Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Սուրբ Հովհան Ոսկեբերան ( 347-407)

Տոնելի սուրբ հայրերից է, որոնք հայտնի են «երկոտ ասան վարդապետք» անունով: Կ. Պոլսի պատրիարք (398-404) Անտիոքի Մելետիոս հայրապետը (ազգությամբ` հայ) նախ` Հովհան Ոսկեբերանին, ապա և ծնողներին քրիստոնյա է մկրտել: Մելետիոսի հսկողությամբ Հովհան Ոսկեբերանը ուսանել է Անտիոքի նոր մկրտվածների դպրոցում: Քրիստոնեության դասերին զուգընթաց նշանավոր հռետորների և իմաստասերների մոտ հետևել է փիլիսոփայության և արտաքին գիտությունների դասընթացներին, այնուհետև Աթենքում փիլիսոփայության ուսումնասիրությունը շարուն ակել Անթոմիոս փիլիսոփայի մոտ:

Տասնութ տարեկանում եռանդով ու հետևողականորեն սկսել է զբաղվել Սուրբ Գրքի և աստվածաբանության ուսումնասիրությամբ, ապա Անտիոքի մոտակա լեռներում` քարայրի մեջ, երկու տարի անձնատուր եղել ճգնավորական խստակեցության: 381 թվականին Հովհան Ոսկեբերանը ձեռնադրվել է սարկավագ, 386 թվականին` քահանա և կարգվել Անտիոքի գլխավոր եկեղեցու քարոզիչ: Հովհան Ոսկեբերանի քարոզներն աչքի են ընկնել հռետորական բարձր արվեստով, հոգեբանականնրբին թափանցումներով: Իր հոգեղեն քարոզների և պերճախոսության համար կոչվել է «Ոսկի բերան»: Հովհան Ոսկեբերանը ծավալել է նաև աղքատախնամ գործունեություն: Անտիոքի եկեղեցում նրա հոգածությամբ ամեն օր կերակրվել են շուրջ երեք հազար որբեր, այրիներ, բանտարկյալներ: Իր կամքին հակառակ ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք: Իրեն հատուկ ուղղամիտ համարձակությամբ դատապարտել է հասարակության, հատկապես` արքունիքի հոռի բարքերը: Նրա դեմ կազմվել է հակառակորդների զորեղ խումբ, որը ստոր միջոցներով անվանարկել է նրան ու տապալել:

403 թվականին Քաղկեդոնի մոտ Կաղնյաց ժողովը աթոռազրկել է Հովհան Ոսկեբերանին, աքսորել Բյութանիա (Կ. Պոլսի մոտ): Մեկ օր անց ժողովրդի պահանջով հովվապետը վերադարձել է Կ.Պոլիս: Սակայն կրկին դառնալով արքունիքի խարդավանքների զոհ` աքսորվել է Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը. «առեալ տարան յանապատն Հայոց», որտեղ մնացել է երեք տարի: Այդ ընթացքում ուխտավորների անընդմեջ շարք է ձգվել Անտիոքից դեպի Կոկիսոնի հայոց եկեղեցի: Տեսնելով Հովհան Ոսկեբերանի աճող հեղինակությունը` թշնամիները խնդրել են Արկադիոս կայսրին աքսորել նրան մերձսևծովյան Պիտիոս անմարդաբնակ վայրը: Հովհան Ոսկեբերանը ենթարկվել է ծանր տաժանակրության. ցուրտ ձմռանը ճանապարհի մեծ մասն անցել է հետիոտն և Պոնտոսի Կոմանա քաղաքի մոտ, աքսորավայր չհասած, վախճանվել:

Հովհան Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, թղթեր և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ: Հովհան Ոսկեբերանի երկերն իրենց բովանդակությամբ ու ձևով միջնադարում եղել են հռետորական խոսքի ու ոճի, եկեղեցական բեմբասացության դասական չափօրինակ: Նրա անունով մեզ են հասել Հին և Նոր Կտակարանների քարոզ-մեկնություններ: Մեկնել է (386-388) Ծննդոցի 1-28 գլուխները, սաղմոսներ, որտեղ անդրադարձել է առաքինության և մոլորության խնդրին, ճշմարիտ աղոթքի կարևորությանը, եկեղեցիներում սաղմոս երգության կարգին, քահանայական պաշտոնի վեհությանը և այլ թեմաների: Սաղմոսների քարոզ-մեկնություններում կան նաև հակաճառություններ արիոսականության, մանիքեության, Պողոս Սամոսատցու մոլորությունների դեմ: Հին Կտակարանից մեկնել է նաև Եսայու, Երեմիայի, Դանիելի մարգարեությունները, Առակների և Հոբի գրքերը, Ա Թագավորությունից որոշ հատվածներ:

Նոր Կտակարանից Հովհան Ոսկեբերանը մեկնել է բոլոր չորս Ավետարանները. մեզ են հասել միայն հատվ ածներ Մատթեոսի (390) և Հովհաննեսի (391) Ավետարաններից: Մատթեոսի Ավետարանը մեկնելիս մերժել է մանիքեական աղանդավորների այն սխալ կարծիքը, թե Հին և Նոր Կտակարանները խորապես տարբերվում են միմյանցից, ցույց տվել, որ Հին և Նոր Կտակարանների Աստվածը նույն օրենսդիրն է: Մատթեոսի Ավետարանի մեկնությունն ուղեկցվում է մյուս Ավետարանների համապատասխան տեղիների համադրական բացատրությամբ: Յուրաքանչյուր համարի բացատրությանը հետևում է հորդորակը,որը տվյալ համարում արծարծված հարցերի բարոյաբանական եզրակացությունն է: Հովհաննեսի Ավետարանի մեկնություն-ճառերն արտասանվել են առավոտյան ժամերգության ընթացքում, կրում են հակաճառական բնույթ և ուղղված են ընդդեմ արիոսականների: Հովհան Ոսկեբերանը այդ ճառերում ապացուցել է, որ ավետարանական բնագրերը կատարելապես համաձայն են եկեղեցու դավանած ճշմարիտ վարդապետությանը: Հովհաննեսի Ավետարանի մեկնություններն ունեն քրիստոսաբանական նկարագիր և իրենց ձևով ու բովանդակությամբ տարբերվում են հեղինակի մյուս մեկնություններից: Գործք առաքելոցի մեկնության ճառերը, Հովհան Ոսկեբերանի իսկ վկայությամբ, գրվել են Կ. Պոլսում 400 թվականին հոգեկան տագնապների, եկեղեցական-քաղաքական հուզումների պայմաններում: Նա նշել է, որ Գործքը լեցուն է քրիստոնեական իմաստությամբ և հստակ վարդապետությամբ, ուստի նախաձեռնել է գրքի մեկնությունը, որպեսզի այդ գանձն անթեղված չմնա: Հովհան Ոսկեբերանը ընդհանրապես կարևորել է Սուրբ Գրքի ուսումնասիրման անհրաժեշտությունը: Նրա մեկնողական վաստակի մեծագույն մասը նվիրված է Պողոս առաքյալի կյանքին, գործունեությանը և թղթերի մեկնությանը: Պողոս առաքյալի «Առ Հռովմայեցիս» թղթի երեսուներկու ճառ-մեկնությունները համարվում են նրա նույն թղթի վրա գրված հայրաբանական մեկնությունների ամենանշանավոր և ամենագեղեցիկ գործը, իսկ քսաներեքերորդ ճառը` քրիստոնեական քաղաքական մտածողության ամենակուռ և փայլուն գրվածքը: Հովհան Ոոսկեբերանի մեկնությունները շարադրված են Անտիոքի աստվածաբանական դպրոցին հատուկ եղանակով և առանձնանում են պատմաբանասիրական, լեզվաքերականական ուրույն հատկանիշներով:

Հինկտակարանային մեկնություններում Աստվածաշնչի հունարեն «Յոթանասնից» թարգմանությունը հաճախ համեմատել է այլ թարգմանությունների հետ, բացահայտել մեկնաբանվող համարի իմաստային նրբերանգները:

Պատմաբանասիրական մեկնաբանման այս եղանակն է կիրառել նաև Նոր Կտակարանը բացատրելիս: Հովհան Ոսկեբերանին են վերագրվում բազում ճառեր, սակայն ոչ բոլորն են նրա գրչին պատկանում: Դավանական և հակաճառական բնույթի ճառաշար է գրել «Յաղագս անճառելի բնութեանն Աստուծոյ» թեմայով, որտեղ պաշտպանել է Աստուծո անճառելի, անըմբռնելի և անիմանալի բնությունը` ընդդեմ հերետիկոսների բնապաշտական հակումների, որոնք ժխտել են քրիստոնեական կրոնի անդրանցականությունը և Որդու բնության հավասարությունը Հոր բնությանը: Նշանավոր են քահանայական ծառայությանը վերաբերող ճառերը: «Յաղագս անդրիանդաց» և անտիոքյան շրջանի այլ երկերում գերակշռում է քրիստոնեական սիրո գաղափարը:« Ընդդեմ հրեաների և հրեացող քրիստոնյաների» ճառը Անտիոքի պատրիարքի թողտվությամբ գործող հրեաների ու նրանց ազդեցությանը ենթարկվող քրիսոնյաների դեմ է: Բարոյախոսական ճառերում նա գովաբանում ու բարձրացնում է ողորմածասիրության քրիստոնեական առաքինությունը` «Լավ է տալն, քան զառնուլն» առաքելական սկզբունքով (Ա Կորնթ. ԺԶ 1-4): Դրա համար էլ նրան կոչել են նաև «Սուրբ Հովհ աննես Ողորմած»: Ճարտասանական արվեստի ընտիր նմուշ է Անտիոքի ժողովրդին ուղղած «Յաղագս անդրիանդաց» ճառը: Գրել է նաև ներբողներ` նվիրված Հին Կտակարանի մեծ սրբերին, Անտիոքի եկեղեցու նշանավոր հայրապետներին:

Հովհան Ոսկեբերանի կյանքը և մատենագրական վաստակը մի շարք կողմերով կապված է հայ իրականության հետ: Նրա երկերի մեծ մասը թարգմանել են հայ վարդապետները հինգերորդ դարում` գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո: Թարգմանությունների լեզուն և ոճը համարվում են դասական` իրենց հստակությամբ, ճշգրտությամբ ու գեղեցկությամբ: Միայն Երևանի Մատենադարանում նրա երկերի ամբողջական կամ հատվածական բազում ձեռագիր թարգմանություններ են պահվում: Առաջին տպագիր երկը` «Մեկնութիւն սրբոյ Աւետարանին` ըստ Յօհաննու» (1717), բաղկացած է ութսունյոթ ճառից և «յորդորակներից», ընդ որում, յուրաքանչյուր ճառ համարվում է «աստվածախօս» մի գիրք: Տպագրվել են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված «Ներբող եանք…»-ը (1734), որոնք Հովհան Ոսկեբերանը գրել է աքսորավայրում, Կոկիոսի հայության խնդրանքով, և արտասանել «յոգնախումբ բազմութեանն» առաջ. «Երանելի՛ քեզ, անապատ Հայաստանեայց, որ ժողովեցեր զարեգակնդ բազմաճառագայթ ի ծոց քո և լուսաւորեցեր արփիափայլ նշուլիւք դորա» (էջ 110-115):

Տպագրված գործերի շարքում իր ուրույն տեղն ունի «Հատընտիր գիրք և ճառք և ներբողեանքը» (հ. 1-2, 1818): Հովհան Ոսկեբերանի մատենագրական վաստակի հայերեն թարգմանված և տպագրված գործերի մեջ կարևոր տեղ են գրավում նաև Մատթեոսի Ավետարանի («յԱւետարանագիրն Մատթեոս, գիրք 1, 2, 1826) և Պողոս առաքյալի թղթերի («Մեկնութիւն Թղթոցն Պաւղոսի», հ. 1, 2, 1862) մեկնությունների վենետիկյան հրատարակությունները:

Միջազգային բանասիրության համար խիստ կարևոր է Եսայու մարգարեության մեկնության (հունարեն բնագրի մեծ մասը կորած է) հայերեն թարգմանությունը (հրտ. 1880): Միայն հայերենով են պահպանվել նաև Եզեկիելի, Ամբակումի մարգարեությունների, Մարկոսի, Ղուկասի Ավետարանների, Կաթողիկե թղթերի հատվածական մեկնությունները, բազմաթիվ ճառեր: Մեզ է հասել Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի թարգմանությամբ Հովհան Ոսկեբերանի վարքը, որը տպագրվել է 1751 թվականին Վենետիկում` «Պատմութիւն վարուց» խորագրով: Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն թարգմանությունները լայնորեն օգտագործվել են հայ մեկնողական (Անանիա Սանահնեցու, Սարգիս Կունդի, Գևորգ Սկևռացու, Վարդան Արևելցու խմբագիր մեկնություններ), դավանաբանական («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ» և այլ) գրականության մեջ։

Աղբյուր՝ Ter-hambardzum