Այսպէս է ասում Տէրը. «Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում» (Մատթեոս 13:41)

Թուրքահայ հոգևորականությունը և 1915-1916 թթ․ ջարդերը

Հայոց ցեղասպանության բազմաբնույթ հիմնահարցի ուսումնասիրության գործում կարևոր նշանակություն ունի Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դիրքորոշման հետազոտությունը: Առաջին աշխարհամարտի սկիզբը երիտթուրքական կառավարությանը հնարավորություն ընձեռեց լուծել հայկական հարցը` հայե­րի համընդհանուր ոչնչացման քաղաքականությամբ:

Սկսված ռուս-թուրքական ռազմական ընդհարման մասին Կոստանդնուպոլսի պատրիարք Զավենը տեղեկանում է 1914թ. հոկտեմբերի 17-ին, երբ Բայրամի կապակցությամբ այցելում է սուլթանի պալատ: Լուրն անմիջապես տագնապ ծնեց: Առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հոկտեմբեբերի 20-ին կայացավ Ազգային ժողովի Խառը խորհրդի նիստը: Որոշվեց իր քաղաքացիական պարտքը կատարելու կոչով շրջաբերականներ ուղարկել բոլոր նահանգների հայ ազգաբնակչությանը: Հոկտեմբերի 26-ին պատրիարք Զավենն այդ որոշումը ներկայացրեց Թուրքիայի կառավարությանը: Ընդգծվեց հայերի նվիրվածությունը Օսմանյան պետությանը: Միաժամանակ ներքին գործերի նախարար Թալեաթ Բեյին տեղեկացվում է էրզրումի վիլայեթում հալածանքների ենթարկվող հայերի մասին:

Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Թուրքիայի իշխանու­թյունների և հայ ազգաբնակչության միջև լարվածությունը մեծանում էր: Ստեղծվում էր կարծիք, որ «գերմանացիների հաղթանակի դեպքում վերջ կդրվի հայ ժողովրդի գոյությունը իր պատմական հայրենիքում»: Դեկտեմբերի վերջերին պատրիարք Զավենն այցելեց Կոստանդնուպոլսում գերմանա­կան դեսպան Վանգենհեյմին: Ըստ դեսպանի՝ արտաքին քաղաքականության գերատեսչությանն ուղղված 1914թ. դեկտեմբերի 29-ի հաղորդման, պատրիարքը բնական էր համարում հայկական վիլայեթներում բարենորո­գումների հարցի հետաձգումը մինչև պատերազմի ավարտը: «Ընթացիկ պահի» գլխավոր խնդիր էր ներկայացվում հայկական ազգաբնակչության անվտանգությունը: Մատնանշվում էր օժանդակ աշխատանքներում օգտագործելու համար մինչև 45 տարեկան հայ տղամարդկանց բանակ զորակոչելով՝ հայկական գյուղերի ամայացումը, որոնք սկսել են ենթարկվել ասկյարների հարձակումների:

1915թ. փետրվարին ուժեղացավ Կիլիկիայի կաթողիկոս Սահակին հասցեագրված` հայերի նկատմամբ երիտթուրքերի կողմից նախապատրաստվող եղեռնի վերաբերյալ լուրերի հոսքը: 1915թ. մարտի 2-ին կաթողի­կոս Սահակը Կոստանդնուպոլսի պատրիարք Զավենի մոտ ուղարկեց գաղտնի պատվիրակ` տեղեկացնելով վերահաս աղետի մասին: Մարտի 8-ին պատվիրակը պատրիարքին ներկայացրեց եղեռնի նախապատրաստու­թյան վերաբերյալ վկայությունների մասին տեղեկատվություն: Զարմա­ցած պատրիարքը «Կաթողիկոս Սահակը հոռետես անձնավորություն է», - ասելով, տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով մի քանի օր պահանջեց: Թալեաթ փաշայի և գերմանական դեսպան Վանգենհեյմի հետ հանդիպումներն ավարտվեցին հայկական անհանգստություն­ների չհիմնավորվածության մասին հավաստիացումներով: Կոստանդնուպոլսի պատրիարքը կաթողիկոս Սահակին հորդորեց հանդես բերել զգու­շություն, զբաղվել ընթացիկ գործերով, իշխանություններին առիթ չտալ նեղելու հայերին:

Այդուհանդերձ` տագնապալի լուրերը Կոստանդնուպոլսի պատրի­արքին դրդեցին 1915թ. մարտի 31-ին մեծ վեզիր Սաիդ Հալիմ փաշային ներկայացնել «թաքրիր», ուր ասվում էր, թե համաձայն վիլայեթներից հա­սած վկայությունների ապահով չեն «հայերի «պատիվը, արժանապատվու­թյունը և կյանքը»: Այս առումով նշվում էր, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի կողմից ներկայացված բոլոր փաստերը թողնվել են անհե­տևանք, հավաստիացումները` անարղյունք, ավելին` տեղի է ունենում վի­ճակի վատացում: Նշվում էր, որ 1908թ. Թուրքիայի սահմանադրության վերահաստատումից հետո հայկական պատրիարքարանը ներդրել է բոլոր ջանքերը, սատարելու կառավարության ձեռնարկած երկրի զարգացման միջոցառումներին և ամրապնդելու մահմեդական ազգաբնակչության հետ բարիդրացիական հարաբերությունները: Ինչպես նշվում էր «թաքրիրում», սկսված Առաջին համաշխարհային պատերազմը դժբախտություն է հանդ­իսանում հայ ազգաբնակչության համար: Հավաստիացնելով հայերի` իրենց քղաքացիական պարտքը կատարելու պատրաստականության մասին, այդուհանդերձ տագնապ էր հայտնվում Թուրքիայում հայերի կոտո­րածի նախապատրաստման մասին շրջող լուրերի առիթով: Կոստանդնուպոլսի, Անատոլիայի և Ադանայի կոտորած ապրած հայերը, պատրիարքի խոսքերով, հանդես են բերում հիմնավորված տագնապ: Առավել ևս, որ տեղական իշխանություններն անուշադիր են հայերի անվտանգության ապահովման հարցում: Ստեղծված իրավիճակում պատրիարքը Թուրքիա­յի կառավարությանը կոչ էր անում «հայտարարություն» հրապարակել, որը կհանգստացներ հայերին և կխթաներ պաշտոնյաների օրենքի պահանջները կիրառելու ծառայողական ջանքերը:

Տարբեր ճանապարհներով Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդին էին հասնում Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ բռնու­թյունների, խոշտանգումների և սպանությունների լուրեր: 1915թ. ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին տեղեկացրեց տաճկահայերի բացարձակ ծանր դրության մասին. «Համաձայն այլ աղբյուրներով հաստատված հեռագրա­կան հաղորդագրության, զինաթափված, անպաշտպան հայերի կոտորած է տեղի ունենում Էրզրումում, Դերջանում, Զեյթունում և ծայրամասերում, արյունալի ընդհարումներ՝ Բիթլիսում, Վանում, Մուշում, բռնություններ, թա­լան, սպանություններ…»:

Սակայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական գործողությունների առկայությունը կտրուկ սահմանափակել էր տաճկահայերին աջակցելու Պետերբուրգյան արքունիքի հնարավորությունները: Այս առումով Գևորգ 5-րդը հարկ համարեց օգտագործել չեզոք երկրների հնարավորությունները. «Ակնածանքով խնդրում եմ հանուն մարդասիրության և քրիստոնեության, հնարավոր համարեք հիշյալ պետություններում ձեր դեսպաններին հանձնարարել ազդելու վերջիններիս կառավարությունների վրա՝ Տաճկահայաստանում հայերի ջարդերն ու սանձարձակությունները դադարեցնելու նպատակով»:

1915թ. ապրիլի 8-ին սկսվեց Զեյթունի բնակչության տեղահանությունը: Գաղթեցվածների երկու քարավաններից մեկն ուղարկվեց դեպի Անգորային մերձճահճային Սուլթանիա տեղանք, իսկ երկրորդը՝ Տեր-Զորի անապատ: Կիլիկիայի կաթողիկոս Սահակը տարածաշրջանում «ավե­լորդ արյունահեղությունից» խուսափելու և հայ ազգաբնակչության նկատ­մամբ զանգվածային բռնություններ թույլ չտալու նպատակով հավանու­թյուն չտվեց թուրքական իշխանությունների գործողություններին զինված դիմադրություն ցույց տալու առաջարկին: Աքսորված զեյթունցիներին Կոնստանդնուպոլսի պատրիարք Զավենի ուղարկած բժշկական և մարդա­սիրական օգնությունները տեղ չհասան՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի «գերագույն նկատառումներով» արգելքի պատճառով:

1915թ. ապրիլի 15-ին Թուրքիայի երիտթուրքական ղեկավարու­թյան Թալեաթ-էնվեր-Նազըմ եռապետությունը գավառների իշխանություններին հրահանգեց ապրիլի 24-ի լուսաբացին սկսել հայկական ազ­գաբնակչության՝ դեպի արաբական անապատներ տեղահանությունը: Այդ օրն, ինչպես հայտնի է, իրականացվեց Կոստանդնուպոլսի հայ մտավորականության 225 հայտնի ներկայացուցիչների ձերբակալությունը, որոնց մեծ մասն ուղարկվեց Անգորայի, Կոնիայի և Դիարբեքիրի հավաքակայան-ճամբարներ: Կոստանդնուպոլսի կենտրոնական Չանքրը բանտում հայտնվեցին հասարակական 99 ականավոր գործիչներ: Նրանցից հինգը՝ վարդապետներ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան), Գրիգորիոս Պալաքյանը, Հովհաննես Կարապետյանը, քահանաներ Հուսիկ Քաջունին և Վարդան Գարակեօգյանը հոգևորականներ էին:

1915թ. ապրիլի 26-ին պատրիարք Զավենը հուշագիր ներկայացրեց մեծ վեզիր Սաիդ Հալիմ փաշային: Դրանում արտահայտված էր հայերի տագնապը կատարված ձերբակալությունների վերաբերյալ: Մեծ վեզիրը ժխտեց հայերի նկատմամբ «անվստահության» գաղափարը և կառավարության անունից հավաստիացրեց հայերի նվիրվածության մասին իր կարծիքի անփոփոխությունը: Կատարված ձերբակալությանները ներկայացվեցին սոսկ որպես կայսրության «ռազմական անվտանգու­թյուն» ապահովող անհրաժեշտության հետևանք: Պատժիչ միջոցների առիթ էր ներկայացվում Վանի հայերի ապրիլի 8-ի ինքնապաշտպանությու­նը, որն, իբր, կառավարությանը դրդել էր դիմել համապատասխան քայլե­րի: Մեծ վեզիրը խոստանում էր կարգապահության և օրինականության մի­ջոցներ ձեռք առնել: Բնականաբար չէր մատնանշվում երիտթուրքական ղեկավարու­թյան հրահանգը` ձերբակալությունների միջոցով հայ ազգաբնակչությանը զրկել ազգային և հոգևոր առաջնորդներից: Թուրքական իշխանություննե­րի այս գործելակերպն ակնառու արտահայտվեց Վանի 1915թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ տանջամահ արվեցին 12 հոգևորա­կաններ, տասնմեկ վարդապետներ՝ Վ. Խաչատրյանը, Պ. Գրիգորյանը, 0. Թոմասյանը, Ե. Խաչատրյանը, Պ. Կարապետյանը, Գ. Հովհաննիսյանը, Եղիան, Պողոսը, Ե. Մոկացյանը, Ե. Տեր-Սարգսյանը, Ա. Մանուկյանը և սարկավագ Ներսեսը: Վանում զոհված հոգևորականների այս ցուցակը վկայում է թուրքերի կողմից ոչ թե պարզապես հոգևորականների, այլ Հայոց եկեղեցու այն ղեկավարների գիտակցված ոչնչացման դիտավորու­թյունը, ովքեր կարող էին կազմակերպել և մասնակցել ինքնապաշտպանությանը:

Թուրքիայի բնաջնջվող հայ ազգաբնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի՝ Ռուսաստանին ուղղված դիմումը հաստատվեց Կովկասի փոխարքայի դիվանագիտական ծառայության կողմից: Ռուսաստանի կառավարությունը դիմեց դաշնակից Անգլիային ու Ֆրանսիային՝ հայերի ոչնչացման պատասխանատվությունը թուրքական կառավարության ղե­կավարության վրա դնելու վերաբերյալ Բարձր Դռանը դիմում ուղարկելու մասին: Դիմումներ հղվեցին նաև չեզոք երկրներին: ԱՄՆ Պետական քարտուղար Բրայանը 1915թ. ապրիլի 27-ին Կոստանդնուպոլսում ամերի­կյան դեսպան Հ. Մորգենթաուին հրահանգեց նկատի առնել Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքը: Մորգենթաուն, իր կառավարությունից հրա­հանգ ստացած իտալական դեսպանի հետ միասին, մայիսի 1-ին դիմեցին Բարձր Դռանը՝ ի պաշտպանություն հայ ազգաբնակչության: Դրան ի պատասխան, ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը հայտարարեց «անմեղ մարդկանց» պաշտպանելու վերաբերյալ տեղական իշխանություններին տրված կարգադրության մասին:

1915թ. մայիսի 13-ին Պետրոգրադյան հեռագրական գործակալությունը հրապարակեց Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի հայտարարությունը հայկական ազգաբնակչության ոչնչացման ամբողջ անձնական պատասխանատվությունը թուրքական կառավարության վրա դնելու վե­րաբերյալ: Ջարդերի կազմակերպման համար դատապարտման ենթարկ­վեցին թուրքական տեղական վարչակարգերի ներկայացուցիչները: Որ­պես Թուրքիայի կառավարության պատասխան, մայիսի 15-ին հետևեց հայ ազգաբնակչության տեղահանության մասին օրենքի ընդունումը, որը, ըստ էության, սկսվեց ամսի 20-ին:

Մայիսին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան Խարբերդում: 1915թ. մայիսի 1-ին ձերբակալվեցին հայ ազգաբնակչության անվանի ներկայացուցիչները: Զենք փնտրելու պատրվակով սկսվեցին նրանց խոշտանգումները:

Ձերբակալվածներից արդյունքի չհասնելով, թուրքերն անցան կանանց խոշտանգումներին: Այս իրավիճակում անվանի քաղաքացիները և հոգևորականությունը որոշեցին ունեցած անձնական զենքի հանձնման ճանապարհով փրկել ձերբակալվածներին: Փոքրաթիվ ատրճանակների և հրացանների հանձնումը ժամանակավորապես դադարեցրեց խոշտանգումները: Սակայն, այնուհետև, շատ շուտով դրանք վերսկսվեցին: Ընդ որում՝ տանջանքների առարկա դարձան հոգևորական­ները, որոնցից, օգտագործելով խոշտանգման տարբեր միջոցներ, պահան­ջում էին հանձնել զենքի «իսկական պահեստները», այրում, քաշում, խո­ւզում էին մորուքները: Գլուխները մեքենայով այնպես էին ճզմում, որ մարդիկ ուշաթափվում էին: Կախում էին և կիսամեռ վիճակում կախաղանից իջեցնում՝ պահանջելով, որպեսզի անգիտակից վիճակում գտնվող զոհերը հայտնեն իրենց գաղտնիքները և ստորագրեն այն ամենը, ինչ կհրամայեն իրենց: Առանց որևէ խղճահարության կրունկներին մեխեր էին խփում, պայտում, խաչում:

Հոգևորականության նկատմամբ նման վերաբերմունքը շարունակ­վեց շատ այլ վայրերում: Այս իրավիճակում Կոստանդնուպոլսի պատրիարքը 1915թ. մայիսի 27-ին արդարադատության նախարարին «թաքրիր» ներկայացրեց հայ հոգևորականության, ինչպես նաև Հայոց եկեղեցու ծխականների նկատ­մամբ գործադրվող բռնությունների ու գազանությունների վերաբերյալ: Գրավոր պատասխանի փոխարեն նախարարը բավարարվեց բանավոր հաղորդմամբ, որ նման «թաքրիրների» ներկայացնելը, որոնք վերաբերվում են քաղաքականության ոլորտին, չի մտնում պատրիարքի իրավասություն­ների մեջ: Դա նշանակում էր Կոստանդնուպոլսի պատրիարքի իրավասությունների սահմանափակում: Դրանով նա, փաստորեն, զրկվում էր իր ենթակաների և հոտը պաշտպանելու իրավունքից:

Մեծ վեզիրն ավելի բացահայտ արտահայտվեց 1915թ. հունիսի 27-ին, երբ, խոստովանելով հայ ազգաբնակչության տեղահանության «հիվան­դագին լինելը», միաժամանակ ժխտեց այդ պարագայում թուրքերի պատասխանատվությունը: «Դրանում մեղավոր ենք ոչ թե մենք, այլ դուք և ձեզ պաշտպանող տերությունները», - հայտարարեց նա: Ամբողջ կատար­վածի դրդապատճառ էին ներկայացվում Հայկական հարցը և Արևմտյան Հայաստանում բարենորոգումների համար պայքարը: 1915թ. հոկտեմբե­րին պատրիարք Զավենը Պողոս Նուբար փաշային հայտնեց Թուրքիայի ղեկավարության քաղաքականության կանխամտածված էության մասին. «Կառավարության դիտավորությունն այն է, որ մեկընդմիշտ վերջ տրվի Հայկական հարցին՝ ամբողջ Թուրքիայում կոտորելով ողջ հայ ազգաբնակչությանը»:

1915թ. վերջերին Կիլիկիայի կաթողիկոսի աքսորը Հալեպ առաջ բերեց ներքին գործերի նախարար Թալեաթ Բեյի դժգոհությունը: Անհա­պաղ Հալեպի նահանգապետին ուղարկվեց աքսորված հայ հոգևորակա­նության նկատմամբ դատաստան իրագործելու մասին ծածկագիր-հեռագիր. «1-ը դեկտեմբերի, 1915թ.: Մեզ լուրեր են հասել, որ որոշ հոգևորականներ ուղարկվել են այնպիսի կասկածելի տեղեր, ինչպիսիք են Սիրիան և Երուսաղեմը, մինչդեռ, հայ հոգևորականությունը պետք է ոչնչացվի առաջին հերթին»:

Պատրիարք Զավենը Օսմանյան Թուրքիայի հայ հոգևորականու­թյան նկատմամբ պատիժների կիրառման ընդհանուր վիճակը 1915թ. դեկ­տեմբերի 28-ին ներկայացրեց ամերիկյան թեմի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Վահունուն:

«Կարինի ռազմական դատարանի կողմից աքսորված Տրապիզոնի վարդապետ Գևորգ Տուրյանը սպանվեց ճանապար­հին, Շապին-Գարահիսարի վարդապետ Վաղինակ Թորեկյանը զոհվեց քաղաքի գնդակոծության ժամանակ, Բաբերդի վարդապետ Անանիա Հազարապետյանը կախաղան է բարձրացվել տեղական իշխանությունների կողմից, գավազաններով ծեծված Մուշի վարդապետ Վարդան Հակոբյանը մահացավ բանտում, կտտանքների ենթարկված Տիգրանակերտի վարդա­պետ Մկրտիչ Չլխաթյանը մահացավ բանտում, ձերբակալված և Սեբաստիա աքսորված Եվդոկիայի վարդապետ Շավարշ Սահակյանը սպանված է ճանապարհին, Խարբերդի՝ շղթայված վարդապետ Պսակ Տեր-Խորենյանը, այլոց հետ մորթվեց Տիգրանակերտի ճանապարհին, Իզոգաթի եպիս­կոպոս Ներսես Դանիելյանը, 450 այլ իզոգաթցիների հետ միասին սպան­վեց Սեբաստիայից ոչ հեռու՝ Ալիսայի ափերին, Եդեսիայի վարդապետ Արտավազդ Գալանտերյանը սպանվեց ջարդերից առաջ, քաղաքի կեն­տրոնում, 60-70 այլ հայերի հետ միասին»:

Առանձին-առանձին վկայություններ կային որոշ հոգևորականների նկատմամբ կիրառված պատիժների մասին, թեև հանգամանքները ամբող­ջությամբ մնում էին չպարզված. «Հաստատ զոհված են Բալուի եպիսկո­պոս Եզնիկ Գալպակյանը, Սղերդի վարդապետ Եղիշե Ջանոյանը, Չարսվանջակի վարդապետ Գևորգ Նալբանդյանը, Երզնկայի և Կամախի վար­դապետ Մելքիսեդեկ Հովիվյանը, Սամսունի վարդապետ Համազասպ Եղիսյանը և Գյուրունի եպիսկոպոս Խորեն Դիմաքսյանը, սակայն նրանց մահվան հանգամանքներն առայժմ անհայտ են»: Կցկտուր էին մի շարք հոգևորականների գտնվելու վայրի մասին տեղեկությունները. «Դատա­պարտվել են բանտարկության Կեսարիայի եպիսկոպոս Խոսրով Փեհրեկյանը՝ ցմահ, և Բրուսայի վարդապետ Պարգև Դանիելյանը՝ հինգ տարով, սակայն նրանց գտնվելու վայրն անհայտ է: Նիկոմեդիայի եպիսկոպոս Ստեփանոս Հովակիմյանը, Կոնիայի վարդապետ Գարեգին Խաչատրյանը և Պանդիրմայի եպիսկոպոս Կարապետ Մաջլիմյանը աքսորվել են հո­տի հետ միասին՝ աոաջինը Հալեպ, երկրորդը՝ Մամբիջ և երրորդը՝ Քիլիսեի շրջանի Ազիզե գյուղ: Որպես կենդանի էին հիշատակվում Սեբաստիայում տնային կալանքի տակ գտնվող եպիսկոպոս Գնել Գամքերյանը, Իզմիրի եպիսկոպոս Մատթեոս Ինեջյանը և եպիսկոպոս Պետրոս Սարաջյանը: Կաթողիկոս Սահակը Հալեպից տեղափոխվել էր Երուսաղեմ:

Ինչպես հայտնի է, 1915թ. ցեղասպանությունը գործնականում ընդգրկեց Թուրքիայի ամբողջ հայությունը: Պատրիարք Զավենը գրում էր. «Այս գազանային համընդհանուր սպանդի մեր զոհերի թիվը միլիոնից պակաս չէ. Բոլոր մնացած հայերը՝ բացի Կոստանդնուպոլսի, Իզմիրի, Քյոթահիայի հայերից և բողոքական ու կաթոլիկ մի քանի զինվորական ընտանիքներից աքսորվել և քշվել են անապատներ»: Պատրիարքը եղեռնի պատրվակ էր նշում նաև օտոմանյան իշխանությունների ձգտումը՝ թույլ չտալ Արևմտյան Հայաստանի վերածնվելը: Նշվում էր երիտթուրքական իշխանությունների քամահրանքը միջազգային իրավունքի բոլոր նորմերի նկատմամբ: Ոչ մի ազդեցություն չունեցան չեզոք պետությունների ոչ պաշտոնական և կիսապաշտոնական կարգադրությունները: Ամերիկյան դեսպանի և բուլղա­րական դեսպանորդի բազմաթիվ դիմումները չկարողացան կասեցնել հայերի նկատմամբ հետապնդումները, քանի որ օսմանյան կառավարությունը Հայկական հարցը համարում էր իր ներքին գործը…:

1915թ. մարտի 17-ին Հալեպի առաջնորդարանը Կոստանդնուպոլսի պատրիարքին տեղեկացրեց Հալեպ, Տեր-Զոր, Մոսուլ, Կերկե աքսոր­ված հայերի ծանրաստիճան աղետալի վիճակի մասին: Ստացվող ամենօրյա տեղեկություններն անարգանքների ու կտտանքների այնպիսի մանրամասներ Էին հաղորդում, որոնք կարող էին «նույնիսկ ժայռերի գութը շարժել»:

Պատրիարք Զավենը մայիսի 12-ին դիմեց Կոստանդնուպոլսում գերմանական դեսպանորդ Մետերնիխին՝ հաղորդելով թուրքական իշխանությունների կողմից հայկական հետապնդումների շարունակման մասին, որ չեն դադարում սպանություններն ու թալանը, իսկ տեղահանվածները ողոր­մելի գոյություն են քարշ տալիս Սիրիայի և Սիջագետքի անապատներում, որպես փրկություն սպասելով իրենց ֆիզիկական մահվանը և, որ տեղում մնացած հայերին թուրքական կառավարողներն արգելում են դավանել իրենց կրոնը, իսկ եպիսկոպոսների մեծ մասը մորթվել են:

Ցանկություն էր հայտնվում, որպեսզի Գերմանիան գթասրտություն հանդես բերի Թուրքիայում բնաջնջվող հայ ազգի նկատմամբ:

1916թ. հուլիսի 28-ին արդարադատության և կրոնի նախարարու­թյունը պատրիարք Զավենին տեղեկացրեց սուլթանի կողմից հաստատ­ված և նույն օրը մամուլում հրապարակված եկեղեցական բարեփոխման իրագործման վերաբերյալ «Կանոնադրության» մասին: Ըստ դրա միավորվում Էին Սսի եւ Աղթամարի կաթողիկոսությունները, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքությունները: «Կանոնադրությամբ» վերացվում Էին Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնը և Հայոց պատրիարքությունը՝ Թուրքիայի մայրաքաղաքում: Դրա փոխարեն նախատեսվում Էր միայն Երուսաղեմում գտնվող և Էջմիածնի Մայր Աթոռից անկախ կաթողիկոս-պատրիարքի առաջնորդական տեղապահի ներկայացուցչու­թյուն:

Պատրիարքության դռները և փաստաթղթերը կնքվեցին, իսկ ինքը՝ Զավեն պատրիարքն, աքսորվեց Բաղդադ: Դեպի նշանակված վայր Զավեն պատրիարքի ուղևորության անվտանգությունն ապահովեց ամերիկ­յան դեսպան Մորգենթաուի և գերմանական դեսպանորդի Մետերնիխի միջամտությունը, որը թուրքերին հնարավորություն չտվեց իրագործել նրա ֆիզիկական ոչնչացման ծրագիրը: Թուրքիայի կառավարության որոշումը նպատակ էր հետապնդում մայրաքաղաքում վերացնել հայ ազգաբնակ­չության ներկայացուցչական կենտրոնը, որը զանազան գրությունների մի­ջոցով իրականացնում էր իր հոտի պաշտպանությունը ու նաև խզել կապը Ռուսաստանի սահմանների ներսում գտնվող էջմիածնի Մայր Աթոռի հետ:

1916թ. հուլիսի 28-ին արդարադատության և կրոնի նախարարու­թյունը Կիլիկիայի կաթողիկոս Սահակին տեղեկացրեց Թուրքիայում Հայոց եկեղեցու կառավարման կարգում փոփոխություններնի իրականացման մասին: Նշվում էր, որ Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի միացյալ պատրիարքու­թյունը, Սուրբ Հակոբի վանք նստավայրով, հանձնարարվում է նրան: «Կանոնադրության» համաձայն կաթողիկոս-պատրիարք Սահակին կից պետք է լինեին հոգևոր, ինչպես նաև խառը ժողովներ: Հայտարարվում էր Կոստանդնուպոլսում հայերի Ազգային ժողովի լուծարման մասին, արգելվում էր հոգևորական գործերին աշխարհիկ անձանց միջամտությունը: Կար­գադրվում էր Թուրքիայում Հայոց եկեղեցու կառավարման համար առան­ձին կառույցներ ստեղծել: Կաթողիկոս Սահակն իր այդ «անսպասելի պաշտոնի՚՚ մասին Օս­մանյան Թուրքիայի կառավարության որոշումն ընդունեց առանց ոգևորու­թյան: Սովորական պայմաններում կառավարության որոշումը կմերժվեր, (քանզի դրանով Կիլիկիայի կաթողիկոսարանը Թուրքիայի կառավարու­թյան հետ կմտներ սուր բախման մեջ) բայց եղեռնի պայմաններում, հաշ­վի առնելով նոր ցնցումներից խույս տալու նպատակահարմարությունը, աքսորված հայ ազգաբնակչությանն օգտակար դառնալու, եկեղեցական մնացած ու պահպանված սեփականությունը կարգի բերելու անհրաժեշտությունը՝ այդ որոշումը լռությամբ ընդունվեց: Օգոստոսի 3-ին արդարադատության և կրոնի նախարարությունը կաթողիկոս Սահակին հայտնեց Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնի վերացման և մայրաքաղաքում առաջնորդական տեղապահ նշանակելու անհրաժեշտության մասին: Օգոստոսի 6-ին կաթողիկոս Սահակը Մայր Տաճարում անցավ Երուսաղե­մի և Կոստանդնուպոլսի պատրիարքի պարտականությունների կատար­մանը: Կազմվեց կաթողիկոս-պատրիարքի վեց անձից բաղկացած հոգևոր ժողով, իսկ մնացած անդամները հաստատվեցին հոկտեմբերին:

Ընդհանրացնենք, երիտթուրքերի կործանիչ քաղաքականությունը ծանրագույն հարված հասցրեց Թուրքիայի Հայոց եկեղեցուն և հոգևորականությանը: Թուրքիայում կաթողիկոսարան-պատրիարքարանը, փաստորեն, սոսկ «անվանական» բնույթ էր կրում: 1912թ. հայկական եկեղեցիների ու վանքերի թիվը ավելի քան 2200 էր: 1915-1918թթ. ընթացքում թուրքերը բարբարոսաբար թալանեցին ու կործանեցին մոտ 2150 հայկական եկեղեցի ու վանք:

Սպանվեցին ավելի քան 4000 հոգևոր ծառայողներ: Թալանի ենթարկվեցին Արմաշի, Աղթամարի և Մուշի հայկական եկեղեցական կենտրոնները: Ոչնչացվեցին սբ. Առաքելի, սբ. Աստվածածնի, սբ. Սարգսի, սբ. Կարապետի վանքերի ձեռագրերն ու գրքերը: Սիայն Դպրավանքի և Արմաշի ձեռագրերի պահոցներից ոչնչաց­վեցին մոտավորապես 500 ձեոագիր: Մուշում կանգուն է մնացել միայն մեկ եկեղեցի և այն էլ այն պատճառով, որ այդտեղ տեղավորվել է թուրքական ալյուրի պահես­տը: Ամենաբարբարոս կերպով ամենուր և մշտապես ապականված են ու պղծված սրբապատկերները: Թուրքերը հաստատ ցանկանում էին երկրի երեսից ջնջել այն ամենը, ինչ հայկական է: Ռուսական զորքերի հարձակման ժամանակ Արևմտյան Հայաստանի Հայոց եկեղեցիներից սոսկ որոշ մշակութային արժեքներ, ձեռագրեր և զարդեր փրկվեցին ու տեղափոխվեցին էջմիածին:

Տ. Վիգեն քհն Մանուկյան

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկղեցու հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Aragatsotni-tem.am