Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Բոլորին կախարդել էր այն իրողությունը, որ հռչակավոր դերասանն իր ոտքով է հյուր եկել. Ավետ Ավետիսյան

Բացասական դերեր խաղացող դերասանները հազվադեպ են սիրված լինում: Հանդիսականը դերակատարին ու հերոսին նույնացնելու պարզունակ սովորույթ ունի ամենուր, նաև Հայաստանում: Այդուհանդերձ Ավետ Ավետիսյանին հայ թատերասերներն այնքան էին գնահատում, որքան ասենք Գուրգեն Ջանիբեկյանին կամ Վաղարշ Վաղարշյանին: Ըստ երևույթին դրա մոգությունը թաքնված էր դերասանի կատակերգական արտաքինի տակ:

Իր այդ համակրելի արտաքինով ու մեղրածոր ժպիտով նա կանգնել էր Բերդի մշակույթի տան բեմում ու ոչ մի կերպ չէր կարողանում հեռանալ, մարդիկ չէին թողնում: Բոլորին կախարդել էր այն իրողությունը, որ հռչակավոր դերասանն իր ոտքով է հյուր եկել ու մի ամբողջ թատերախումբ էլ հետը բերել է: Երբ ծափերն ու բացականչություններն ի վերջո նրան «թույլ տվեցին» շարժվել դեպի մոտակա հյուրանոց` ես հայրիկիս ձեռքն ամուր բռնեցի ու հասկացրի, որ ինձ տուն չուղարկի, ուզում եմ դերասանի հետ ծանոթանալ: 12 կամ 13 տարեկան էի, գլխիս մեջ գրականությունն ու թատրոնն անվախճան վեճի մեջ էին, բայց ըստ երևույթին` այդ պահին երկրորդի գերակշռությամբ:

Քանի որ հյուրախաղերի կազմակերպիչը հայրս էր ու անպայման հասցրած կլիներ հյուրերին իր թատերամոլ դստրիկի մասին պատմել` Ավետ Ավետիսյանը մի քննախույզ հայացքով հարցրեց.

- Սա՞ է մեր թատրոնի ապագա աչոնիկը:

Լավ է, որ անունն ինձ չկպավ, հավանաբար պատճառն այն էր, որ հնչեց կատակով, մի քիչ էլ զամբախովյան կերպարի հանգույն:

Նույն հարցն Ավետ Ավետիսյանը տվեց, երբ դպրոցն ավարտած ու թատերական ընդունվելու սևեռումը գլխիս մեջ` հայրիկիս հետ գնացի Սունդուկյանի անվան թատրոն, որպեսզի նրա խորհուրդները լսեմ:

- Մի քիչ մեծացել է, բայց որոշումը չի փոխել, հա՞ …

Հարցրեց այնպիսի մտահոգությամբ` կարծեցի հիմա կասի, որ թատերական ինստիտուտը փակվել է կամ թատրոնն է աշխարհի երեսից վերացել: Նման բան չասաց, բայց հենց որ նկատեց Գարուշ Խաժակյանին` հանձնարարեց աչոնիկիս թատրոնում մի քիչ «ման տալ»: Գարուշ Խաժակյանի հետ ևս արվեստի տասնօրյակի ժամանակ էի ծանոթացել, իմ կարծիքով նա ամենակրթ հայ դերասանն էր: Մինչ մենք զրուցելով ճեմասրահում զբոսնում էինք` Ավետ Ավետիսյանն իր գաղտնի բանակցություններն ավարտեց ու ինձ մոտ կանչեց: Գարուշ Խաժակյանի հետ մոտեցանք` դատավճիռս լսելու:

Ամենակիրթ հայ դերասանը մինչ այդ ինձ ասել էր, որ չնայած ոչ մեկը դա չի ընդունում` Ավետ Ավետիսյանը թատրոնի ներքին կյանքը շատ լավ է հասկանում:
Այդ էր, որ կար: Ասաց.

- Հորդ հետ տվինք առանք, որ ուսումով դերասան չեն դառնում: Ով ճակատին գիր ունի` կդառնա, ով չունի` թատերական-մատերական նրանից մենակ անգիր անող դուրս կբերի: Բա՞, աչոն ջան:

Հետագայում ինքս համոզվեցի, որ տաղանդավոր մարդուն կրթությունը մի լավ բան տալիս է, բայց անտաղանդին (օրինակ ինձ, որ թատրոնի համար չէի ծնվել) ոչինչ չի տալիս: Հենց լրագրության մեջ որքան շնորհալի անհատներ կան, ովքեր բանասիրականի կողքով չեն էլ անցել և որքան անցած-ավարտածներ կան, ովքեր պարզ համառոտ նախադասություն կազմել չգիտեն:

Ձիրքն ու ինքնակրթությունը գումարվելու և որակ դառնալու հրաշագործություն ունեն երեք ոլորտներում` թատրոն և կինո, գրականություն, լրագրություն: Ուսուցչապետիս դափնին պատկանում է մեծ դերասան և բացառիկ մարդ Ավետ Ավետիսյանին:

«Լրագրության աստիճանները» անտիպ գրքից
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ․AM