Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Հովհաննես Շիրազի նամակը Բ.Գեմբարսկուն

Սիրելի եւ սիրելի Աստվածատուր Գեմբարսկի:

Իրավ աստվածատուր… Կարդացի Ձեր նամակը իմ բազմաչարչար հայ ժողովրդի մասին, ուղղված մեր բազմադարյան , բթամիտ հարեւանին: Արցունքով լցվեցին իմ սրտի վաղուց քարացած աչքերը: Ահա մի մարդ, որ նորից ձայն բարձրացրեց կեսից ավելին կոտորված ժողովրդի՝ նրանից խլված վիթխարածավալ հողերի, գրեթե ողջ խլված երկրի մասին: Ինչքան ազնիվ արդարություն կա Ձեր սրտի մեջ, կարծես Ձեր մեծ սրտում մի բազկատարած հայուհի է խոսում անիծյալ աստծու հետ, որ չկարողացավ հաղթել նզովյալ ալլահին… Եվ ինրպե՞ս չի ամաչում աշխարհը, լռում է ժայռեղեն լռությամբ, եւ ինչպես հոյակապ էիք վերլուծել 20-րդ դարի ամբողջ պատկերը, ինչպես մի աստվածային հայելու մեջ, թող ամաչեն, թող դժողք չքվեն արդարության անունից խոսող բոլոր սատանաները, որոնց ձեռքերը եւ հոգու բոլորմատները արյունոտ են… հայկական, լեհական, եւ հրեական արյունով…

Խոսք չեմ գտնում Ձեզ գովաբանելու, եւ ինչպես իմ նախահայր, հավիտենական անմահ Մովսես Խորենացին է գրում հայ իշխան Սահակ Բագրատունուն, ուզում եմ ես էլ նրա խոսքը ուղղել Ձեզ, թե նախքան Ձեզ ծանոթանալը ես ծանոթացա Ձեր հոգու մեջ եղած աստվածային ազնիվ շարժմանը, խղճի իմաստությամբ լի ծով արցունքին եւ օրհնում, եւ աղոթում եմ, որ միշտ այդպես մնաք ոչ միայն հայկական հարցի դատի պաշտպանը, որը ամենալլկված դատն է աշխարհի, այլ բոլոր ժողովրդների համար: Ձեր նամակը Ձեր հոգու բոլոր էջերն են եւ բոլոր էջերի վրա գրած, ահա մեծ մարդը:

Հայ ժողովրդի բոլոր շուրթերթվ, որոնք մաքուր են ինչպես միայն երկնքի աստղերը, համբուրում եմ քեզ եւ քո ազգը: Եթե գիտենայի՝ աշխարհի բոլոր դաշտերի ծաղիկները նույնպես մաքուր են աստղերի նման, նրանցով էլ կհամբուրեի Ձեզ:

Հավատում եմ հայոց դատը չի կորչի,
Անմեղ ազգը՝ անապատը չի կորչի,
Ամեն փոքր մեծերին է հավասար՝
Դժողքում էլ Արարատը չի կորչի:

Ցտեսություն մինչեւ Արարատի սուրբ ձյունի վրա համբուրվենք բոլոր ազգերի խաղաղության հավերժական հաղթանակով:

Տպագրվել է «Երեկոյան Երեւան» թերթի 1989թ. դեկտեմբերի 15-ի համարում՝ Անահիտ Տեր-Ղազարյանի հրապարակմամբ:

Բոգդան Գեմբարսկի «Նամակներ աշխարհին»
Երեւանի համալսարանի հրատարակչություն
Երեւան - 1990

Աղբյուր՝ forum.armedu.am