Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Գարեգին Ա հայրապետը՝ աշխարհականացման մասին

Ժամանակակից աշխարհում Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներից է աշխարհականացումը, որը բնորոշվում է հասարակության մեջ կրոնի դերի փոփոխությամբ (նվազմամբ)։ Այն բարդ և բազմաշերտ երևույթ է, ուստի և ուսումնասիրողները առանձնացնում են դրա մի շարք տարբերակներ։ Խորամուխ չլինելով աշխարհականացմանն առնչվող մանրամասների մեջ՝ ստորև կներկայացնենք երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հայացքները խնդրո առարկա հարցի հետ կապված։

Վեհափառը տարբեր առիթներով անդրադարձել է այս կարևոր հարցին իր աշխատություններում և հարցազրույցներում՝ կարևորելով հայ հոգևորականության դերը դրան դիմակայելու հարցում։ Նախ նշենք, որ Վեհափառը ընդունում է, որ «Աշխարհայնացած աշխարհը այնպէս անսանձ եւ անհակակշիռ թափանցումով մտեր է մեր արտը, որ սկսեր է որոմը ցորենին հետ շփոթուիլ…»։

Իտալացի պատմաբան Ջիովաննի Գուայտայի (այժմ` Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական հայր Հովհաննես) հետ զրույցներում Գարեգին Առաջինը կարևորում է այս բարդ երևույթի մեջ տարբերակումը դրական ու օգտակար կողմերի՝ մի կողմից, և մոլեռանդության ու ամեն անդրանցականության ժխտման՝ մյուս կողմից։ Նա ասում է. «Ես կարծում եմ, որ ծայրահեղ վիճակի հասած աշխարհականությունը երջանկության աղբյուր չէ մարդկության համար։ Բայց հենց այս բացասական հաշվեկշիռն էլ հույժ փրկարար մի մարտահրավեր է Եկեղեցու համար, և այն պետք է ընդունենք լրջորեն»։

Երջանկահիշատակ Հայրապետի համար հատկապես ակնառու էր «հայկական աշխարհի», մասնավորապես՝ սփյուռքի վրա եղած այդ ազդեցությունը. «Աշխարհայնացումի մակերեսայնապաշտ փորձութիւնը դարձեր է աւերակող չարիք հայութեան կեանքին մէջ, սփիւռքի համայն տարածքին վրայ»։

Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր՝ դիմակայելու համար կարևոր այս մարտահրավերին։ Նախ և առաջ նկատենք, որ ըստ Գարեգին Առաջինի՝ մի կողմից՝ պետք չէ փախչել աշխարհից, մյուս կողմից էլ՝ պետք չէ նույնանալ նրա հետ։ Հարցադրմանը՝ «Մօտենա՞լ աշխարհին, ըլլա՞լ աշխարհին հետ, աշխարհին համար», Հայրապետը պատասխանում է. «Այո՛, բայց ոչ այնպէս եւ այնքան, ուր մօտենալն ու նոյնանալը դառնան համազօր ու հոմանիշ»։ Եվ միաժամանակ նա հիշեցնում է Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Աշխարհի մէջ ենք. այո՛, բայց չմոռնանք երկնաւոր Վարդապետին երկրի վրայ ըսած երկնահամ բառերը. «աշխարհէն չենք»՝ աշխարհով պայմանադրուած չենք։ Չմոռնանք որ կոչուած ենք այս տեսանելի, զգայական աշխարհը ուրիշ աշխարհով մը խմորելու, հոգիին աշխարհովը կնքելու, պայծառացնելու, իմացական աշխարհովը գեղեցկացնելու»։

Իսկ հոգևոր արժեքներում վերահաստատվելու, «ներքին տոգորումի», «ներքին պրկումի» ապահովման գործում, ըստ նրա, առաջնային դեր ունի հայ հոգևորականը։ Այս իմաստով Վեհափառը շեշտում է մշակույթի հիմքում «մարդու հոգևոր արժեքականության մասին հասկացությունը» դնելու անհրաժեշտությունը և դրանում հոգևորականի դերը. «… վա՜յ մեզի, վա՜յ մեզի հոգեւորականներուս, եթէ մենք ալ իյնանք այդ հաճոյապաշտութեան, այդ նիւթապաշտութեան եւ աշխարհայնապաշտութեան (secularism) անիմաստ եւ սպաննող հոսանքին մէջ։ Մենք՝ հոգեւորականներս, մե՛նք՝ պէտք է ճգնիլ գիտնանք, մե՛նք պէտք է այդ արժէքներուն հաւատալ գիտնանք եւ մե՛նք ըլլանք վկաները այն ճշմարտութեան, թէ՝ «հոգի առաւել է, քան կերակուր». թէ հոգին մարմինէն վեր է, մարմինով կ’արտայայտուի, բայց մարմնականով եւ նիւթականով սահմանաւոր չէ»։

Գառնիկ Հարությունյան
Պատմական գիտությունների թեկնածու

Աղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ