Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

Միջնադար - մի ժամանակաշրջան, երբ աշխարհն ընկալվում էր սիմվոլիկ պատկերացումների ներքո, և արվեստում գերիշխում էր խորհրդաբանական մտա­ծե­լա­կերպը

* * *

Համաձայն քրիստոնեական պատկերացումների` եկեղեցին հանդիսանում է Տիեզեր­քի մոդելը երկրի վրա: Տաճարն ընդգրկում է ողջ Տիեզերքը և համարվում է վեր­ջի­նիս խորհրդաբանական արտապատկերումը: Տաճարի կառուցվածքում ընկած է քրիստոնեության գլ­խա­վոր գաղափարը` մարդ-աստված հարաբերությունն ու երկիր-երկինք սիմվոլիկ կա­պը:

Վաղքրիստոնեական տաճարների` առաջին հերթին բազիլիկ կառույցների տարա­ծական կազմակերպման մեջ ակնհայտ է արևմուտք-արևելք ուղղվածությունը, որում իրար են հաջորդում ատրիումը (բաց բակ), նարտեքսը (նախասրահ), նաոսը (աղո­թասրահ), բեմը (ամբիոն) և աբսիդը (խորան): Այս դասավորությունն ինքնին հու­շում է նորահավատին և հավատացյալին հոգու փրկության ուղին` ցույց տալով վեր­ջի­նիս խորհրդաբանական փուլերը:

Այս երթի մեջ իրենց հերթին առանձնանում են երեք գլխավոր բաժանումներ` նախամուտք, աղոթասրահ, խորան: Վերոնշյալ դասավորությունն հա­մա­պա­տաս­խանում է նաև քրիստոնեական համայնքի երեք գլխավոր բաժանումներին` ապաշ­խա­րողներ, հավատացյալներ, հոգևորականներ:

Էջմիածին

Բազիլիկ տաճարներում կարևորվում է եկեղեցու հորիզոնական ուղ­ղու­թյունը և այն շեշտող խորանը: Խորանին մոտենալու հետ զուգահեռ մեծանում է եկեղեցու մասերի սրբազան նշա­նակությունը: Խորանի հատվածը քրիստոնեական տաճարի ամենասրբազան մասն է` դեպի ուր ուղ­ղվում է եկեղեցի մտնողների ուշադրությունը: Խորանը տաճարի կառուցվածքային ձևավորման ան­քակ­տելի և կանոնիկ մասն է: Այն մարմնավորում է վերերկնային ոլորտը` Եր­կնքի երկինքը` Տիեզերքը: Խորանն իր ձևով (կիսաշրջան) նմանվում է նաև այն քա­րան­ձա­վին, որտեղ ծնվել է Քրիստոսը: Այստեղ է գտնվում Երկնային Տիրոջ գահը` Սբ. Սե­ղա­նը բեմի վրա:

Այնուհետև, երբ լայն տարածում են գտնում և սկսում են գերիշխել կենտրոնագմբեթ եկե­ղե­ցիները, բազիլիկներին բնորոշ խորհրդաբանությունը տեղափոխվում է այնտեղ:

Հայրավանք, գմբեթ (photo by Hayk Barkhudaryan)

Բազիլիկ տաճարները չէին բավարարում նոր պահանջներին այն պատճառով, որ զուրկ էին Տիեզերքի այնպիսի վառ խորհրդանիշից, ինչպիսին էր գմբեթը: Երկիր-երկինք հարաբերության արտահայտման համար կառույցի հորիզոնական ուղղությունը շեշ­տող արևելյան գլխավոր խորանից առավել կարևորվում է եկեղեցու ուղղահայաց առանց­քը, որն ավարտվում է գմբեթով: Գմբեթն իր շրջանաձև ուրվագծով ամ­բող­ջաց­նում է քրիստոնեական եկեղեցու իդեալական կերպարը՝ առավել ընդգծելով քրիս­տո­նեա­կան աշխարհայացքի առանցքային գաղափարը` տաճար-տիեզերք խորհր­դա­բա­նու­թյունը:

Աղբյուր՝ Avestagir