Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Վախթանգ Անանյան․ «Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…»

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

- Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931 թթ.), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935 թթ.) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935 թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։

1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։

1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։

2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Ստեղծագործական աշխատանք

Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927 թվականին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930 թվականին։

1934 թ.-ին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։

Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951 թ.) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։

1947-1966 թվականներին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.

«Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…»։ 

Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։

Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 - 4, 1961-1967 թթ.) աշխատությունը։

«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ-որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։

Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։

Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957 թթ.)։

Մեջբերումներ Անանյանի մասին

Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։ - Պարույր Սևակ

* * *
Անանյանն ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ - Սերո Խանզադյան

* * *
 Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։ - Հարի Ազեմիս (գերմանացի գրող)

* * *
Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։ - Յա Եդլիչկա (չեխ գրող)

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի