Այսպէս է ասում Տէրը. «Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում, քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա» (Առակներ 17:10)

Սուրբ Արիստակես հայրապետ

Արիստակեսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Մարիամի կրտսեր որդին է: Ծնվել է 264թ-ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկությունից իսկ դաստիարակվել է աստվածպաշտական հոգով և ստացել քրիստոնեական կրթություն: Արիստակեսը, իր կենսագրի բառերով «Աստվածապաշտության ծառայության համար էր դաստիարակված...»: Երբ Լուսավորիչն իր կնոջից փոխհամաձայնությամբ բաժանվում է, Մարիամը մտնում է կուսանոց: Եվ քանի որ Արիստակեսը դեռ մեկ տարեկան էր, ըստ մի ավանդության, որոշ տարիներ մնում է մոր հետ՝ վանքում, այնուհետև հանձնվում է մի լեռնաբնակ մենակյացի՝ Նիկոմաքոսին, վերջինիս աշակերտելու և ճգնողական կյանքով ապրելու համար: Այսպիսով, նա փոքր տարիքից անցնում է Աստծուն ծառայության՝ դառնալով լեռնաբնակ ճգնավոր: Իրեն ենթարկում է խստակենցաղ կյանքի և նվիրվում մենակեցությանը: Հետագայում Սբ. Արիստակեսը, չնայած երիտասարդ տարիքին, նույնպես ունենում է աշակերտների իր յուրահատուկ խումբը, որոնց կրթում էր թե՛ կրոնական կատարելության կանոնների մեջ և թե՛ ավետարանական սպասավորության մեջ: Ամեն տեսակի փորձություններն ու ինքնազրկանքները կամայական քաջությամբ է տանում, այսինքն, սիրահոժար արիությամբ հաղթահարելով ու տոկալով փորձություններն ու նեղությունները, լուսավորյալ և պայծառացյալ հոգեվիճակի է հասնում: Նրա սրբակենցաղ և աստվածահաճո կյանքի համբավը տարածվում է քրիստոնյա աշխարհում:

Երբ հայոց Տրդատ արքան տեսնում է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը մերթ առանձնանալով, մերթ քարոզչության նպատակով, երկրի տարբեր մասերը գնալով հաճախ է բացակայում հայրապետանոցից, որոշում է Կեսարիայից Հայաստան բերել Լուսավորչի որդիներին, իրենց ծերացած հորն օգնելու և նրա գործը շարունակելու համար: Երբ Տրդատ Գ Մեծի պատվիրակները` սպարապետ Արտավազդը, Աշոցքի տեր Տաճատը և արքայի սուրհանդակ Դատը ժամանում են Կեսարիա` Արիստակեսին Հայաստան ուղեկցելու համար, նա սկզբում հրաժարվում է «մինչև քրիստոնյաների բազմության ժողով եղավ, որոնք համոզեցին նրան գնալ»: «Ավելի լավ է քեզ ... Աստծո մշակի գործը, քան մենավոր բնակությունը այդ անապատում» (Ագաթանգեղոս):

Այսպես, Արիստակեսն ու Վրթանեսը 310թ-ին գալիս են Հայաստան: Վրթանեսն իր հետ բերում է նաև իր որդիներին: Տրդատ արքայի խնդրանքով Սբ. Գրիգորն իր որդիներին եպիսկոպոս է ձեռնադրում: Առաջինը ձեռնադրվում է Արիստակեսը, իբրև հոգևոր կյանքում առավել բարձր աստիճանի և կատարելության հասած անձնավորություն: Ըստ Ագաթանգեղոսի՝ Արիստակեսը նույնպես լծվում է քարոզչական աշխատանքի և նույնիսկ քարոզելու շնորհով գերազանցում է հորը: Հակոբ Մծբնեցի, Տիզբոնի Հովհաննես, Եդեսիայի Եվթաղ եպիսկոպոսների և Ղևոնդ հայրապետի հետ միասին մասնակցում է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325)՝ իբրև Հայ եկեղեցու ներկայացուցիչը: Ճանապարհին` Կեսարիայում ներկա է գտնվում Ղևոնդ հայրապետի կողմից Գրիգոր Մանուկի (Գրիգոր Նազիանզացի եպիսկոպոսի) մկրտությանը:

Արիստակեսի մասին «Հայսմավուրք»-ը պատմում է հետևյալ զրույցը. «Նիկիայում՝ Բութանիայի ծովածոցում, մի քանի արիոսականներ, տեսնելով նրա ճգնավորական կյանքից մաշված և վտիտ կերպարանքը, նրան ծաղրում են ասելով, թե հայոց եպիսկոպոսն ավելի մշակի է նման, քան եպիսկոպոսի և հեգնաբար առաջարկում, որ արորն առնի և ծովը հերկի: Արիստակեսն առանց վարանելու իսկապես հերկում է ծովը, ինչպես հողը և ապա, ծաղրորեն ասում. «Եթե դուք ճշմարիտ և ուղիղ հավատք ունեք, գնացեք վարածիս մեջ սերմ ցանեք»»:

Նա Հայաստան է բերում Նիկիայի Հավատո հանգանակը և ժողովի 20 կանոնները: Արիստակեսի վերադարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը, լիովին առանձնության տրվելով, ապրում է ճգնակյացի կյանքով: Ուստի Արիստակեսն այս ժամանակից սկսած լիովին փոխարինում է հորը՝ իբրև Հայոց եկեղեցու հովվապետ: Հայրապետության տարիներին հիմնականում զբաղվում է քարոզչական աշխատանքով, պայքարում հեթանոսության բոլոր տեսակի դրսևորումների (նախարարների անառակության և անիրավության) և դրանց գործադրողների դեմ: Այս ժամանակ Արիստակեսն արդեն շուրջ վաթսուն տարեկան էր: Նա պաշտոնավարում է յոթ տարի և իր կյանքը կնքում մարտիրոսական մահով:

Ծոփքի Արքեղայոս մեծ իշխանը թշնամանում է Արիստակես հայրապետի հետ, քանի որ վերջինս կշտամբում էր նրան նրա անօրեն վարքի համար՝ խրատելով հրաժարվել դրանից: Ուստի Արքեղայոսը վրեժխնդրության համար հարմար առիթ գտնելով, 333թ-ին սուսերով սպանում է հայոց կաթողիկոսին: Վերջինիս մարմինը թաղվում է Եկեղյաց գավառի Թիլ ավանում, ուր հետագայում թաղվում է նաև Սբ. Ներսես Մեծ կաթողիկոսը: Երզնկայի այն վանքը, ուր գտնվում էին այս երկու գերեզմանները, հետագայում ստանում է «Ջուխտակ-Հայրապետ» անունը: Արիստակես հայրապետին հաջորդում է նրա ավագ եղբայրը՝ Սբ. Վրթանեսը, նմանատիպ իր եղբորը երկնային իմաստությամբ և լի Սուրբ Հոգով։ Մովսես Խորենացին Արիստակես հայրապետին բնորոշել է որպես «հոգևոր սուր»:

Հայ եկեղեցին Արիստակես հայրապետի հիշատակը տոնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հետ՝ Վարդավառի երրորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor