Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Եղիշե առաքյալի վանք (Ջրվշտիկ)

ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ, Ս. Եղիշե առաքյալ վանք, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս-արևմուտք, Մռավի անտառածածկ լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին: Հիմնվել է ս. Եղիշե վկայի գերեզմանի վրա: Եղել է Հայոց Արևելից Կողմանց հնագույն սրբավայր: Նախապես հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ՝ վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա՝ Ս. Եղիշե առաքյալ վանք: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, V դ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել, գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել և ինքն էլ վախճանվելուց հետո թաղվել դրա մոտ: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին:

1244-ին Սերոբ սարկավագը հնագույն եկեղեցու հիմքերի վրա կառուցել է վանքի Ս. Եղիշե առաքյալ եկեղեցին: XII-XIII դդ. կառուցվել է Ջրվշտիկ վանքի գլավոր միանավ թաղածածկ եկեղեցին, 1264-ին՝ նրան արմ-ից կից երկսյուն գավիթը, որի երկլանջ տանիքին 1323-ին կանգնեցվել է քառասյուն զանգաշտարակը: 1286-ին վանահայր Սիմեոնը Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի վրա եկեղեցի է կառուցել: Հս-ից հվ. շարքով կանգուն յոթ եկեղեցիներն ու մատուռները (XIII-XVII դդ.) թաղածածկ, երկթեք տանիքով շենքեր են, որոնք ունեն տարբեր եզրաձևով (կիսաշրջանաձև, ուղղանկյուն, զույգ կիսաշրջանաձև) և տարբեր քանակի խորաններ: Խորանների այսպիսի բազմազանությունը մեկ մենաստանում բացառիկ է հայկական վանքերում:

Ջրվշտիկ վանքի համալիրի հվ. կողմում են խցերն ու սեղանատունը, որոնց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահոր երկհարկ շենքը (1552): XVI դ. կառուցված վանքի պարիսպը նորոգվել և ամրացվել է 1716-ին, միաժամանակ կառուցվել են երկու կամարակապ դարպասները: Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր ձեռագրեր: 1899-ին գտնվել են Ջրվշտիկ վանքի VII–VIII դդ. բրոնզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով (Գարեգին վրդ. Հովսեփյանը բուրվառները նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին):

Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արմ. կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը համարում է Անահիտի գերեզմանը:

XVIII դ. Ջրվշտիկ վանքը եղել է հայ ազգ-ազատագրական պայքարի կենտրոններից: Այդ ժամանակաշրջանում մեծ հռչակ է ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի մելիքների հոգածությունը, որոնցից գահերեցը՝ Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ադամը, թաղվել է Ջրվշտիկ վանքի բակում, Ս. Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:

Ղուլյան Ա.