Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր

Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:

Քո հանցավոր ծառան և բազմամեղս խնդրում եմ Քո առատ ողորմությունից՝ մի հիշիր իմ առաջին մեղքերը, այլ միջիններով ու վերջիններով վերացրու ինձնից: Սրբիր ինձ սրբարար Քո զորությամբ և ազատիր անթիվ հանցանքներիցս, մաքրիր ինձ խղճմտանքիցս և արձակիր մեղքի կապերից:

Թող ինձ իմ պարտքերը, ինչպես թողիր անդամալույծին, և արդարացրու՝ ինչպես մաքսավորին, փրկիր ինձ աններելի տանջանքից և մոլորյալիս մտցրու Քո սիրելիների խորանները, որպեսզի և ես նրանց հետ փառավորեմ Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Հովհաննես  Վարդապետ Գառնեցի

Գրառեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը

Աղբյուր՝ Ter-hambardzum.net