Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Մուրացան «Խորհրդավոր միանձնուհի»

► Ես նմանում էի ծովամույն (ծովահեղձ) եղող մի մարդու, որ ալիքների հետ կռվելով աշխատում է ափին մոտենալ և հենց այն րոպեին, որ ձգում է ձեռը ժայռերից բռնելու, ահա մի կոհակ գալիս, խփում է նրան և հեղձամղձուկ անելով՝ կրկին ծովի խորքը նետում. նա նորից փորձ է անում, նորից մոտենում ափին և դարձյալ ալիքներից մղվում դեպի ծովի խորքերը:

► Ես հոգնել, ձանձրացել եմ սովորական մարդկանցից, և, մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որը յուր մեջ, ինձ համար, չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող: Այժմ արդեն փնտրում եմ նախկին մարդն ու նրա անխարդախ և, թեկուզ, կիսով չափ վայրենի ընկերակցությունը: Ինձ թվում է, թե այդ տեսակ ընկերակցության մեջ իմ սիրտը հանգիստ և հոգիս պիտի խաղաղ լինի: Չգիտեմ՝ շրջապատիս մեջ է անկեղծությունը պակասու՞մ, թե՞ իմ մեջ հավատը: Կարծում եմ, թե միայն ազատ բնությունն է, որ անհաճո ոչինչ չունի իր մեջ:

► Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում...
Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք:

► Եվ որովհետև ես այն կարծիքին էի, թե ոչ մի արտաքին հանգամանք այնպես շուտ չի գրավել կնոջ բարեկամությունն ու մտերմությունը (խոսքս, իհարկե, լրջամիտ և զգայական կյանքով չապրող կնոջ մասին է), որքան ներքին համոզմունքների և գաղափարների միությունը, ուստի անչափ գոհ եղա, երբ տեսա, որ նա, շատ հարցերի նկատմամբ, համամիտ ու գաղափարակից է ինձ:

► Կան դրություններ, որոնց պատճառած հաճույքն ու վիշտը զգալու համար պետք է անպատճառ այդ դրություններին ենթարկվել: Հետևապես, նա, որ միայն այդ դրությունների նկարագիրն է լսում և բնականաբար չի բաժանելու դրանց պատճառած հաճույքն ու վիշտը, կարող է ակամա ցավ պատճառել նկարագրողին:

► Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում:

► ...Երբ նստում էի դաս պատրաստելու, դեռ կեսը չանցած, միտքը թռչում էր մի ուրիշ տեղ, աչքերս սևեռվում էին մի առարկայի վրա և երբեմն ժամերով մնում էի այդպես կես քուն, կես արթուն: Ինքս էլ չգիտեի, թե ինչի՞ վրա եմ մտածում: Եվ երբ ուշաբերելով նորեն սկսում էի կարդալ, տեսնում էի, որ սովորածս արդեն մոռացել եմ...

► Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք կարդալու...