ գտնելով մի ճշմարիտ քրիստոնյա իմաստունի, և որոշ դառնությամբ հարցրեց Եփրեմին. «Որտեղի՞ց ես դու, որդյա՛կ»՝ ասես ցույց տալով, որ նա այդ մեղավոր և անհավատ ամբոխի մեջ չպիտի լինի: Եփրեմը նրան պատմեց իր կյանքի պատմությունը: «Ուրեմն ինչո՞ւ, - ասաց նրան վանականը, քրիստոնյա լինելով՝ մնում ես հեթանոսների ամբոխի մեջ, թե՞ մտադիր ես աշխարհիկ կյանքով ապրել» Եփրեմը բացասաբար պատասխանեց, և վանականը նրան խորհուրդ տվեց մտնել Եդեսիայի մոտակա վանքերից մեկը, որը գործում էր մի որևէ իմաստուն վանականի առաջնորդությամբ: Եփրեմը հայտարարեց, որ վանական կյանքն իր միակ ցանկությունն է, և հետևեց վանականին ու սարերը բարձրացավ, որտեղ վանականներ էին բնակվում:

Եդեսիան, ինչպես և Մծբինը, ուներ իր մեծ ճգնավորները, որոնց գլխավոր զբաղմունքն աղոթքն էր, սաղմոսերգությունը և Աստծուն փառաբանելը, ովքեր, բացի քարանձավներից, այլ կացարան չունեին, սովորական կերակուր էլ չէին օգտագործում, այլ սնվում էին բույսերով: Անապատասեր Եփրեմի հոգին շատ շուտով մտերմացավ այդպիսի մարդկանց հետ: Նա ճգնակյացների մեջ գտավ մի ընկեր՝ Հուլիանոսին. Երկուսի խցերը իրար մոտ էին, բայց նրանք ավելի շատ մոտ էին հոգով. Երկուսն էլ մորմոքուն, երկուսն էլ սխրանքների մեջ աննկուն: Գորովաշարժ էր այն ակնածալի մորմոքը, որով կործանման ուղւոց Աստծո վերին օգնությամբ դարձի եկած այդ ծեր վանականը կարդում էր Աստվածաշունչը: «Մի անգամ, - ասում է երանելի Եփրեմը, - մտնելով Հուլիանոսի խուցը՝ տեսա, որ նրա գրքերը ոչ միայն թաց են, այլև այնտեղ, որտեղ պատահում են Աստված, Հիսուս Քրիստոս և Փրկիչ բառերը, տառերը համարյա ջնջված են: Ես հարցրի նրան. «Ո՞վ է այսպես փչացրել գրքերը»: «Քեզանից ոչինչ չեմ թաքցնի, - պատասխանեց Հուլիանոսը, - երբ մեղավոր կինը մոտեցավ Փրկչին, նա արցունքներով լվաց Նրա ոտքերը և իր գլխի վարսերով սրբեց դրանք, այդպես էլ ես, որտեղ գտնում եմ գրված իմ Աստծու անունը՝ ոռոգում եմ արցունքներով, որպեսզի Նրանից ստանամ իմ մեղքերի ներումը»: «Աստված բարեգութ և ողորմած է, - ասացի ես նրան, - Նա կընդունի քո վայելուչ բարեհաճությունը, բայց, - ընկերաբար հավելեցի ես, - խնդրում եմ պահպանել գրքերը»:

Եփրեմն ինքն էլ այրի մենության մեջ չէր դադարում Աստծո խոսքն ուսուցանելուց՝ իմաստություն և գթասրտություն քաղելով դրանից: Սակայն Եփրեմի իմացության գանձերը նրա խոնարհության պատճառով մեծ մասամբ ուրիշներից ծածուկ էին մնում: Շուտով հենց նույն խորաթափանց ծեր վանականը, ով Եփրեմին բերել էր եդեսացի վանականների մոտ, հանձին նրա բացահայտեց աստվածառաք ուսւոցչի: Ծերունին միաբանությանը հայտնեց, որ մի անգամ՝ գիշերն իր այրից դուրս գալով, նա տեսավ երկնային լույսով շողարձակող հրեշտակների դասը: Նրանցից մեկը ձեռքին բռնել էր մի մեծ գիրք կամ թղթագլան՝ դրսից և ներսից գրված, և, դիմելով մյուս հրեծտակներին, ասաց. «Ի՞նչ եք կարծում, ես ո՞ւմ կտամ այս գիրքը»: Եւ երբ հրեշտակներից շատերը մատնացույց արեցին Հուլիանոսին՝ հավանաբար այն միջագետքցի ճգնավորին, ով արիոսականների տիրապետության օրոք Անտիոքի ուղղափառների նեցուկն էր, իսկ մյուսները՝ ուրիշների, հրեծտակն ասաց. «Այժմ ոչ ոք այնքան արժանի չէ այս գրքին, որքան Եփրեմ Ասորին» և մեկեն նրա շուրթերին դրեց այդ խորհրդավոր գիրքը: Գուցե հենց այդ տեսիլքն էլ, որը որոշ կողմերով հիշեցնում է Եզեկիելին հայտնված տեսիլքը (Եզեկ. 2:9-3:2), Եփրեմին պարգևեց Ասորացի մարգարե անունը: Այն Եփրեմին կոչեց կատարելու բազում հանրօգուտ աշխատանքներ:

Եփրեմն սկսեց գրել Մովսեսի Հնգամատյանի մեկնությունը: Արդեն գրված էր Ծննդոց գրքի մեկնությունը, երբ նրան այցելեց նույն ծերունին: Կարդալով գրվածը և Եփրեմի ստեղծագործության մեջ տեսնելով Աստծո շնորհի առատությունը, որն իջել էր նրա վրա, ծերունին զարմանք կտրեց և ավելի խորը համոզվեց, որ նրա մասին իրեն հայտնված տեսիլքը ճշմարիտ էր: Եփրեմից վերցնելով ձեռագիրը՝ ծեր վանականն այն ցույց տվեց Եդեսիայի կղերականներին և քաղաքի ուսյալ անձանց: Բոլորը ծերունու հետ մեկտեղ զարմացած էին գրողի իմաստության վրա, և այդ աշխատության «մեղավորը» հենց իրեն՝ ծերունուն համարելով, շնորհակալություն հայտնեցին նրան: Ծեր վանականը ստիպված էր հայտնել իրական գրողի անունը, և կամենալով ամենքին հավատացնել, որ իր խոսքերը ճշմարտացի են, պատմեց, թե ինքն ինչ տեսիլք է տեսել Եփրեմի մասին: Դա ընդհանուր ուշադրություն գրավեց, մինչ այդ անհայտ վանականին սկսեցին մարդիկ այցելել:

Հեզաբարո վանականի համար փառքը ծանր էր. Մենության սերը չէր հմակերպվում այցելուների բազմամարդության հետ, և Եփրեմը որոշեց թողնել իր այրն ու թաքնվել ոչ հեռու գտնվող լեռան վրա՝ խիտ անտառում: Բայց Աստծուն հաճո չէր նրա փախուստը ժողովրդից, որին նա պետք էր: Ճանապարհին նրան հայտնվեց հրեշտակը և ասաց. «Տես, որ քո նկատմամբ կիրառելի չլինի Սուրբ Գրքում ասվածը. Եփրեմը մարզված երինջ է, որ սիրում է հակառակությունը (Օս. 10:11): Եւ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա (Մատթ. 5:15)»: Աստծո կամքին հլու՝ Եփրեմի ոչ միայն վերադարձավ իր տեղը, այլև սկսեց այցելել քաղաք: Նրա հոգևոր փորձառությունն ու բարեպաշտ փոթաջանությունը նրան դարձրին վանականների դաստիարակը, իսկ Եկեղեցու կարիքները՝ եդեսացի քահանաների օգնականը, հատկապես հերետիկոսների դեմ մղվող պայքարում:

«Հավատը բարի միտք է ծնում, իսկ բարի միտքը կենդանի ջրի գետ է: Ով ձեռք է բերում այն՝ կլցվի նրա ջրերով»: Երանելի Եփրեմի այս խոսքերը արդարացիորեն կարող են վերաբերել հենց իրեն: Աստծո խոսքի կենդանի ջրով լցված նրա հոգին զեղվում էր գորովագութ խրատների անկասելի հոսքով: Ջերմացած լինելով կենդանի զգացողությամբ և բխելով Աստծո բարեգթությամբ լուսավորված սրտի լիությունից՝ նրա խոսքերը լեցուն էին հոգևոր օծությամբ: Նրա շուրթերին զարմանալիորեն պտղաբերում էին ամենահամոզիչ խրատները, հենց իր և ուրիշների հուզիչ մերկացումները, իմաստուն կանոններն ու խորհուրդները, և նրա ակնածալի միտքը հաճախ հանկարծ անսպասելի թռիչքով համբառնում էր դեպպի հավերժ բարեգութ Աստված, որպեսզի խոստովանի նրա անսահման սիրո փառքը, կամ նրանից մեղքերի թողություն հայցի: Աստվածաշնչական օրինակներն ու խոսքերը, վանականի կյանքի և փորձի օրինակները, բնության թագավորությունից քաղված առակներն ու համեմատությունները՝ ամեն բան պատրաստ էր և ինքնաբերաբար էր հայտնվում նրա պարզ, անպաճույճ զրույցներում:

Վանականների շրջանում Եփրեմը ամենից հաճախ զրուցում էր վանականների պարտականությունների մասին: Ոմանց համար հատուկ խրատներ էր գրում, պատասխաններ էր տալիս հարցումներին, նրանից դասեր էին առնում և՛ նորընծա վանականները, և՛ ավագերեցները: Նկատելով վանական կյանքի խիստ կանոնների թուլացումը՝ նա ջանում էր վերականգնել դրանց վաղեմի մաքրությունը: Հասած լինելով հոգևոր կատարելության բարձունքին՝ նա կամենում էր ամենքին հասցնել այնտեղ: Օրինակ՝ մի զրույցում, որը նա, հավանաբար, անցկացրել էր եդեսացի վանականների մեջ հայտնվելու իր առաջին տարիներին, հիշեցնելով երկրին հասած պատուհասների՝ երկրաշարժերի և պարսիկների գործած ավերածությունների մասին՝ նա իր ունկնդիրներին կոչ էր անում վերադաստիարակվել և վկայաբերում էր վաղնջական վսեմ օրինակները: «Մեր հայրերը, - սրտացավությամբ ասում էր նա, - որպես լուսատուներ լուսավորում էին ողջ երկիրը, նրանց վսեմ ու մաքուր վարքի պատճառով անգամ թշնամիները դառնում էին նրանց հետևորդները…

Իսկ մեր ուսմունքը, թողնելով ճշմարիտ ուղին, գնում է զառիթափերով և անհարթ տեղերով: Քանզի չկա մեկը, ով հանուն Աստծո թողնի իր ինչքը և հավերժական կյանքի համար հրաժարվի աշխարհից: Չկան ո՛չ խոնարհները, ո՛չ հեզերը, ո՛չ էլ խոհեմները: Ոչ ոք անտարբեր չի մնում վիրավորանքի նկատմամբ, ոչ ոք չի հանդուրժում չարախոսությունը… Երկիրը, հաճախ երկյուղելով Աստծո առաջ, տարուբերվում է մեր ոտքերի տակ՝ մեզ ահաբեկելու համար, սակայն մենք դրանից էլ չվախեցանք: Քաղաքներ են կործոնվել և գյուղեր են դատարկվել Աստծո ցասումից, բայց մենք դրանից էլ չերկյուղեցինք: Պարսիկներն ու բարբարոսները պատերազմներ հարուցեցին մեր դեմ և ավերեցին մեր երկիրը, որպեսզի մենք Աստծուց երկյուղելով՝ ապաշխարենք, սակայն դա էլ մեզ չփոխեց…»: Այդ նույն նպատակով, որպեսզի նախանձախնդրություն արթնացնի ընդօրինակելու առաջին անապատակեններին, նա իր զրույցներում բազմիցս նկարագրում էր «վախճանված հայրերի» կանոններն ու վարքը:

Եփրեմին պակաս չէր հուզում նաև ուղղափառության ճակատագիրը Եդեսիայի եկեղեցում, որն այդ քաղաքի և ամբիոնի նշանակությամբ կարող էր ազդեցություն ունենալ նաև ողջ Միջագետքի վրա: Մինչ ուրիշ երկրներում տաեպալվել կամ թուլացել էին գնոստիկական (հեթանոսությունն ու քրիոտենեությունը հաշտեցնող) ուսմունքները, որոնք եկեղեցու մեջ խռովություններ էին հարուցում երկրորդ հարյուրամյակում, Եդեսիայում դեռևս մնում էր Բարդեծանի աղանդը, ով Վալենտինի և Մարկիոնի հետևորդն էր, բացի դրանից՝ կար նաև Մանիի կեղծ ուսմունքը, որը տարածվել էր Պարսկաստանից և իր հետքերն էր թողել Միջագետքում: Չորրորդ դարում նրան սպառնում էր ժամանակի համընդհանուր հիվանդությունը՝ արիոսականության վարակը, բայց արդեն հենց Միջագետքում ծնվել էին և այլ երկրներում տարածվել Աուդիոսի և մեսալացիների մոլորությունները:

Բարդեծանը՝ եդեսացի գիտնականը, ով ապրում էր Օսրոյենեի իշխան Աբգարի՝ Մահանի որդու (152-187թթ.) արքունիքում, հայտնի է մարդկանց բարոյական վիճակը մոլորակների ներգործությամբ բացատրող աստղագետների, նույնիսկ Մարկիոնի դեմ իր պայքարով, բայց դրա հետ մեկտեղ ինքն էլ քարոզում էր իր ուսմունքը երկու սկիզբների՝ Անհասանելի Աստծո և հավերժական նյութի մասին, Աստծուց բխած էոնների և դրանց համադրությունների մասին, դրանցով կառուցված աշխարհի և մարդու մասին, մարդու փրկության համար եկած էոններից մեկի՝ Քրիստոսի մասին՝ որպես տեսանելի, բայց ոչ նյութական, այլ երկնային մարմնի և այլն: Ժողովրդին իր կողմը գրավելու համար Բարդեծանը իր ուսմունքը շարադրում էր բանաստեղծական ձևով՝ գրավիչ լեզվով, սակայն իր հորինած չափով, ուստի նրա, ինչպես նաև Աթենքում կրթություն ստացած նրա որդու՝ Համոնիայի երգերն այդ ուսմունքը տարածում էին նույնիսկ Միջագետքի սահմաններից դուրս և երկար ժամանակ արմատավորվեցին նրա մոլորությունները:

Մոլորությունը ցրելու համար բավական էր դրան հակադրել ճշմարտությունը: Սակայն մոլորյալներին դեպի ճշմարտությունը դարձի բերելու համար Եփրեմն անհրաժեշտ էր համարում դրանք ներկայացնել այն նույն հաճելի ձևերով, որոնցով քողարկվում էր մոլորությունը: Ճշմարտության ջատագովի համար դժվար չէր յուրացնել Բարդեծանի ոտանավորի հասարակ տաղաչափությունը: Եփրեմի բնատուր հարուստ շնորհները և ոգու անսպառ խանդավառությունը, հորդ զգացմունքները, իր միտքը պայծառ և արտահայտիչ պատկերներով ներկայացնելու վարպետությունը, նույն մաքուր լեզուն, որով գրում էր Բարդեծանը, այդ ամենը ձեռնարկմանը հաջողություն էր խոստանում: Մնացյալը կլրացնեին ճշմարտությունը և բարեշնորհության ոգին, որը հորդում էր սուրբ բանաստեղծի բոլոր գրվածքներից:

Խստամբեր վանականի սուրբ զգացողության համար որքան էլ ծանր և վիրավորական էր ծոնոթանալ կեղծ ուսուցչի պարսավական կարծիքներին և նրա երգերում կարդալ վավաշոտ երևակայության գռեհիկ արտահայտությունները, սակայն Եփրեմը չհրաժարվեց դառն աշխատանքից, որպեսզի ավելի դիպուկ հարվածի իր ախոյանին: «Ես գտա, - ասում էր նա իր երգասացություններից մեկում, - Բարդեծանի գիրքը և միառժամանակ տրտմությամբ շվարել էի, քանզի այն իմ լսելիքն ու սիրտը պղծում էր իր լուտանքների գարշահոտությամբ: Ես նրա երգերում լուտանքներ էի լսում և իր ընթերցվածքներում՝ չարախոսություններ… Ականջներիս մեջ աղմկող մոլորությունների խավարը ցրելու համար դիմեցի Սուրբ Գրքին»: Բարդեծանը չէր ժխտում Աստվածաշնչի՝ ո՛չ Հին Կտակարանի, ո՛չ էլ Նոր Կտակարանի գրքերը, այդ պատճառով Եփրեմը բավական էր համարում իր օրհներգություններում շարադրել Աստծո մասին և մեր նկատմամբ Նրա վերաբերմունքի մասին Աստծո խոսքի մաքուր ուսմունքը, որպեսզի մերկացնի հերետիկոսի ունայնամտությունը և կեղծ մեկնությունները:

Ճշմարտության հանդեպ իր փութաջանությամբ ոգևորված՝ նա համարձակորեն անարգանքի և անեծքի է մատնում Բարդեծանի կարծեցյալ իմաստության գաղտնիքները և կոչ է անում դուրս գալ հերետիկոսական խառնամբոխից և գնալ դեպի մաքուր ուսմունքի պահապանի՝ Եկեղեցու գիրկը: «Մենք մեր հույսը չենք դնում յոթ մոլորակների վրա, որոնց հավատում է Բարդեծանը, - ասում է Եփրեմը իր երգասացություններից մեկում, - թող անիծյալ լինի նա, ով, Բարդեծանին հետևելով, կասի, թե դրանցից են ծագում անձրևներն ու ցողը, ձյունն ու քաղցը, սերմերն ու պտուղները, որ դրանցից են սովն ու լիությունը, ամառն ու ձմեռը: Թող բանադրվի նա, ով չի կամենում ապավինել Աստծուն, ով ընդունում է յոթ մոլորակների ուսմունքը և դրանց վրա է իր հույսը դնում: Անիծյալ լինի Սուրբ Գրքի դեմ հակաճառողը, առաքյալների ուսմունքին ընդդիմացողը: Երանյալ ես դու, ուղղամիտների՛ եկեղեցի, քանզի Արքայից Արքան է հաստատել քո մեջ Իր կացարանը: Քո հիմաքերը երբեք չեն խախտվի, քանզի Աստված քո պահապանն է և դժոխքի դարպասները չեն հաղթի քեզ, և գատիչ գայլերը չեն կարողանա կործանել կամ թուլացնել քո ամրոցը: Օհ, ինչ մեծ ես դու, Աստծո՛ տուն: Ինչ հիասքանչ ես դու, դո՛ւստրդ ժողովուրդների»:

Քանի որ Բարդեծանի կեղծ կեղծ ուսմունքը որոշ կետերում համընկնում էր Մարկիոնի և Մանիի կարծիքների հետ, ուստի Եփրեմը հաճախ ժխտելով մեկին, նկատի ուներ և մյուսներին. Օրինակ, երբ խոսում էր նյութի մեջ չարի պատճառի, Աստվածությունը էոնների տարրաբաժանելու դեմ:

Գնոստիկական հերձվածների դեմ Եփրեմի ընտրած զենքը ճիշտ դուրս եկավ: Ժողովուրդն ագահությամբ ունկնդրում էր սուրբ ճգնակյացի ժամերգությունները և մոռանում էր Բարդեծանի երգասացությունները: Այդ պատճառով Եփրեմը նույն զենքն օգտագործեց նաև նոր կեղծ ուսմունքների դեմ, որոնք տարածվել էին չորրորդ դարում:

Եփրեմը հատկապես ընդվզում էր անընդգրկելին ընդգրկելու ունայնամտության անպատկառ հանցափորձերի դեմ:

Աստվածության անպարագելիությունը և մարդկային մտքի սահմանափակվածությունը, հոգևոր աշխարհի և տեսանելի բնության գաղտնիքները, Աստծո խոսքի վկայությունը և յուրաքանչյուրի սեփական գիտակցության ձայնը նա ծառայեցնում էր բոլոր նրանց անմտությունը ցույց տալու համար, ովքեր իրենց են վերագրում կամ երազում են ձեռք բերել Աստծո թաքուցյալ էության գիտությունը: «Հարցրո՛ւ իմաստուններին և ուշադի՛ր կշռիր նրանց խոսքը. Մարդը մեկ ուրիշ հոգի ունի՝ հավատը (և ոչ թե գիտելիքը): Մարմինը հոգով է կենդանանում, իսկ հոգին՝ հավատով, առանց հավատի նա դիակ է»:

Չբավարարվելով դրանով՝ Եփրեմն իր հոգևոր երգերի մեջ մտցրեց նաև Հիսուս Քրիստոսի Աստվածայնության դեմ արիոսականների սովորական առարկությունների լուծումը: «Իմաստուն հետազոտողը, - մի տեղ ասում է նա, - կարողանում է հաստատել Սուրբ Գրքի այն տեղերի միջև գոյություն ունեցող համաձայնությունը, որոնք անմիտ մարդկանց հակասական են թվում, կապակցում է դրանք՝ իր բանիմացությամբ համաձայնեցնելով թվացյալ անհամաձայնությունները, և խաղաղություն է հաստատում բորբոքված ունկնդիրների միջև»: Եւ ինքն էլ կատարում էր այդ պարտքը:

Իր բանավիճական-դավանաբանական գործերում Եփրեմը ճշմարտության պաշտպանն էր ընդդեմ իր ժամանակի կեղծ ուսուցիչների, որոնք խռովություններ էին հարուցում Եդեսիայի եկեղեցում: Նրա դավանաբանական ստեղծագործությունները կասկածի կամ վերամեկնության ենթարկվող ճշմարտությունների մասին գրված են ավելի շատ ակնածալի խորհրդածությունների, քան դավանաբանական հետազոտությունների ձևով: Նա մանրամասն չի քննում այն հիմքերը, որոնց վրա հաստատված է ճշմարտությունը, այլ առավելապես միայն մատնանշում է դրանք կամ պարզապես շարադրում է ճշմարտությունն այնպես, ինչպես այն դավանում է եկեղեցին և ինչպես պետք է դավանի Եկեղեցուն հավատարիմ որդին: Երբեմն դիմում է նաև հիմքերի քննմանը, որոնց վրա խարսխվում էին կեղծ ուսմունքները, սակայն ավելի շատ մերկացնում է, քան հերքում: Բանավեճի տվյալ բնույթը, անկասկած, կախված էր այն ձևից, որն ընտրել էր եդեսացի ուսուցիչն իր հերքումների համար՝ բանաստեղծական ձևից: Իսկ ձևի ընտրությունը, ինչպես տեսանք, շատ հաճախ պայմանավորված էր մասամբ հանգամանքներով, մասամբ էլ այն բանով, որ դրանք նախատեսված էին հասարակ ժողովրդի կողմից ընկալվելու համար: Երանելի Եփրեմն իր երգասացություն-ոտանավորներում գրում էր հերետիկոսական մոլորությունների հերքումը, քանզի հերետիկոսներն իրենց կեղծ ուսմունքը ոտանավորներով էին շարադրում:

Եդեսիայի հասարակ բնակիչները, որոնք տարվում էին վնասակար ոտանավորների արտաքին ձևի հաճելիությամբ, զգում էին ոչ այնքան մոլորությունների գիտուն հերքման և ուղղափառության ապացույցների լիակատար զարգացման կարիքը, որքան ճշմարտության ընդհանրական, բոլորին հասկանալի, կենդանի զգացմունքների և երևակայության վրա ազդող շարադրանքի, ինչպես որ այն դավանում էր Եկեղեցին:

Ե՛ւ բարոյախրատական, և՛ բանավիճական-դավանաբանական ստեղծագործություններում երանելի Եփրեմը հաճախ մարդկանց հետ զրույցներից անցնում է Աստծո հետ քաղցրալի երկխոսության կամ աղոթքի: Սակայն, բացի դրանից, նա Եկեղեցուն թողել է նաև բազում գորովաշարժ աղոթքներ և աղոթական երգասացություններ: Դրանք մեզ հասել են մասամբ հունարեն, բայց ավելի շատ՝ ասորերեն: Ասորերեն մեզ հասածների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Քրիստոսի Սուրբ Ծնունդին նվիրված երգասացությունները:

Հունարեն հայտնի են Երանելի Եփրեմի՝ Սուրբ Երրորդությանը, Աստծո Որդուն և Սուրբ Աստվածածնին նվիրված աղոթքները: Դրանց մի մասը քաղված է նրա զրույցներից:

Աղբյուր՝ Ejmiatsniqarozchakankentron