Այսպէս է ասում Տէրը. «Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում, քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա» (Առակներ 17:10)

Ո՞վ է Աստված

Դարերի ընթացքում մարդկության կրոնական միտքը պատասխան է փնտրել այն հարցին, թե արդյո՞ք Աստված կա. հաճախ թվում էր, թե ընդհանրապես անհնար է պատասխանել այս հարցին: Պարզվում էր, որ հարցի դրական պատասխանի ցանկացած փորձ թերի է: Աստծո մասին մեզ խանգարում են խոսել թե՛ մարդկային լեզվի սահմանափակ լինելը, թե՛ Աստծո և մեր փորձի անհամատեղելիությունը, թե՛ կարծրատիպերը:

Ոմանք ենթադրում են, թե եկեղեցական դոգմաները պետք է պարզ ու հստակ պատասխանեն հարցին՝ Աստված կա, թե՞ ոչ: Իրականում սա թյուրիմացություն է: Եկեղեցու ուսմունքը, մասնավորապես դոգման, ստեղծվել է երկար վեճերի ընթացքում ոչ թե նրա համար, որպեսզի տրվի «Աստված կա, թե՞ ոչ» հարցի պատասխանը, այլ որպեսզի հավատացյալներն ապահովագրված լինեն Աստծո մասին հերետիկոսական պատկերացումներից: Եկեղեցու ուսմունքն իրականում ենթադրում է ոչ թե Աստծո մասին գիտելիք, այլ՝ իմացություն, Աստծո հետ հարաբերությունների կենդանի փորձ:

Աստված մեկ է: Աստծո միակությունը երբեք էլ ակնհայտ չի եղել մարդկության գիտակցության մեջ, և շատերին էլ ակնհայտ չէ մինչ օրս: Աստծո հայտնությունն այն մասին, որ Ինքը միակն է և չկա ուրիշը, աստվածաշնչային ճշմարտության անկյունաքարն է: Եթե դա կասկածի ենթարկենք, քրիստոնեությունն ուղղակի կդադարի գոյություն ունենալ: Այսպիսով, Միակ Աստծուց՝ երկնքի և երկրի Արարչից բացի, մնացած ամեն ինչ արարված է:

Աստված անձ է: Մենք անձ ենք համարում մարդու միասնական և անբաժան ոչ-նյութական էությունը: Յուրաքանչյուր մարդ անձ է և դրանով նման է Աստծուն: Անձն ունի գիտակցություն և կամք, բանականություն և ստեղծագործական ունակություն։ Մենք Աստծո մասին մտածում ենք մեր անձի նմանությամբ՝ հիշելով, որ իրականում Նրա պատկերն ենք ու Նրան նման ենք:

«Ես այն Աստվածն եմ, որ Է»: Երբ Մովսեսն Աստծուն հարցրեց Նրա անունը, Աստված նրան տվեց պատասխան, որի իմաստի բացահայտման համար ավելի քան երեք հազարամյակ գլուխ են կոտրում ուսումնասիրողները։ «Ես այն Աստվածն եմ, որ Է»,- ասաց Աստված: Այս տետրագրաման (քառատառ անունը, քանի որ հին հրեերենում այն գրվում էր չորս տառով) պարզապես միայն հատուկ անուն չէ, որի իմաստը այդ անունը կրողին տարբերակելն է: Չկա Աստծուն նման որևէ մեկը, որպեսզի կարիք լիներ տարբերակվել անվամբ:

Տետրագրաման իրականում բացահայտում է, թե ով է Աստված: Աստված Նա է, Ով գոյություն ունի, Ով անփոփոխ է և Ով ապրում է անկախ ժամանակների ընթացքից: Իսկապես, աստվածահայտ անունը նշանակում է, որ միայն Աստված գոյություն ունի հավիտենապես, մնացյալ ամեն ինչը Նրա կողմից է արարված և գոյություն ունի, որովհետև այդպիսին է Նրա կամքը: Կարևոր է ընդգծել, որ Աստված ապրում է ժամանակից դուրս՝ անցյալում, ներկայում, ապագայում և բոլոր ժամանակներում Նա միևնույնն է:

Աստված Փրկիչ է: Աշխարհի իրական պատմությունը և յուրաքանչյուր մարդու կյանքն անխուսափելիորեն թունավորված են մահով, չգոյությամբ: Աստված մեզ ստեղծել է կյանքի համար, և մենք հակադրվում ենք մահին, թեև ինքներս ենք մեղավոր դրա համար: Աստված Նա է, Ով մեզ վերադարձնում է կյանքին: Խաչի վրա Նա կիսեց մեր տառապանքը և մահը, որպեսզի դրանք վերացնի: Այն հարցին, թե «Ո՞վ է Աստված», քրիստոնեական տեսակետից բավական է ասել, որ Աստված Նա է, Ով հանուն մեզ հաղթեց մահին և մեզ թույլ տվեց մասնակցել Իր՝ հավիտենական կյանքին: «Աստված Իր սերը մեզ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. 5:8)։ Ուստի, Քրիստոսի անձնվեր սիրո առաջ ոչ թե կարևոր է այն, թե Ով է Աստված, այլ՝ թե մենք ինչպես ենք պատասխանում Նրա սիրուն:

Աղբյուր՝ Qahana.am