Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Արվեստ

Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված (միաժամանակ և՛ լսողությամբ, և՛ տեսողությամբ)։

Արվեստի պատմական զարգացման ընթացքում սկզբնավորվել են նրա տարբեր տեսակները՝ գեղանկարչություն,քանդակագործություն,գծանկարչություն(գրաֆիկա), ճարտարապետություն,զարդարարական(դեկորատիվ) կիրառական արվեստ և այլն: Այս բոլոր տեսակները խոսում են կյանքի էության գեղեցիկի մասին,բայց յուրաքանչյուրը արտահայտելով յուրովի: Արվեստի ամեն տեսակ ապրում է վերելքի և վայրէջքի ժամանակաշրջաններ. դրանց զարգացումն անհամաչափ է տեղի ունենում:

Արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են, նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև արվեստում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։ Արվեստի ծագման և էության վերաբերյալ կան զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ արվեստի առաջացման աղբյուրը աշխատանքն է, որ արվեստը սոցիալական է և՝ իր ծագմամբ, և՝ իր էությամբ։

Արվեստը ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան արվեստը անմիջականորեն միահյուսվել է նյութական արտադրության, մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ (չմասնատված)՝ միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել արվեստի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում, պատմական առաջադիմության և մշակույթի զարգացման հետ միասին, արվեստի և արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են արվեստի տարբեր տեսակներ։ Սակայն արվեստը իր էությամբ միշտ մնում է հասարակական, արտացոլում հասարակական հարաբերությունները։ Այս պատճառով դասակարգային հասարակության մեջ արվեստը դասակարգային է, կուսակցական։ Նա իր վրա է կրում ստեղծագործողի շահագրգռվածության կնիքը իր դասակարգի պատմական ճակատագրի նկատմամբ։ Այդ հանգամանքը արվեստը մոտեցնում է հասարակական գիտություններին։ Բայց, ի տարբերություն վերջինների, արվեստի միտումնավորությունը և կուսակցականությունը, որպես կանոն, հանդես չի գալիս բացահայտորեն, անմիջականորեն չի մատնանշվում հեղինակի կողմից, այլ բխում է նրա աշխարհայացքից և արտահայտվում է որոշակի երևույթների, արարքների, բնավորությունների, գործողության մեջ։ Արվեստի յուրահատկությունը գեղարվեստական կերպարների, տիպերի և բնավորությունների ստեղծումն է՝ կյանքի որոշակի երևույթների ընդհանրացման հիման վրա։ Սակայն ընդհանրացնելով այդ երևույթները, արվեստը վերարտադրում է դրանք կոնկրետ, եզակի ձևով, իրենց սեփական ճակատագրով, կենսական մանրամասնություններով։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։

Արվեստի ծաղկումը Վերածննդի դարաշրջանում պայմանավորված էր ֆեոդալիզմի և միջնադարյան աստվածաբանական աշխարհայացքի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարով, թեև դարաշրջանի բանաստեղծներն ու նկարիչները օբյեկտիվ պատճառներով չէին կարող ազատվել այդ աշխարհայացքի կապանքներից։ Վերածննղի (և ոչ միայն Վերածննդի) ներկայացուցիչների համար գեղեցիկը և ընդհանրապես գեղագիտականը անխզելիորեն կապված էր ժամանակի բարոյական և քաղաքացիական խնդիրների հետ։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները ցույց են տվել, որ արվեստը վերնաշենքային երևույթ է, պաշտպանում և ամրապնդում է իր բազիսը, սերտ փոխգործողության մեջ է այդ բազիսի և վերնաշենքի այլ ձևերի (բարոյականություն, քաղաքականություն, կրոն և այլն) հետ։ Արվեստի այդ առանձնահատկությունը համոզիչ կերպով ցույց են տվել մարքսիստական գեղագիտական մտքի ականավոր ներկայացուցիչներ Գ․ Պլեխանովը, Ա․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Լունաչարսկին, Ֆ․ Մերինգը, Պ․ Լաֆարգը։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները հատուկ նշանակություն էին տալիս ռեալիստական արվեստին, որը հնարավորություն է ընձեռում ավելի լավ, խոր, համակողմանի և պատմականորեն ճշմարտացի արտահայտել հասարակական հարաբերությունները, մարդկանց վերաբերմունքը միմյանց և բնության նկատմամբ։ Ռեալիզմը, ասում է Ֆ․ էնգելսը, պահանջում է տիպիկ բնավորությունները պատկերել տիպիկ պարագաներում։ Ռեալիզմի բարձրագույն ձևը սոցիալիստական ռեալիզմն է։ Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների արվեստի գործիչները իրենց գեղարվեստական ստեղծագործություններում արտահայտում են մեր դարաշրջանի էությունը, առաջավոր մարդկության կյանքն ու պայքարը։

Հայկական մշակույթ

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Լեզու

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում (հիմնականում Ջավախքում, Թբիլիսիում, Աբխազիայում, Օսեթիայում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում), Եվրոպայում (առավել հաճախ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մերձդնեստրում և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում) ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (հիմնականում Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում), Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։

Գրականություն

Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։

V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։

V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցի է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։

1002-ին Նարեկացին ավարտում է իր «Մատյան Ողբերգությանը»` որը հիրավի համարվում է հայ միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։

Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։ XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։

Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը»։ Թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145 թվականին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։

Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը, ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

Երաժշտություն

Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։ Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։

Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։ Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։

Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։