Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Եկեղեցին մե՛նք ենք

Երբ քաղաքը շնչահեղձ է լինում խանութների ու սրճարանների առատության, առ ու ծախի, նյութի ու անցողիկի, աղմուկի ու արատի մեջ, մեր ներսում մի ուժ տու՛ն է փնտրում, հոգու տուն, հոգեղեն տուն: Եկեղեցին մի վայր է, որտեղ մենք մոռանում ենք մեր սեփական աննշանությունը, որովհետև այստեղ է Հո՛ր ներկայությունը: Տուն վերադարձող զավակի ուրախությամբ մենք եկեղեցի ենք գնում, ու ճանապարհը դեպի այնտեղ փոքրիկ ուխտագնացություն է, որը մեզ կտրում է առօրյա վազքից, վաճառվողից, նյութից, մեղքի մեջ խրված իրականությունից:

Քաղաքի ու մեր ներսի աղմուկը խլացնող, մեր մեղքերը լվացող ու մեր ամեն ցավի համար բժշկություն պարգևող այս կառույցները մեր հոգևորության կենդանի՛ պահապաններն են: Անշուշտ, եկեղեցի գնալը որևէ մարդու իսկական քրիստոնյա չի դարձնում, եկեղեցաշինությունն էլ միակ պահանջը չէ մարդկանց հոգևորությունն ապահովելու համար, բայց եկեղեցին՝ որպես խորհուրդ, մեզ տրված լավագույն ժառանգությունն է Աստծուց: Աստված իրենից հետո եկեղեցի է թողել, իսկ հոգևոր հայրերը ստանձնել են Աստծո խոսքն ու պատգամը պահպանելու, դրանով մարդկանց հոգևոր ցավերը բուժելու, սերունդներին կրթելու բարդ, պատասխանատու և աստվածահաճո գործը:

Մեր օրերում մարդկանց որոշակի խումբ պնդում է, որ եկեղեցիների գոյությունն անիմաստ է. կարելի է հավատ ունենալ առանց կրոնի, առանց եկեղեցու և հոգևորականների: Այս պնդումը պարզ գիտակցության պակասի հետևանք է. եկեղեցին ոչ միայն աղոթատեղի է, շինություն, որտեղ զանազան ծեսեր են իրականացվում, այլև՝ ահռելի հոգևոր գիտելիքների, մշակութային հարուստ ժառանգության շտեմարան: Եկեղեցին մեր մշակույթն է, մեր հոգևոր հացը, մեր տեսակի և մեր ստեղծագործ էության մի մասնիկը, և եթե նույնիսկ զուրկ ենք հավատից, կորցրել ենք Աստծուն, Լույսը, Ճանապարհը՝ չպիտի մեզ թույլ տանք քար նետել եկեղեցի կառուցողի վրա. եկեղեցին… մենք ենք:

Մարդն անդադար Աստծուն է փնտրում. փնտրտուքը դարերի պատմություն ունի: Մենք Աստծուն փնտրում ենք մե՛ր մեջ, մեզ համար սիրելի և օտար մարդկանց մեջ, փնտրում ենք բնության գրկում, նույնիսկ... քաղաքի աղմուկում, որովհետև Աստված ամենուր է, բայց մենք տեսնում ենք նաև, թե ինչ է արել մարդն իրեն ժառանգած բնության հետ, ինչով է լցրել մոլորակն ու իր սիրտը. մենք տեսնում ենք, թե ինչով է լցված մարդկային կյանքը՝ ամենակործան կրքերով, մեղքերով, հոգին ավերող չարությամբ: Մենք անապատանում ենք սեփական մեղքերի մեջ ու եկեղեցին միա՛կ օազիսն է, որտեղ հոսում է Աստծո ամենափրկիչ խոսքը, խորհուրդը, ներկայությունը:

Երբ քրիստոնյա ընտանիքում ծնված լինելու երջանկությունն ունենք, եկեղեցի հաճախելը մանկության ամենախորհրդավոր, գեղեցիկ ու լուսե հատվածներից մեկն է. մեր հավատը ծնվում է եկեղեցում՝ մոմ վառելու երջանկության մեջ: Մանուկները գիտե՛ն հրճվել անգամ ամենապարզ գործողություններ կատարելիս: Հետո մենք մեծանում ենք ու ծնողներից անկախ ենք սկսում եկեղեցի հաճախել ու մեր սեփակա՛ն հարաբերությունը կերտել Աստծո հետ:

Եկեղեցու պատերից ներս են կատարվում մեր կյանքի երկու կարևորագույն իրադարձությունները. սկզբում մեզ որդեգրում է Երկինքը՝ մկրտությամբ մենք դառնում ենք Աստծո մեծ ընտանիքի անդամ: Հետո եկեղեցում օրհնվում է մեր ամուսնությունը, ընտանիք ունենալու երջանկությունը, այստեղ են սերն ու պատասխանատվությունը հանդիպում իրար: Եվ, այո՛, եկեղեցին քարե ու քարացած շենք չէ, այն ապրող ու շնչո՛ղ է, և այստեղ մենք ազատ ենք լինելու այն, ինչ կանք, որովհետև այստեղ մենք զգում ենք մեզ Արարողի, մեզ Սիրողի, Իր Կյանքը մե՛զ համար տվողի էությունը:

Յուրքանաչյուր եկեղեցի ունի իր հոգին ու սիրով լցված սիրտը՝ իրեն բնորոշ հոգևոր մխիթարությամբ: Պատահական չէ, որ որոշ եկեղեցիներ մեզ համար ավելի հարազատ են դառնում և ժամանակ առ ժամանակ մեզ բառացիորեն կանչում: Մի անհաղթահարելի պահանջով մենք վերադառնում ենք մե՛ր եկեղեցի՝ զգալու և վերապրելու այն հոգևոր զգացումները, որոնք ունեցել ենք այդտեղ. կրկի՛ն զգալու սիրած խնկաբույրը, հիանալու սրբապատկերների արդեն ծանոթ մանրամասներով, գտնելու կորցրած խաղաղությունը, լսելու զանգակատնից շառաչող հոգեղեն պոեզիան, խոսելու Աստծո հետ, զղջալու գործած մեղքերի համար, ապրելու և արարելու նո՛ր ուժով լցվելու, խորհելու, մաքրվելու ու առնելու ողջը՝ առողջանալու և դուրս գալու եկեղեցուց հստակ որոշմամբ՝ ապրել աստվածահաճո կյանքով, որովհետև եկեղեցին նաև եկեղեցու պատերից դու՛րս է, ու մենք ենք այդ եկեղեցու կառուցողները. մե՛նք մեր կյանքով ու առօրյայով ենք օծում այդ եկեղեցին:

Ու թող ա՛յս գիտակցումով անմասն չմնանք Եկեղեցի կառուցելու մեզ տրված հնարավորությունից:

Անժելա Պողոսյան

Աղբյուր՝ Qahana.am