Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Արդյոք ճի՞շտ է, որ Ուղղափառ Եկեղեցիները երկաբնակ են (դիոֆիզիտ), իսկ հին արևելյան և Հայոց Եկեղեցիները՝ միաբնակ (մոնոֆիզիտ)։

Արդեն անցած դարում շատ աստվածաբաններ միանգամայն հստակ ապացուցեցին, որ հայերը միաբնակ չեն։ Դեռ 13-րդ դարում հայերը բացատրեցին, որ Հույն Ուղղափառ Եկեղեցու հետ իրենց դավանանքը նույնն է՝ միայն տարբեր ձևակերպումներով։ Ոչ վաղ անցյալում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ստորագրեց մի հայտարարագիր, որն ավարտվում էր Քաղկեդոնի ժողովի բառերով, քանի որ չնայած նրանք բուն ժողովը չեն ընդունում (դրա համար կան պատմական պատճառներ), սակայն փաստորեն նրանց քրիստոսաբանությունը նույնական է։

Անցյալում Բյուզանդական կայսրությունը փորձում էր հայերին անվանել միաբնակ և հրամցնել Քրիստոսի բնության իր ձևակերպումը։ Դա կրոնական նկատառումներով քաղաքական խաղ էր՝ Հայաստանի արևմտյան հատվածը Բյուզանդիային միացնելու և ժողովրդին ձուլելու համար։ Այս պայմաններում իր Եկեղեցուն հավատարմությունը հայ ժողովրդի համար ինքնապահպանության միջոց էր։

19-րդ դարում ոչ քաղկեդոնական Եկեղեցիների՝ մասնավորաբար Հայ Եկեղեցու դավանանքն ուսումնասիրեցին այնպիսի ուղղափառ գիտնականներ, ինչպիսիք են Վ. Բոլոտովը և Ի. Տռոիցկին։ Կաթոլիկ աստվածաբաններից զատ այս խնդրով զբաղվել է նաև վաղ եկեղեցու պատմաբան Ա. Ֆոն Հառնակը։ Նրանք բոլորը եկել են այն եզրակացության, որ Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը ոչ մի ընդհանրություն չունի Եվտիքեսի միաբնակ հերետիկոսության հետ։ Իսկ Քիոսի միտրոպոլիտ Գրիգորին իր «Հայ և Ուղղափառ-Կաթոլիկ Եկեղեցիների միության հասնելու միջոցների մասին» աշխատության մեջ պնդում է, որ Հիսուս Քրիստոսի բնությունների մասին Հայ Եկեղեցու վարդապետությունը ամբողջությամբ համապատասխանում է ուղղափառ հասկացողությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատկանում է Հնագույն Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքին։ 1964թ. Օրքուս քաղաքում (Դանիա) երկխոսություն է սկսվել Ուղղափառ և Հնագույն Արևելյան Եկեղեցիների աստվածաբանների միջև, որը շարունակվում է մինչև մեր օրերը։ Քննարկման ընթացքում կողմերը հասել են այն եզրակացության, որ Ուղղափառ Եկեղեցիները դիոֆիզիտ չեն, իսկ Հնագույն Արևելյան Եկեղեցիները, այդ թվում նաև Հայ Եկեղեցին, մոնոֆիզիտ չէ։

Օրհնությամբ՝ Տ. Մաղաքիա քահանա Օհանյան

Աղբյուր՝ Qahana.am