Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Վահան Տերյանի նամակները Ավետիք Իսահակյանին

Ավ.Ւսահակյանին

1908, 23 ապրիլի, Թբիլիսի

Սիրելի Ավետիք

Այսօր ստացա նամակդ, որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ: Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ, սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:

Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու: Այժմ սպասում եմ, հուսով եմ, որ կտեսնվենք, թեև կարող է պատահել, որ ես գնամ գյուղ, որովհետև եթե մնայի, պիտի մնայի գրքի հրատարակության համար, իսկ այժմ միտք չունի մնալս, որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել: Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է, և ես կարծում եմ, որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել, թեև դու լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս, այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի, որ դասերով դժվար է հայթայթել:

Մի խոսքով կգաս այստեղ, կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք,ինձ թվում է, որ դա կարելի բան է:
Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին, որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում: Քո մասին շատ բաներ եմ լսել, բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք: Մեր Ս-Դ.-ական «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ ես այնտեղ կգամ, որովհետև քո քննադատներից գոհ չեմ: Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն, այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:

Տեսնենք:

Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ: Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում... Մի՞թե չգիտես, որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:

Առայժմ այսքանը:

Կտեսնվենք կխոսենք:

Քո Վահան

Ավ.Ւսահակյանին

1906, 20 մարտի, Մոսկվա

Սիրելի Ավո ջան

Ստանալով փոքրիկ նամակդ,մինչև այսօր սպասում էի ընդարձակ պատասխանի,բայց ըստ երևույթին Это только так говорится, մանավանդ պոետները երևի, երաշխավոր չեն իրանց խոսքերին:Իհարկե Ավետիքը առավել ևս: Երեկ լսեցի, որ Թիֆլիս էլի քեֆ ես անում և վճռեցինք Պողոսի հետ, որ էլի մի կոնֆլիկտ է պատահել avec Սոֆի կամ Աննետ:

Մի խոսքով: Մեզանում, Ավո ջան, քննությունները շուտով կսկսվեն, և այս վերջին ժամանակները այնպես են բեռնավորել պարապմունքներով (իհարկե հիմարագույն), որ չգիտես ինչ անես:Հավատացնում եմ, ոչ ոքի նամակ չեմ գրել.......

Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությունը: Իհարկե համոզված լինելով, որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորքով հրատարակել, քո անհուն աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկիրը:Պարոն գերմարդ, այդ ի ՞նչ է պատահել, որ այժմ սկսել ես «հացի երգեր» ասել:

Լևոնիկին բարևներ:

Առայժմ այսքանը:

Քո Վահան