Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

«Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա» Ս. Աթանաս

Սուրբ Աթանաս Մեծը ընդհանրական եկեղեցու հայրապետ է, Հայ Առաքելական եկեղեցու կողմից տոնելի սուրբ, Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից), աստվածաբան։ Հայտնի է որպես արիոսականության առավել եռանդուն ընդդիմախոսներից մեկը։ Աթանաս Ալեքսանդրիացին ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է արիոսական իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում:

Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն: Ս. Աթանասը եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ընտանիքի զավակ էր, ծնվել է Ալեքսանդրիայում 296թ-ին: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով՝ տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին՝ ծովեզրում կանգնած, եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն կատարել ձևացնելուց, հոգևոր կոչումի նշան է նկատում նրա մեջ: Նրան ընդունում է հայրապետանոցի մեջ, որտեղ շնորհալի փոքրիկը կրթվում և զարգանում է: Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»: Հետագայում Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման պարագայում: Փրկությունը, ըստ Աթանասի, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ» Ի վերջո ճշմարտության հաստատման նրա գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարի հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում: Ս. Աթանասը, 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարել է արիոսական հերձվածի դեմ և պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը:

Աղբյուր՝ Qahana.am