Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Հովհաննես Շիրազ․ Մորս խրատը

Մայր իմ ասի,
Քեզ Գանգեսի
Արմավենին հարս բերեմ,
Թե՞ Եղևնին որ քո հարսի
Ողջ կյանքով քեզ համբուրեմ:
- Չե՞, ոստոտ է օտար սերը,
Փշեր ունի եղևնին,
Վերջը սրվող իր փշերը
Խաբված սիրտդ կխաբի:

Արմավենին` արմավենուն,
Դու քո բարդուն բարևիր,
Հարս բեր իմ հայ խնձորենուն,
Դու մեր այգուց մի շեղվիր:
Արմենուհու կույս եմ ուզում
Որ չպոկվես նրանից,
Որ չպոկե իմ հայ լեզուն
Նա թոռներիս բերանից:
Արագիլը արագիլից,
Արծիվն արծվից  է սերում,
Ճանճը` ճանճից,գայլը գայլից,
Վարդից է վարդն հարս բերում։

Բեր վարդուհու մի դեռ կոկոն
Դու քո ծնված անտառից,
Որ երբ հասնի քո երեկոն
Հավք չփախչի քո թառից…
Դեղձը միայն դեղձենիով,
Եղևնով չեն պատվաստում,
Չարն է քանդում օտար գինով
Բնության կապն իմաստուն:
Թե սուրբ լիներ խառնասերը`
Վաղուց էին խառնվել,-
Շատ են խառնել մեր ազգերը
Շատ ցավեր են մեզ տվել…
Ես հայուհու հարս եմ ուզում,
Որ ծաղկի ազգն իմ տանից
Որ չպոկի իմ մայր լեզուն
Իմ թոռների բերանից…