Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին

«Հարգելի ընկեր Սիմոնյան,

Կարդացի «Լեռ և ճակատագիր» Ձեր գիրքը:

Ցավում եմ, որ նոր եմ ծանոթանում Ձեր հիանալի արվեստին, նոր եմ ոտք դնում ձեր ստեղծած հարուստ և ինքնադրոշմ աշխարհի շեմքին...

Բայց և երջանիկ եմ առաջին ընթերցումի ուրախությամբ ու հրճվանքով:

Իսկապես, ինչպե՞ս է եղել, որ եղել է: Ինչպե՞ս է եղել, որ չեմ ճանաչել իմ ժամանակակից ու տարեկից գրողի այսքան հմայիչ ու մեծ ստեղծագործությունը: Արդարանալու հիմքեր կան, բայց, միևնույն է, հանցավոր եմ:

Ոչ մի շինծու և մտացածին բան չկա Ձեր արվեստում: Ամեն ինչ բնական է, տեսած. լսած, շոշափած, զգացած, ապրած ու ապրեցնող:

Հոգուս պարտքն եմ համարում մոտ ժամանակներս ժամանակ գտնել և հանգամանորեն գրել Ձեր գրքի մասին, ցույց տալ այն նորը, որ եզակիորեն Ձերն է, հնարավորին չափով ցույց տալ Ձեր արվեստի տեղն ու նշանակությունը մեր մշակույթի մեջ: Դժբախտաբար, մենք աշխարհամեջ հանելու արձակ չենք ունեցել: Բակունց, Շահնուր, Համաստեղ - սրանցով է սկսվում մեր արձակը: Նորերը՝ Մաթևոսյան, Խալափյան, Մեքոնյան, ծնվել են դրանցից և լայն հեռանկարներ են խոստանում:

Ձեր տեղը առաջին երեքի շարքում է: Քսաներորդ դարի արձակ է Ձեր արձակը, ըստ էության, ակունքից կտրված, բայց ակունքներով ապրող մարդիկ են Ձեր հերոսները: Մարդկային բարոյականության նորմաները պահպանող մարդիկ:

Քսաներորդ դարի մարդկանց ճակատագրին ավելանում է նաև մեր ազգային ողբերգությունը, և մարդիկ ավելի են կոնկրետանում: Գիրքն ընդհանրապես ինձ շատ դուր եկավ, պատմվածքները գրված են առանց ճիգի, հայկական համ ու հոտով, բարբառի վարպետ օգտագործումով:

Դուք գրել եք պատմվածքներ, որոնք կարող են զարդերը կազմել ամեն մի ազգային գրականության: Չնայած համեմատություններ չեմ սիրում, կարդալով ձեր «Երեք օրակարգ»-ը հիշեցի Չարենցի «Երկիր Նաիրի»-ն և Բակունցի «Կյորես»-ը:

«Երեք օրակարգ»-ը առանց զեղչ ու զիջումի կանգնած է մեր գրականության գլուխգործոցների կողքին:

Տասնամյակներ առաջ իրենց բնօրրանից կտրված մարդիկ դեռ ապրում են այդ բնօրրանով և դեռ հող են կիսում:

Աշխարհից կտրված խեղճեր: Հեղինակի թեթև ժպիտի մեջ ես տեսնում եմ այդ մարդկանց ճակատագրի համար ճմլվող սրտի ողբերգությունը:

Այս պատմվածքը լիովին ապահովում է հեղինակի անմահությունը, և անհնար է, որ երբևէ մեր գրականությունը չհպարտանա նրանով:

Բարոյականության պատրիարքի անզուգական կերպար է բեռնակիր Օհանը համանուն պատմվածքում:
Կան ուրիշ դասական պատմվածքներ էլ: Ավաղ, ժամանակ չունեմ նրանց մասին խոսելու:
Կգրեմ հանգամանորեն, առ այժմ համբուրում եմ արվեստագետի վաստակած ճակատդ»:

Ձեր՝ Համո Սահյան
22.5.74թ. Բեյրութ

Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ