Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Դառնության նամակը

1920 թվականին «Հայաստանի կոոպերացիա» հանդեսի խնբագիր Դավիթ Անանունը մի նամակ է գրում նշանավոր գրող Վրթանեես Փափազյանին` առաջարկելով և հորդորելով նրան թղթակցել իրենց ամսագրին: Իր պատասխանում Փափազյանը մերժում է խմբագրին` միաժամանակ ներկայացնելով այն ծայրահեղ ծանր վիճակը, որում ապրել է հայ մտավորականն ու գրողը: Այդ նամակից մեկ ու կես ամիս անց Փափազյանը վախճանվում է: Ահա նրա նամակի վերջին հատվածը.

«… Ոչ, բարեկամ, մի խնդրիր այն, ինչ որ ջանասիրությամբ մեռցնում են մեր մեջ ամենքը և ամեն ինչ: Մի հանդիմանիր մեզ, որովհետև մեր զարհուրելի դառնությունը բավական է մեզ, երբ անդրադառնում ենք, թե ինչպես հետզհետե, աստիճանորեն գռեհկանում ենք գռեհիկների հետ գործ ունենալով, ինչպես ջնջում ենք մեր մեջ գեղագիտական, գեղարվեստական ամեն նշույլ և թե ինչպես մի առ մի կտրտում են մեր` ոստնելու ձգտումներ ցույց տվող թևերի բոլոր փետուրները: Եվ այդ գործով զբաղված են ամենքը, վերևից մինչև ներքև, գիտակցաբար կամ անմտորեն:

Մի խնդրիր այնտեղից ցորեն, ուր կոխկրտում են ամեն տեսակ ոտներ` գարշ ինստինկտների դրդումով, զզվելի անձնական շահերով: Մի հանդիմանիր, թող որ ինքներս լանք մեր ոստումների, երազների և այնքան քնքուշ միտումների ավերակների վրա: Մի վրդովվիր ու մի զայրանար, թող որ մեր զգացած խորունկ դառնությունը ուտե մեզ և մաշե այսպես խուլ ամայությունների մեջ:

Ներիր մեզ, որ չենք կարողանում անոթի մնալ, տառապել, գռեհկությունների մեջ ապրել, մեր զգացմունքների էն լավագույնները քրքիջների և լպիրշությունների առարկա թողնել… ու գրիչ ձեռք առնել ձեր հանդեսին գրվածք ուղարկելու»:

Վ. Փափազյան
1920, մարտի 4, Էջմիածին»:

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան