Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Կոստան Զարյան

Ազգերի կյանքում առաջադիմությունը` պատմության և մտքի ուրիշ բան չէ, եթե ոչ նոր վերադարձ դեպի բուն ժողովրդի իսկությունը: Դեպի այն վտիտ և պարզ հոգեկան աղբյուրները, որտեղից առաջ են եկել նրա գլխավոր առաքինությունները և որոնց վրա հիմնվել է նրա լինելու կամքը: Այն մաքրամաքուր նախասկզբնական ուժերը, որոնք սնուցել են և արդարացրել նրա էությունը: Այդ տեսակետից, ամեն մի իսկական հեղափոխություն որքան առաջադիմություն է, միևնույն ժամանակ նաև ետ գնալ է, ոչ դեպի այն, ինչ անկատար կերպով անվանում են ավանդություն, այլ դեպի այն, ինչ կազմում է ժողովրդի հոգեկան բնույթը, նրա ծագման դրդապատճառը. այդ ձևով է միայն պահպանվում սերունդների հաջորդականությունը, միաժամանակ նաև առաջադիմությունը…Իսկական հեղաշրջումը կատարվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը վերագտնում է իր պայծառ, անմեղությամբ լուսավորված աչքերը, ա´յն աչքերը, որոնք կարողանում են տեսնել անհրաժեշտը հավիտենականության լույսի տակ և այդ անհրաժեշտը վերածում մարդկային, զու´տ մարդկային արժեքների: Իրականությունը շրջանական է. նա անցյալի և ներկայի համադրությունն է: Նա կյանքի գերագույն այն միությունն է, որով մենք վերամշակում ենք, ինչպես արտը վերամշակվում է ցանողի մեծղի և հիմնական ժեստի մղումով:

Հատված՝ «Նավը լեռան վրա» վեպից