Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մինաս Ավետիսյան - Ժամանակի վկան

Հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մինաս Կարապետի Ավետիսյանը,  ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի Գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։

Մինաս Ավետիսյանը 1947-52 թթ-ին սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952-54 թթ-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960 թ-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում:

Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները» (1960-63 թթ.), «Իմ ծնողները» (1962 թ.), «Հանդիպում» (1965 թ.), «Հորս դիմանկարը» (1965 թ.), «Շեմին» (1967 թ.) և այլ գործեր:

Մինասը ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964 թ.), «Գաղթ» (1965-67 թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958 թ.), «Տերևներ հավաքողները» (1960 թ.), «Ջաջուռ» (1960 թ.), «Հաց են թխում» (1963 թ.), «Խնոցի են հարում» (1964 թ.) և այլ կտավներ: Նա պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967 թ., «Խաչելություն», 1975 թ.):

Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները:

Բեմանկարչական իր ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

1972 թ-ին հրդեհվել է նրա արվեստանոցը. այրվել է 100-ից ավելի նկար, մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008 թ-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982 թ-ին):

Մինասը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները ցայսօր պարզված չեն:

Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում: 1977 թ-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:

1975 թվականին նկարահանած «Մինաս Ավետիսյան» ֆիլմի հեղինակն է Մարատ Վարժապետյանը, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի, խոսք՝ Ռազմիկ Դավոյանի, կարդաց՝ Խորեն Աբրահամյանը: