Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Հովհաննես Գառնեցի․ Չորեքշաբթի օրվա աղոթք

Գրաբար
Անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, անճառ ճառագա՛յթ և անհասանելի լո՛յս, և լուսեղինաց դասուցդ յաւրինի՛չ, և լուսաւորացդ երկնից ստեղծո՛ղ,Երրորդութի՛ւն սուրբ, որ յայսմ աւուր գոյացուցեր զարեգակն և զլուսին և զաստեղս, և եդեր զնոսա ի հաստատութիւն երկնից՝ լուսաւորել զարարածս և ցուցանել զժամս և զժամանակս, զաւուրս և զտարիս. և արդ, ես՝ խափանեալս ի լուսոյ և ծածկեալս խաւարաւ մեղաց, հայցեմ յամենալոյս ողորմութենէդ՝ որպէս տարրական լուսաւորացդ շնորհեցեր լոյս, շնորհեա՛ և ինձ յառատ և յանհամեմատ լուսոյդ փոքր մի մասն և բաժին, և փարատեա՛ յինէն զմէգ և զխաւար յանցանաց, և անանց լուսովդ առաջնորդեա՛ ինձ յերկնից արքայութիւնդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին, այժմ ևմիշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Աշխարհաբար
Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: