Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մուշեղ Իշխան․ Երգը Խղճի

Վախցիր երբ սիրտդ կարիւնի,
Վէրքը խղճի չունի դարման,
Օր ու գիշեր պիտի բանի.
Մինչեւ հատնի կեանքի ճամբան:

Քեզ չեն կարող էլ վշտակցել,
Խիղճդ ծակող ցաւի համար,
Խղճի արեան ամէն կաթիլ
Կ՛իյնայ ծածուկ եւ աննշմար:

Վախցիր երբ սիրտդ անբասիր,
Մեղապարտի պէս կ՛արիւնի
Եւ կդառնայ տէր ու դպիր
Կեանքն արիւնող ամէն ցաւի:

Աչքերիդ դէմ խղճահարի
Պիտի յորդի մեղքը մարդոց,
Պիտի քայլի զօրքը չարի.
Աշխարհի մէջ տառապակոծ:

Վախցիր երբ դէմքդ է միշտ ժպտուն,
Բայց կարիւնի խիղճդ ներսէն,
Երբ կը կիսես հացը մարդուն,
Բայց արեան համ կը գայ հացէն: