Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Մարտիրոս Սարյանի նամակ Ավետիք Իսահակյանին

1925, փետրվարի 2, Երևան

Սիրելի Ավետիք,
Ես քեզ քանի անգամ գրել էի նամակներիս մեջ, որ քո ուղարկած լուսանկարները և Վենետիկի ալբոմները տիկին Մարտիրոսյանի միջոցով վաղուց ստացել և դրա համար քանի-քանի անգամ շնորհակալություն եմ քեզ հայտնել: Ես կարծում եմ, որ իմ նամակները դու ստացել ես արդեն, քանի որ ես քո նամակները ստանում եմ կանոնավոր կերպով:

Ինչպես գիտես, մեզ մոտ կյանքը մեծ թափով առաջ է գնում, աշխատողի համար գործ շատ կա, ճիշտ է՝ հարմարություններ քիչ կան: Երևանում կոմֆորտով ապրելու հնարավորություն չկա, հենց դրա համար էլ Ա. Թամանյանի Երևանի նոր կազմած նախագծով գարնանից սկսվելու են կառուցվել նոր շենքեր, իհարկե՝ հարմարություններով, համենայն դեպս, այդ շենքերը կլինեն ավելի գեղեցիկ և հարմար, քան թե այն բոլոր շենքերը, որ հայ բուրժուազիան շինել է Թիֆլիսում, Բաքվում, Արմավիրում, Ռոստովում և մի շարք քաղաքներում Հայաստանից դուրս:

Այստեղի վերջին նորությունները, որոնք կարող են քեզ համար հետաքրքիր լինել, հետևյալն են. Միքայել Մանվելյանը գրել է մի նոր պիեսա՝ «Լուսնոտ աղջիկը» անունով, որը կարդաց ընկերական շրջաններում և, կարծեմ, տպագրվելու է «Նորքում», որտեղ, չեմ հասկանում ինչու, մինչև հիմա դու չես մասնակցում: Դերենիկը Երևանում է, և նրա «Քաջ Նազար» պիեսան Պետական թատրոնի բեմի վրա մեծ հաջողությամբ ներկայացվում է, կարծեմ 15, թե 16-րդ անգամ:

Ի միջի այլոց, մեր Պետական թատրոնը մեծ նվաճումներ է արել, և հասարակությունը մեծ հաճույքով հա-ճախում է:

Կոնսերվատորիան տալիս է հերթական համերգներ, լրացնելով հասարակության երաժշտական պահանջը, որի գլուխն է կանգնած Արշակ Ադամյանը՝ շատ լուրջ և գործին նվիրված մարդ:

Երևանում գտնվում է նույնպես կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը, պատրաստել և վերջնականապես կավարտի մոտակա օրերս մի հայկական օպերա՝ «Ալմաստ» անունով, որի լիբրետտոն վերցված է Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմայից և մշակված է Սոֆիա Փարնոկ ռուս բանաստեղծուհու միջոցով:

Նկարիչների, այսինքն՝ կերպարվեստի աշխատավորների ընկերությունը, պատրաստվում է Երկրորդ գարնանային պատկերահանդեսին, որը բացվելու է ամենաուշը մայիսի մեկին:

Այս օրերս Վենետիկից՝ Հացունուց ստացա նամակ, և պատասխանը կստանա իրան հետաքրքրող տեղեկություններով՝ Հնությանց պահպանության կոմիտեի քարտուղար Աշխարհբեկ Քալանթարից:

Նորերս գտնվել է հայկական արքայի արձանի գլուխը, որը մեծ հնագիտական արժեք է ներկայացնում:

Ուրեմն, նամակս պետք է վերջացնեմ, որովհետև չորս երեսը լրանում է: Բարևներս ընտանիքիդ:

Քո՝ Մարտիրոս