Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Աղձքի եկեղեցին և թագավորական դամբարանը

Աղձք

Աղձք համայնքը գտնվում է Արագած լեռան հարավային կողմում: Բնակչության թիվը կազմում է 1975 մարդ, որից մոտ 20-ը եզդիներ են: Գյուղը նախկինում անվանվել է նաև Ձորափ: Հիմնականում ներգաղթյալներ են Արևմտյան Հայաստանից: Աղձքում է գտնվում 4-րդ դարի հանրահայտ Արշակունյաց թագավորների դամբարանը, որտեղ ամփոփվել են և’ հեթանոս, և’ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները:

Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի հարևանությամբ կառուցված է եկեղեցի, որի հիմքերը դեռ երևում են: Անհրաժեշտ է պարզել` եկեղեցին է շուտ կառուցվել, թե դամբարանը. «Եթե կարողանանք պարզել, որ եկեղեցին ավելի շուտ է կառուցվել, ինչը տրամաբանական է, քանի որ արքաներին պատահական վայրերում չէին կարող թաղել, ապա մենք վերջապես կարող ենք ասել, որ 4-րդ դարում Հայաստանում եղել է զարգացած եկեղեցաշինություն, մինչդեռ 5-րդ դարից է մեր եկեղեցիների պատմությունը սկսվում»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն և պեղումների արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

1974 թվականին դամբարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվել, հայտնաբերվել են հետաքրքիր հարթաքանդակներ՝ ռեալիստական, գեղարվեստական բարձր ոճով արված առյուծների, արծիվների, ուղտերի և այլ կենդանիների պատկերներով: 2011 թ. կարճ ժամանակով կրկին պեղումներ են իրականացվել: Աղձքի հայոց արքաների դամբարանի պեղումները բացառիկ են մեր ինքնության, պետականության, ինքնաճանաչման առումով: Վազգեն Սարգսյանի ժամանակ ծրագիր կար, որ Աղձքը պետք է դառնա հայոց սպաների երդման արարողության վայր, Անդրանիկ Մարգարյանի օրոք էլ նախնյաց հիշատակի օրն էր տոնվում այնտեղ: 2014 թ., վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Աղձք մեկնած պատվիրակությունը տեղում որոշել է, որ պետք է դամբարանը պեղվի: 2015-17 թթ. իրականացվելիք ծրագրի համար նախատեսված է 50 միլիոն դրամ: Պեղումները կատարելու է մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը, որում ընդգրկված են հմուտ ճարտարապետներ, երիտասարդ գիտնականներ, արվեստաբաններ:Վաղ միջնադարյան միակ կառույցն է, որն ունի հստակ թվագրում, որին անդրադարձել են խոշոր պատմիչները, այդ թվում նաև Խորենացին, Բուզանդը:

Պարսից Սասանյան Շապուհ Երկրորդ արքան չկարողանալով ընկճել Հայաստանի ըմբոստ ոգին, ձեռնարկում է մի հատուկ արշավանք, որի նպատակն էր հափշտակել հայոց արքաների ոսկորները, որովհետև, ըստ մոգերի, դրանց մեջ էր ամփոփված երկրի քաջությունը, բախտն ու փառքը: Թագավորը խորհրդանշել է անկախությունը, երկրի հզորությունը: Պարսկական բանակը Մծբինի կողմից շրջանցելով Հայոց Միջագետքը, հարավից ներխուժում է Եփրատ գետի վերին ավազանը: Պարսիկները խաբեությամբ կարողանում են գրավել Անի-Կամախ ամրոցը, բացել հայոց արքաների դամբարանն ու հավաքել արքաների ոսկորները, անթիվ գանձեր ու տանել Պարսկաստան: Սա մեծագույն ամոթն էր երկրի համար, քանի որ պետականության խորհրդանիշների հափշտակում էր: Հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հետևում է, հասնում ու ջախջախում պարսկական բանակը, ազատում գերիներին, հայոց արքաների աճյունները: Պատմիչներն ուշագրավ տեղեկություն են հաղորդում. քանի որ խառնվել էին հայոց հեթանոս և քրիստոնյա արքաների ոսկորները, որոշում են, որ չի կարելի սրբերի հանգստարան Վաղարշապատում թաղել նրանց, դրա համար Արագած լեռան լանջին կառուցվում է հատուկ դամբարան, որտեղ ամփոփում են հայոց արքաների մասունքները:

Աղբյուր՝ Aragatsotni-tem.am