Այսպէս է ասում Տէրը. «Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակներ 21:21)

Սուրբ Յովհաննէս Մկրտիչ լեր մեզ բարեխօս...

Մարգարեներն հին Իսրայելի հովիվները եղան, որոնց Տերը նախապես ընտրելով առաքեց աշխարհ՝ ավետարանելու Աստծու Որդու գալուստը, անթարգմանելի տնօրինությամբ, և նրանք Տիրոջ գալստյան խորհուրդը հայտնեցին բազում տեսիլքներով ու օրինակներով:

Քրիստոս մարգարեների համար ասաց. Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն էին (Ղուկ. ԺԶ 16): Քանզի մարգարեները Քրիստոսի համար էին եկել և Քրիստոսի համար մարգարեացել: Նրանք հեռվից տեսան Քրիստոսին, իսկ Հովհաննեսը ականատես եղավ և ճանապարհ պատրաստեց Տիրոջ համար: Աստված մարգարեներին առաքեց մութ գիշերային ժամին, որպեսզի մարդկանց պատմեն Իմանալի Արեգակի գալստյան մասին: Այժմ նահապետների ու մարգարեների դասերը վերին զորքերի հետ միաձայն երգում են հոգևոր երգեր:

Ս. Աստվածածնին իր երկնային ավետիսը բերելուց 6 ամիս առաջ Գաբրիել հրեշտակապետը այցելեց Երուսաղեմի Տաճարում ծառայող բարեպաշտ Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի է ունենալու, որը լինելու է Փրկչի նախակարապետը:

Սակայն քահանան կասկածեց այս խոսքերին, քանի որ ինքը և իր կինը խիստ ծեր էին: Այդ կասկածի համար նա պատժվեց և մինչև ասվածի իրականանալը չէր կարողանում խոսել:

Երբ խոստման համաձայն մանուկը ծնվեց, և ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ մանուկ Հովհաննեսը կլինի Նրա նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի ընդունելու աշխարհի Փրկչին:

Այս հրաշալի իրադարձության լուրը շուտով տարածվեց ողջ Հրեաստանով, և բոլորն ակնածանքով խորհում էին մանկան ապագա գործերի մասին:

Հովհաննեսը վաղ զրկվեց ծնողներից և հեռացավ անապատ, ուր ապրում էր քարանձավում խստագույն ճգնությունների մեջ: Նա կրում էր ուղտի մազից զգեստ, գոտի էր կապում և սնվում վայրի մեղրով ու մարախով:

Երբ լրացավ Հովհաննեսի 30 տարին, Աստծո հրամանով նա եկավ դեպի Հորդանան գետը և սկսեց քարոզել ժողովրդին: «Ապաշխարեցե՛ք,- ասում էր նա,- որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [Մատթ. 3.2]: Նա հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, շուտով կկործանվեն, քանզի մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Այդ ժամանակ մկրտության եկողների մեջ հայտնվեց Հիսուսը և բոլորի պես Ինքն էլ մկրտվեց Հովհաննեսի կողմից:

Սուրբ Հովհաննեսը մինչև վերջ կատարեց իր գործը՝ նախապատրաստելով Տիրոջ ճանապարհը, ճանաչելով և ընդունելով Նրան: Վկայելով Փրկչի մասին՝ նա ցնծում էր ուրախությունից և մարգարեանում իր մոտալուտ մահվան մասին:

Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի կողմից, որին հանդիմանել էր անօրինական ամուսնության համար:

Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» [Մատթ. 11.11]: