Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի

Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու տաճար Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում) Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա։

Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381-ին։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին։

Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386-ին փոխարինել է նրան որպես րաբունապետ, իսկ 1391-ին, Լենկթեմուրի արշավանքի պատճառով, ստիպված հեռացել է Երնջակից։

XV-XVI դդ. Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցու և նրա դպրոցն անկում են ապրել, XVII դ. եկեղեցին ու մյուս շինություններն արդեն եղել են խարխուլ վիճակում։ 1655-ին Եսայի ու Ղազար վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով։ Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա։

Արևմտյան ճակատին 1664-1666-ին կցել են եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ)։ Հարավից կից է թաղածածկ, երկար Սուրբ Ստեփանոս մատուռը, որը, ըստ չափածո շին. արձանագրության, 1714-ին կառուցել է շոռոթեցի վաճառական Խոջա Այվազը։ 1705-ին նախիջևանցի պարոն Աղամալը Սուրբ Ստեփանոս մատուռի տանիքին երկհարկ զանգակատուն է կառուցել։

Սուրբ Կարապետ եկեղեցու ներսը Նաղաշ Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740-ին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով, պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները։

Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը XIV-XVIII դդ. եղել է հոգևոր, մշակութային և գրչության կենտրոն։ Այդտեղի ձեռագրերից առանձնանում է Հակոբ գրչի 1386-ին ընդօրինակած Ժողովածու բանից Գրիգոր Նարեկացվո, Գրիգոր Տղայի և այլոց-ը։

Վանքը եղել է նաև օձի խայթոցը բուժող հայտնի ուխտատեղի։ Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցում պահվել են Սուրբ Կարապետի և Սուրբ Հովհան Ոսկեբերանի մասունքները, Հազարափրկիչ խաչը, որը համաճարակների ժամանակ թափորով տարել են ախտահարված վայրերը (օր., 1878-ին՝ Ագուլիս)։ Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.7, 2-րդ պատկերը։

1664-1666 թթ. արեւմուտքից նրան կցվել է եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ), իսկ 1714-ին հյուսիսից՝ Ս. Ստեփանոս մատուռը, որի տանիքին կառուցվել է երկհարկ զանգակատուն: 1740 թ. Ս. Կարապետ եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով (նկարիչներ՝ Հարություն եւ Հակոբ Հովնաթանյաններ):

\

Նկարները՝ Ter-hambardzum.net-ի