Մի օր գորտերը որոշում են մրցավազք անցկացնել։
Այն առավել դժվար դարձնելու համար թիրախ են ընտրում մեծ աշտարակի ամենաբարձր կետը։
Մրցավազքի օրը բազմաթիվ գորտեր են հավաքվում՝ դիտելու։ Վերջապես մրցավազքն սկսվում է։ Իրավիճակն այնպիսին էր, որ հանդիսատես գորտերից ոչ մեկն ամենևին չէր հավատում, որ մասնակից գորտերից գոնե մեկն իրապես կարող է նպատակին հասնել։ Ուստի նրանք վազող գորտերին ծափահարելու փոխարեն աղաղակում էին.
— Օ՜, խեղճե՜ր, նրանք երբեք չեն կարող այդ դժվարությունը հաղթահարել: Կամ դա պարզապես անհնարին է, կամ նրանք երբեք չեն կարող դա անել։
Եվ իրոք թվում էր, թե հանդիսատեսը ճիշտ է, քանի որ գնալով ավելի ու ավելի շատ գորտեր էին հրաժարվում մրցավազքից։ Հանդիսատեսը շարունակում էր գոռալ.
— Օ՜, խեղճե՜ր, նրանք երբեք չեն կարող այդ դժվարությունը հաղթահարել: Կամ դա պարզապես անհնարին է, կամ նրանք երբեք չեն կարող դա անել։
Իրոք, շուտով գրեթե բոլոր գորտերը հրաժարվում են մրցավազքից, բացի մեկից, որն անվեհեր բարձրանում էր աշտարակի վրայով և ո՛րն էլ միայն հասնում է նպատակին։
Հանդիսատես գորտերը, այդ տեսնելով, ապշում են։ Բոլորն ուզում են իմանալ, թե նա ինչպե՛ս հաղթահարեց այդ աներևակայելի դժվարությունը։ Մասնակից գորտերը մեկը մյուսի ետևից մոտենում են հաղթող գորտին, որպեսզի հարցեր տան։
Եվ ահա նրանք նկատում են, որ այդ գորտը խուլ է։