Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Վահագն Դավթյան․ Երևան, ինձ ներիր

Երևան, ինձ ներիր,ինձ ներիր,Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,
Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:

Որ թողած լույսերում պողոտա ու մայթեր,
Ես գնամ, մոլորվեմ գիշերում քո այն կույր,
Որոնեմ այն հին բակն ու դռնակն այն փայտե,
Որ իր դեմ աշխարհի լույսն ու բախտն էր փակում:

Որոնեմ ջրերում փշրված լուսնկան,
Ու լսեմ գիշերով հեկեկանքը թառի,
Մահու չափ կարոտեմ ծամավոր աղջկան,
Ու սրտիս անամոք թախծությունը թառի:

Որ մորմոք խառնվի իմ հացին ու գինուն,
Հեկեկա գիշերվա մայթերում ամայի,
Հասկանամ, որ կյանքում սերը մեկն է լինում
Ու միակն է լինում կյանքի պես ու մահի...