Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Եկեղեցի, պետություն և ժողովրդավարություն

Եկեղեցու և պետության բարձրաստիճան ներկայացուցիչների հակամարտության օրինակ է Հուսիկ Կաթողիկոսի և Հայոց Տիրան թագավորի միջև ծագած հակառակությունը: Հուսիկ Կաթողիկոսը Տիրանին և պալատականներին շատ անգամներ հանդիմանել է քրիստոնյային ոչ վայել վարքուբարքի համար: Եվ մի անգամ, երբ Տիրանը գտնվում էր Ծոփաց Բնաբեղ բերդում և եկեղեցական տոնի առիթով ցանկանում էր եկեղեցի մտնել, Հուսիկը արգելում է նրա մուտքը` ասելով. «Արժանի չես, ինչո՞ւ ես ներս մտնում»: Տիրանը, չկարողանալով այսպիսի անպատվություն հանդուրժել, հրամայում է բրածեծ անել Կաթողիկոսին, որի պատճառով էլ Հուսիկը մեռնում է:

Ազատությունը, որքան էլ զարմանալի լինի, կայանում է նաև սահմանափակության մեջ, քանզի եթե մի մարդ կամ մի ոլորտ իր իրավունքները տարածի այլ ասպարեզի վրա, ապա բռնություն կգործադրի: Սակայն Հուսիկի միջամտությունն այդպիսին չէր, որովհետև նա չէր խառնվում երկրի ղեկավարության կամ քաղաքականության գործերին, այլ նրա հանդիմանանքը հոգևոր-բարոյական բնույթի էր:

Եկեղեցու և պետության հակասության մեկ այլ ձև տեսնում ենք Ռուս Եկեղեցու պատմության մեջ: 17-րդ դարը շատ ծանր ժամանակաշրջան եղավ Ռուս Եկեղեցու համար: Անհրաժեշտ էին եկեղեցական բարեփոխումներ` նաև արարողությունների մեջ միօրինակություն հաստատելու, արարողությունների համար կարգված ընթերցվածները կանոնավորելու համար: Ժամանակի պատրիարք Նիկոնը, ունենալով պետության և թագավորի` Ալեքսեյ Միխայլովիչի հովանավորությունը, կարողացավ իրականացնել բարեփոխումները` Հույն Եկեղեցու սովորույթներին հետևելով: Բայց ռուս հոգևորականության որոշ մասը դեմ դուրս եկավ` պնդելով, որ պետք է պահվեն հին ավանդույթները: Այս պաճառով 17-րդ դարում Եկեղեցում պառակտում եղավ, և Ռուս Եկեղեցին բաժանվեց երկու մասի: Նիկոն պատրիարքն իր բարեփոխումներից հետո սկսեց նաև միջամտել պետության վարած արտաքին քաղաքականության գործերին, քանի որ այն մտքին էր, թե Եկեղեցին բարձր է պետությունից, և քահանայությունը` միապետությունից: Այս պատճառով հակառակություն եղավ թագավորի և պատրիարքի միջև, ժողով գումարվեց, որով պատրիարքը գահընկեց հայտարարվեց և արտաքսվեց:

Եկեղեցու և պետության ներկայացուցիչների հակասության տարբեր ձևեր են Հուսիկ Կաթողիկոսի և Նիկոն պատրիարքի հակառակությունները պետության ղեկավարի հետ: Նիկոն պատրիարքն անմիջականորեն խառնվում էր թագավորի վարած քաղաքականությանը, մինչդեռ Տիրանի պարագային միայն հոգևոր կյանքին ու հավատքին վերաբերող հանդիմանություն էր հնչում: Եկեղեցու և պետության հակասությունը սրվել է հատկապես հեղափոխությունների ժամանակ, որոնցից պատմության մեջ ամենանշանավորներից մեկը Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր` սկսված 1789 թ.: Հեղափոխականները բացասաբար էին տրամադրված ոչ միայն թագավորական կարգերի, այլ նաև Եկեղեցու դեմ, և հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերին, ինչպես 1917 թ. բոլշևիկյան հեղափոխության ժամանակ, բռնագրավեցին եկեղեցական կալվածքները, ունեցվածքը և եկեղեցական ամեն ինչ հայտարարեցին ազգային սեփականություն, նույնիսկ հոգևորականներին զրկեցին իրենց տիտղոսներից: 17-18-րդ դարերը պատմության մեջ կոչվում են լուսավորականության կամ լուսավորչության դարաշրջան, որովհետև այդ ժամանակ ի հայտ եկան մարդիկ, ովքեր փորձում էին իբր թե լուսավորել ժողովրդին առաջադեմ գաղափարներով: Նրանք կոչվեցին լուսավորիչներ, որոնցից էր Ժան Ժակ Ռուսոն (1712-1778): Ռուսոն իր հայացքները շարադրել է «Հասարակական պայմանգրի մասին» աշխատության մեջ, որտեղ ասում է, թե հասարակությունը պայմանգրով իշխանությունը հանձնել էր թագավորներին, միապետներին, բայց քանի որ նրանք չարաշահում են այդ իշխանությունը, ապա հասարակությունը պատք է այն ետ վերցնի և ստեղծի դեմոկրատական, հանրապետական պետություն: Այդպիսի պետության մեջ յուրաքանչյուր լիիրավ անդամ պետք է անմիջական մասնակցություն ունենա երկրի ղեկավարության, օրենսդրության ու դատարանի մեջ: Այսպիսով ձեռք կբերվի քաղաքացիական հավասարություն:

Վերջին ժամանակներում Ռուս Եկեղեցու հրատարակչական մարմնի կողմից շրջանառության մեջ դրված մի գրքի հեղինակը անդրադառնում է ժողովրդավարությանը և ցույց տալիս նրա բացասական կողմերը: Ժողովրդավարական պետության մեջ իշխանությունը բաժանված է հասարակության անդամներին անսահմանելիորեն փոքր մասնիկներով, որոնք առանձին իրենցից ոչ մի ուժ չեն ներկայացնում և ուժ են դառնում միայն համախմբման դեպքում, իսկ այդ համախմբումը լինում է ժողովրդի կողմից ընտրված մի քանի անձանց մոտ, ովքեր երբեմն իրենց օգտին են այն գործածում: Ժողովրդավարության գեղեցիկ գաղափարներն անթերի կգործեին` իրականություն դառնալով, եթե մարդիկ կատարյալ լինեին և կարողանային իրենց անձնական շահերը զոհել հանուն հասարակության շահերի: Սակայն մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաառաջադեմ դեմոկրատական երկրներում այս իմաստով բազմաթիվ բողոքներ են լինում:

Ռուսոյին ժամանակակից մեկ այլ փիլիսոփա` Վոլտերը, երկրի ղեկավարման խնդրի լուծումը տեսնում էր միապետություն ստեղծելու մեջ` պայմանով, որ միապետը պետք է լինի փիլիսոփայորեն կրթյալ, որով կկարողանա իմաստությամբ առաջնորդել իր երկիրն ու ժողովրդին դեպի բարգավաճում: Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում և չի ասում, թե լավ է կառավարման այս կամ այն ձևը: Բայց հաստատորեն կարող ենք ասել, որ ինչպիսին էլ այն լինի, դատապարտված է ձախողման, եթե մարդիկ հեռու են Աստծուց և Նրա պատվիրանների իրագործումից:

Հնազանդություն իշխանություններին

Ժողովրդավարական պետություն հաստատելու կողմնակից լուսավորականության փիլիսոփաների սխալն այն էր, որ իշխանությունը համարում էին ժողովրդինը, և այսօր էլ դեմոկրատիայի գաղափարախոսության համաձայն` ժողովուրդն է իշխանություն տվողը: Այս միտքն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում իշխանության վերաբերյալ Աստվածաշնչի հայտնած մտքի հետ, ըստ որի` «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռ. 13.1-2): Հեղափոխականները քարոզում էին եղբայրություն, ազատություն և հավասարության, բայց իշխանության գալով` արյունահեղ սպանություններով ու ահաբեկչություններով դաժան հաշվեհարդար էին տեսնում իրենց հակառակորդների հետ, ինչպես եղավ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, որի առնչությամբ ֆրանսիացի գրողներից մեկը գրում է. «Ցավով ենք հաստատում մեր դարի սանձարձակ հարձակումները քրիստոնեության դեմ: Դեռ երկար կհիշվեն այն օրերը, երբ արյունարբու մարդիկ հավակնեցին առաքինության կոթողներ բարձրացնել քրիստոնեության փլատակների վրա»: Աստվածաշունչը չի հորդորում եղբայրություն ու հավասարություն հաստատել հեղափոխության միջոցով, այլ` միմյանց հանդեպ սիրո ու խոնարհության զգացումներով վարվել: Պողոս առաքյալն ասում է. «Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով և դողով և անկեղծ սրտով, ինչպես հնազանդ եք Քրիստոսին. ո՛չ թե հսկողության տակ ծառայելով, որպես մարդահաճո անձեր, այլ` որպես Քրիստոսի ծառաներ` կատարելու համար Աստծու կամքը: Հոժարությա՛մբ ծառայեցեք, ինչպես պիտի ծառայեիք Տիրոջը և ոչ թե` մարդկանց:

Իմացե՛ք, որ յուրաքանչյուր ոք` թե՛ ծառա և թե՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նույնն էլ կստանա Տիրոջից: Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց հանդեպ` մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացե՛ք, որ և՛ նրանք, և՛ դուք Տեր ունեք երկնքում, և Նրա առաջ աչառություն չկա» (Եփես. 6.5-9): Պետրոս առաքյալը պատվիրում է հնազանդ լինել նույնիսկ դաժան իշխանավորներին. «Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով» (Ա Պետ 2.18): Այսինքն` Աստված մարդու համբերատարության ու դրսևորած սիրո համար նրան բազմապատիկ կվարձատրի, և մարդն այսպես կարող է սիրո լիակատար հաղթանակ տանել, որովհետև գոռոզությունն ու ամբարատավանությունը պարտվում են սիրուց: Հպարտությունը ոչնչանում է, երբ հանդիպում է սիրո և խոնարհության: Այսպիսի հարաբերություններով է, որ կհաստատվի եղբայրություն ու հարաբերություններում սիրո հավասարություն: Եկեղեցին երբեք չի հորդորել հեղափոխությունների, այլ, ընդհակառակը, աղոթքներ է կարգել երկրի թագավորների, իշխանների համար, որպեսզի նրանք դառնան ավելի լավը, և հանուն ժողովրդի ու պետության շահերի նրանց ջանքերը պտղավորվեն հիանալի արդյունքներով: Այդ աղոթքներն ասվում են ժամերգությունների և պատարագների ժամանակ, որոնցից է հետևյալ աղոթքը. «Տէ՛ր Աստուած, օգնեա՛ թագաւորաց քրիստոնէից և իշխանացն բարեպաշտից, զօրաց և զաւակաց նոցին` պահելով ի խաղաղութեան»: Նաև Պողոս առաքյալն է աղաչում աղոթել իշխանավորների համար (Ա Տիմ. 2.1-2):

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor