Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Վարդան Վարդապետ. Աղօթք Ամենօրհնեալ Կոյս Մարիամ Աստուածածնին նրա ննջման վայրում ու գերեզմանում եւ կեդրոնի ձորում

Ո՜վ համագոյ Աստուածութիւն Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու, փառաւորում եմ Քեզ, Անոխակա՛լ, որ այսպիսի շնորհ արեցիր եղկելուս՝ պատմելու Քո առաջ իմ անձի անսահման արիւնախառն թարախի մասին, որը Դու քաջ գիտես, բայց ուրախանում ես իմ դարձի ու զղջման համար, քանի որ մարդասէր ու ողորմած ես, Տէ՛ր։ Արդ, ես՝ եղկելիս, իմ կատարեալ ամբարշտութեան համար այսքան բազմաթախանձ մաղթանքներից ու սրտի հառաչանքներից յետոյ Քո ահից դարձեալ կշտամբելով խայտառակում եմ իմ անձը: Եւ կեղծաւոր խօսքեր չեմ գրում գովեստի արժանանալու համար, այլ ճշմարիտն եմ ասում՝ ըստ Քո կամքի ու հաճութեան, ինչպէս եւ Դու ես վկայում, Աստուա՛ծ, որպէսզի ով որ լսի, նախատի ինձ ու դարձեալ թողութիւն խնդրի Քեզանից ինձ համար, եւ Դու, քանի որ ողորմած ես, կներես ու կջնջես իմ մեղքերը, որովհետեւ սովոր ես մէկի աղաչանքներով փրկել եւ ապրեցնել միւսին։

Եւ ահա, իջնելով իմ անձի խորքերը՝ քննեցի ու յիշեցի իմ չար գործերը եւ կամենում եմ թուարկել դրանք, որ աւազից ու անձրեւի շիթերից էլ շատ են, որի պատճառով լքուեցի, եւ կտրուեց յոյսիս լարը։ Եթէ երկինքը մագաղաթ դարձնեմ, որին աւելացնեմ բոլոր հովիտները, համատարած ծովի ջրերը թանաք դարձնեմ, անծայրածիր անտառներից գրիչ պատրաստեմ, հրեշտակների միտքն առնեմ եւ ճշտութեամբ քննելով իմ անօրէնութիւնները՝ թէկուզ հարիւր տարի նստեմ ու գրեմ դրանք, չեմ հասցնի թուել բոլորը, քանի որ գրելու նիւթերը կպակասեն, բայց իմ չարագործութիւններն ի մի չեն հաւաքուի, այլ կկուտակուեն աւազի պէս ու կծանրանան աշխարհի ցամաքի չափ, քանի որ բազմաբոյս եւ բազմապտուղ են դիւական սերմերը, որ ամրացան իմ անձի մէջ մանկութիւնիցս մինչ ծերութիւն, երբ մահը մօտեցաւ ինձ, եւ ապաշխարութիւնը հեռացաւ ինձանից։

Եւ դարձեալ՝ տարակուսելուց յետոյ մտածեցի, որ պէտք չէ անյոյս կորչել, քանի որ Աստուած ողորմած է։ Ապա յիշելով, թէ քանի անգամ են թագաւորների մայրերն ու թագուհիները փրկել մահապարտներին՝ վեր կացայ եւ եղկելի անձովս եկայ ու հասայ Քո ննջման վայրը Սուրբ Սիոնում եւ Քո գերեզմանը Կեդրոնի ձորում, ո՛վ Ամենասուրբ Կոյս Մարիամ եւ Մայր Բանն Աստծու՝ հանգի՛ստ Սուրբ Հոգու եւ լոյսի՛ Հօր տաճար, որ բոլոր արարածներից աւելի վեր բարձրացար, որովհետեւ Աստծու կողմից ստեղծուածներից ոչ ոք չստացաւ Քո պատիւը։ Անճառելի պատուի արժանացար, քանզի Աստուած Իր էութեամբ ու բնութեամբ բնակուեց Քո որովայնում եւ Քեզանից մարմին առաւ Նա, Ում չի կարող կրել ոչ մի արարած, որի համար էլ բոլոր արարածներից Քո բարեխօսութիւնն է աւելի բարձր եւ ընդունելի Աստծու համար։

Արդ, երեսս գետնին՝ երկրպագութեամբ հողն եմ լիզում Քո առաջ, Մա՛յր իմ Աստծու, եւ ցնծութեամբ համբուրելով Քո ննջման տեղն ու գերեզմանը, ուր դրուեց Քո սուրբ ու պատուական մարմինը, դառնակսկիծ հառաչանքներով եւ սրտիս խորքերից անձայն գոչմամբ պաղատում ու թախանձում եմ Քեզ, Մա՛յր Աստծու եւ Կո՛յս, բարեխօսի՛ր ինձ համար Քո Որդու՝ Յիսուս Քրիստոսի առաջ, որպէսզի ների ինձ ողորմութեամբ եւ իսպառ չբարկանայ ինձ վրայ իրաւամբ, քանի որ եթէ իրաւամբ ու արդարութեամբ դատի ինձ, վա՛յ իմ անձին, որովհետեւ անբաւ ու անթիւ մեղքեր գործեցի Նրա առաջ եւ չեմ կարող ապրել մշտական տանջանքների մէջ: Սակայն Դու համարձակութիւն ունես՝ բարեխօսելու Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու առաջ, եւ Աստուած անյապաղ կլսի Քեզ ու փութով կկատարի Քո խնդրածն Իրենից։

Տեսնելով, թէ ինչպէս են թագաւորների մայրերն ու թագուհիները ստիպողաբար յափշտակում մահապարտներին, եւ ոչ ոք չի կարողանում ոչինչ ասել, քանի որ թագաւորի առաջ թագուհին ու մայրը մեծ պատիւ ունեն, հեծեծալով աղաչում եմ Քեզ, Մա՛յր Աստծու՝ լոյսի՛ լեռ եւ ապաստանի՛ քաղաք, Քրիստոսի առաջ բարեխօ՛ս եղիր իմ եղկելի անձի համար եւ աղաչի՛ր Նրան, որ իսպառ չբարկանայ ինձ վրայ։ Եթէ բարկանայ էլ, միեւնոյն է, յետոյ կմեծարի Քեզ՝ Իր ծնողին, քանի որ հեզ է ու ողորմած եւ կամենում է, որ հարկադրես Իրեն։ Եւ Դու, քանի որ համարձակութիւն ունես Նրա առաջ որպէս մայր, ցոյց տալով Նրան Քո սուրբ ստինքները եւ Քո սուրբ կաթով պարտադրելով նրան, ինչպէս որ բոլոր ծնողներն են անում իրենց որդիներին, աղաչի՛ր Հօրը եւ Հոգուն, որ շնորհով ու ողորմութեամբ ջնջեն իմ անօրէնութիւններն ու չարաչար մեղքերը եւ փրկեն ինձ անտանելի ամօթից ու դառը դժոխքից, քանի որ Քեզանից այլ բան խնդրելու երես չունեմ։

Ո՛վ Աստուածամայր եւ Կոյս, քանի որ իմ աննկարագրելի չարիքներով դեւերից ու Ադամի որդիներից աւելի դառնացրեցի Աստծուն, միայն Դու ես իմ, ինչպէս եւ բոլոր հաւատացեալների յոյսը, ակնկալութիւնն ու ապաւէնը այժմ եւ Ահեղ դատաստանի օրը։

Եւ արդ, ընկնելով Քո առաջ՝ աղաչում եմ Քեզ, Մա՛յր եւ Կո՛յս, յանուն ամէնօրհնեալ եւ բոլորին կենդանութիւն պարգեւող Քո Զաւակի՝ ողորմի՛ր իմ եղկելի անձին: Օրհնում եւ փառքով ու պատուով մեծարում եմ Քեզ՝ ասելով.
Արքայութեա՛ն դուռ, արդարների՛ հանգիստ եւ մեղաւորների՛ քաւարան, լքուածների՛ լոյս եւ վհատուածների՛ ապաւէն, հիւանդների՛ դեղ եւ մահացածների՛ կեանք, տկարների՛ զօրութիւն եւ քաղցածների՛ հաց, ապաւէնի՛ վէմ եւ ծարաւեալների՛ ջուր, որբերի՛ հայր եւ մանուկների՛ մայր, ապաստանի՛ քաղաք եւ թիկնապա՛հ եղբայր, սո՛ւրբ մանանայի սափոր եւ անուշահո՛տ խնկի բուրվառ, Աստծո՛ւ տապանակ եւ Նրա՛ պատգամների տախտակ, ծաղկա՛ծ գաւազան եւ կենդանի՛ ջրհոր, փակուա՛ծ դուռ եւ կնքուա՛ծ քարտէզ, երկնաւո՛ր հարս եւ վիմածի՛ն լեռ, լուսաւո՛ր ամպ եւ փեսայածի՛ն կոյս, լոյսի՛ սիւն եւ ծաղի՛կ ծիրանի, բուրաստանի՛ վարդ, երկնայի՛ն քրքում եւ խնձո՛ր՝ դե՛ղ հիւանդի, կինամո՛ն եւ անուշահո՛տ նարդոս, խնկի՛ աման եւ կնքուա՛ծ աղբիւր, Աստծո՛ւ սուրբ եկեղեցու հիմք եւ պարիսպ, պսակ ու փառք, հաւատի՛ մայր եւ կոյսերի՛ պարծանք, քերովբէակա՛ն աթոռ եւ աստուածայի՛ն առագաստ, ցանկալի՛ այգի եւ աստուածատո՛ւնկ դրախտ, ծիրանագո՛յն ծով եւ արեւե՛լք աշխարհի։

Ո՛վ Աստուածամայր, բոլոր արարածներից աւելի վեր դասուեցիր, քանի որ Աստծուն ծնեցիր ու սնեցիր եւ գգուեցիր Անըմբռնելուն արարածներից, որի համար էլ բազմաչեայ քառակերպ քերովբէները երկրպագում են Քեզ ահով, եւ սերովբէները սարսում ու դողում են Քեզանից։ Ո՛վ ամէնօրհնեալ Մայր Աստծու, այսքան է իմ կարողութիւնը, որ անարատ սրտով դաւանեմ Քո Որդուն իբրեւ Հօրը եւ Հոգուն հաւասար Աստծու, եւ Քեզ՝ իբրեւ Աստծու Մօր, ինչպէս որ պատշաճ ու վայել է։ Ո՛վ Մայր Աստծու, Դու էլ արա՛ այն, ինչ վայել է Քեզ, եւ օգնի՛ր ինձ մինչ Դատաստանը՝ բարեխօսելով ինձ համար Քո Որդու առաջ, որպէսզի Իր արեամբ լուանայ իմ հոգու բոլոր ախտերն ու թարախը։ Ընդունի՛ր Քո եւ Քո Որդու, Նրա Հօր եւ Հոգու հանդէպ ունեցած իմ անթերի հաւատը եւ որպէս ընծայ՝ մատուցի՛ր Աստծուն՝ բարեխօս լինելով ինձ համար, եւ Աստուած կլսի Քեզ ուրախութեամբ եւ կազատի իմ անձը դժոխքի սպառնալիքներից։

Ո՛վ Մայր Աստծու, գիտեմ, որ օտարացայ բարութիւնից, սակայն յանուն իմ հաւատի՝ խնայի՛ր ինձ եւ համարձակօրէն աղաչի՛ր Նրան, քանի որ պարտական է Քեզ, թէպէտեւ Քո Աստուածն է, որովհետեւ մեծ պատուի արժանանալով՝ ծնեցիր Նրան, սնեցիր եւ կերակրեցիր Քո կաթով։ Նոյնպէս եւ ես եմ համարձակ զգում ինձ Քո առաջ՝ որպէս ինձ պարտականի, չնայած որ իմ Աստծու Մայրը եղար, եւ դաւանում, քարոզում, խոստովանում եւ օրհնաբանում եմ Քեզ իբրեւ Անարատ կոյսի Քո անճառելի ծննդից յետոյ: Սո՛ւրբ Աստուածածին եւ Կո՛յս, Քո առաջ հող լիզելով՝ անմռունչ հեծութեամբ սրտիս խորքերից աղաչում եմ Քեզ. ողորմի՛ր եղկելուս եւ բարեխօսի՛ր ինձ համար Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու համագոյ եւ միաթագ Աստուածութեան առաջ, որ փրկի ինձ անվերջանալի տանջանքներից եւ ազատի սոսկալի ամօթից։

Այլեւս Քեզ կամ Աստծուն թախանձելու երես չունեմ, Մա՛յր Աստծու, որովհետեւ կամովին ու գիտակցաբար բարկացրեցի Աստծուն իմ զազրելի գործերով, եւ ինձ մնաց միայն ուրախանալ Նրա աստուածութեան փառքով եւ ծափ զարկել մեծ գոհաբանութեամբ անվերջանալի տանջանքներից փրկուելու համար. ամէն։
Որդի՛ եւ Բա՛ն Աստծու Քրիստոս, մեղանչեցի երկնքի եւ Քո առաջ, բոլոր սրբերի բարեխօսութեամբ ազատի՛ր իմ անձը սիրով եւ սրբի՛ր բանական հոգուս բոլոր մեղքերը, որոնք Դու ատում ես՝ գիտենալով, որ չար են։ Եւ Քեզ օրհնութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն։

Հոգի՛ Աստծու՝ Աստուա՛ծ ճշմարիտ, մեղանչեցի երկնքի եւ Քո առաջ, Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ ների՛ր իմ մտքի բոլոր մեղքերը, որոնք Դու գիտես, եւ չար են թւում Քեզ։ Եւ Քեզ փառք եւ գոհութիւն յաւիտեանս։

Համագո՛յ եւ անբաժանելի՛ Սուրբ Երրորդութիւն՝ կատարեա՛լ Աստուած, մեղանչեցի երկնքի եւ Քո առաջ, բարեխօսութեամբ Քո անմարմին զօրքերի, որ մնացին Քո կամքի մէջ, գթա՛, Մարդասէ՛ր, իմ ողորմելի անձին եւ Քո աստուածութեամբ մաքրի՛ր իմ մարդկային բոլոր մեղքերը՝ բնականները, թէ անբնականները, Աստծու, թէ մարդկանց դէմ ուղղուածները, կամայ, թէ ակամայ, գիտութեամբ, թէ անգիտութեամբ, իմ ցանկութեամբ, թէ դեւերի դրդմամբ գործուածները, բնածինները, թէ ձեռքբերովիները, որոնք Դու ատում ես՝ գիտենալով, որ չար են եւ Քո կամքին հակառակ։

Եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Գրաբարից փոխադրեցին Մարկոս քհն. Մանգասարյանը, Խաչեր քհն. Հարությունյանը, Նշան քհն. Ալավերդյանը:
Սկզբնաղբյուր՝ «Շողակն» երկշաբաթաթերթ