Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Մանրանկարչություն

Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ ծաղկումը. կերպարվեստի ստեղծագործություն է, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական նուրբ հնարքներով:

Մանրանկարչությունը ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն ու գունանկարները և գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, պատմողական թեմատիկ տեսարաններ և այլն. պատկերազարդվել են գուաշով, տեմպերայով, ջրաներկով, ոսկով, հազվադեպ՝ նաև արծաթով:

Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Մ. թ. ա. VI դարից, բացի պապիրուսից, օգտագործել են նաև կաշվե գրելանյութ՝ մագաղաթը, որն աստիճանաբար դուրս է մղել պապիրուսը. մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500 թ., Միլանի Ամբրոզիանա գրադարան):

Պահպանված հայկական ձեռագրերը մատյաններ են, որոնց մի մասի հիշատակարաններում թվագրված են գրչի, պատվիրատուի, հաճախ՝ նաև ծաղկողների անունները: Ավելի շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը, ծիսամատյանները (Ճաշոց, Ճառընտիր, Շարակնոց, Մաշտոց և այլն): Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI-VII դարերի նմուշներ են («Էջմիածնի Ավետարան»), իսկ ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագրերը (Ավետարաններ) IX դարից են: Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ:

«Հովհաննես Պրոքսիմոս», մանրանկար «Ադրիանուպոլսի Ավետարանից» (1007 թ., գրիչ` Կիրակոս Երեց, Վենետիկի
Սբ Ղազար վանքի մատենադարան)

Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց: XI դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտենե)] շարունակվել է Մլքե թագուհու (պահպանվել են հելլենա-քրիստոնեական արվեստի առավել արժեքավոր առանձնահատկությունները) և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը:

XI դարի հայկական առաջին պատկերազարդ ձեռագրերից է «Ադրիանուպոլսի Ավետարանը» (1007 թ., գրիչ՝ Կիրակոս Երեց), որտեղ ավետարանիչների և «Աստվածամայրը մանկան հետ» նկարները գույներով ու նուրբ համամասնություններով հիշեցնում են նույն շրջանի բյուզանդական որմնանկարների ոճը: Կղոտ գավառի (Եփրատի ափին) Թալաշա վանքում 1018 թ-ին ընդօրինակված մի ձեռագրում պատկերված 4 ավետարանիչների դեմքերը հիշեցնում են Աղթամարի վանքի Սբ Խաչ եկեղեցու որմնանկարների դեմքերը: X-XI դարերի այդպիսի ձեռագրերի գլուխգործոց է 1038 թ-ի Ավետարանը (գրիչ՝ Եվարգրիս, Մատենադարան), որը ոճով մոտ է «Ծուղրութի Ավետարանին» (974 թ.) և «Վեհափառի Ավետարանին» (X դարի վերջ - XI դարի 1-ին կես), որտեղ պահպանվել է ասորա-պաղեստինյան վաղ քրիստոնեական պարզագույն ոճը:

«Մուտք Երուսաղեմ», մանրանկար «Հաղպատի Ավետարանից» (1211 թ., գրիչ՝ Հակոբ, ծաղկող՝ Մարգարե, Մատենադարան)

1041 թ-ին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարանի» (Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարան) և 1057 թ-ի մի ձեռագրի (Մատենադարան, ձեռագիր դ 3784) տերունական նկարաշարերն ավարտվում են 4 ավետարանիչների և խաչի պատկերներով: Խորանները փոխել են իրենց ճարտարապետական տեսքը, մեկ ամբողջական էջին (նույն շրջանակում) պատկերվել է 2 տեսարան, որոնք կառուցվածքով հիշեցնում են X-XI դարերի կապադովկյան որմնանկարները: Մարդկանց և առարկաների պատկերները խիստ պայմանական են և սխեմատիկ: Փոքր Հայքի ձեռագրերի խորանները զարդարված են բուսական և երկրաչափական մոտիվներով, թռչուններով ու հուշկապարիկներով (առասպելական ոգիներ):

Անիի մանրանկարչության դպրոց: Ձևավորվել է XI-XIV դարերում՝ Անիի գրչատներում և մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում): Ունեցել է աշխարհիկ ուղղվածություն. ձգտել է ավանդույթները հարստացնել կյանքի ու կենցաղի տարրերով:

XI դարի սկզբին Անիում են աշխատել Թադեոս գրիչը, Գրիգոր Մուրղանեցի գրիչը, Գևորգը և ուրիշներ: XII դարի վերջին Հոռոմոսի վանքում է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ է հասել 3 Ավետարան. ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է (XI դարի կես, Մատենադարան)՝ խորաններով, ընդարձակ տերունական նկարաշարով, յուրահատուկ հեռանկարչական համակարգով: Մանրանկարների գույները փայլատ են ու մեղմ, հարուստ՝ արևելաքրիստոնեական մոտիվներով:

Անիում հույների ներկայությունն արտացոլված է 1053 թ-ի Ավետարանի, «Բեգյունց Ավետարանի» (1060 թ.) և ավետարանիչների պատկերներում, հունական անվանատառերում: XII դարի վերջի - XIII դարի սկզբի Անիի դպրոցներից պահպանվել է Իգնատիոս մանրանկարչի ծաղկած մի քանի ձեռագիր («Բագնայրի Ավետարանը», 1232 թ., 1236 թ-ի Ավետարանը և այլն): Առանձին խումբ են «բյուզանդամետ» համարվող «Տրապիզոնի Ավետարանը» (XI դարի 1-ին կես), «Կարսի Ավետարանը» (XI դար), 1071-78 թթ-ի Ավետարանները (Մատենադարան, ձեռագիր դդ 6975, 10434): XI դարի մատյանները մեծ մասամբ խոշոր են, իսկ XII դարի մատյանները՝ ավելի փոքր: Այդ շրջանի ձեռագրերի ձևավորումը համեստ է:

XII դարում սկզբնավորվել է Ճառընտիրների (Տոնականներ, Մատենադարան, ձեռագիր դդ 3777, 1522, 3782 և այլն), ժողովածուների և մեկնությունների ձևավորման համակարգը, որին բնորոշ են մեծ չափերը, լայն լուսանցքները, արագագիր ոճը:

Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին կեսին: Մանրանկարիչ Մարգարեն Անիի Բեխենց վանքում պատկերազարդել է «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), որը Անիի դպրոցին ամենաբնորոշ ստեղծագործությունն է: 1298 թ-ին գրիչ Եղբայրիկն ընդօրինակել ու ծաղկել է մի ձեռագիր, որի տերունական և ավետարանիչների կերպարներն ստեղծել է Խաչատուրը: Անիում է ձևավորվել մանրանկարիչ Մխիթար Անեցու արվեստը: Անիի դպրոցից մեզ հասած վերջին ձեռագրի հեղինակը գրիչ Հովհաննես Ոսկեփորիկն է (XIV դար):

«Հովհաննես ավետարանիչ և Պրոքորոն», մանրանկար «Վանենու Ավետարանից» (1224 թ., Մատենադարան)

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով: Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել: 1113 թ-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր դ 6763) ակնհայտ է Մեծ Հայքի մանրանկարչության ավանդույթների ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են:

XII դարի վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր կապված են Ներսես Լամբրոնացու և նրա հովանավորած Սկևռայի վանքի հետ. առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի պատկերազարդ ձեռագիրը (1173 թ., Մատենադարան, ձեռագիր դ 1568), որի գրիչը Գրիգոր Մլիճեցին է, պատվիրատուն (ստացողը)՝ Ներսես Լամբրոնացին: Վերջինիս պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը «Սկևռայի Ավետարանն» է (1197 թ.), որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, զուտ կիլիկյան երևույթ են:

XIII դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններ են (1249 թ., գրիչ՝ Կիրակոս, Մատենադարան, ձեռագիր դ 7690, 1251 թ., գրիչ՝ Սարգիս, Մատենադարան, ձեռագիր դ 3033, և այլն), որոնք հիմնականում հետևել են XII դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն:

«Իմաստուն և հիմար կույսեր», մանրանկար Արցախում գրված ու պատկերազարդված Ավետարանից (XIII դար, Մատենադարան)

Հռոմկլայի դպրոցի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինից հետո՝ 1270-ական թվականներին, արքայական ընտանիքի անդամների համար ստեղծվել են մի շարք ճոխ ձեռագրեր: «Վասակ իշխանի Ավետարանում» (XIII դարի 2-րդ կես, գրիչ՝ Ավետիս) և «Կեռան թագուհու Ավետարանում» (1272 թ., գրիչ՝ Ավետիս) ընծայագրերին փոխարինել են պատվիրատուների ընտանիքների անդամների պատկերները՝ «Դեիսուսի» («Բարեխոսություն»), Աստվածամոր ու Քրիստոսի կերպարներով:

«Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286 թ.), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (նկարազարդել են XIII դարի վերջին քառորդի անհայտ նկարիչներ, 1320 թ-ին՝ Սարգիս Պիծակը, գրիչ՝ Ավետիս), Մատենադարանի 2 Ավետարանները (ձեռագիր դդ 9422, 2629) հարուստ են զարդային, սյուժետային և ֆիգուրատիվ նկարներով, գեղարվեստական միջոցների բազմազանությամբ, լուսագունային երանգավորմամբ: Գռների և Ակների վանքերի Հովհաննես Արքաեղբոր մանրանկարչության դպրոցում են ստեղծվել Աստվածաշունչը (1263-66 թթ., Մատենադարան, ձեռագիր դ 4243), մեզ հասած առաջին աստվածաշնչյան գրքերից մեկը (1270 թ., Մատենադարան, ձեռագիր դ 345), 1287 թ-ի Ավետարանը (Մատենադարան, գրիչ՝ Հովհաննես Արքաեղբայր, ձեռագիր դ 197) և այլն:

«Մկրտություն», մանրանկար Գլաձորում Թորոս Տարոնացու ծաղկած Ավետարանից (1323 թ., Մատենադարան)

 

«Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը» (Մատենադարան, ձեռագիր դ 197) ոճական առումով, տերունական պատկերների հորինվածքային բարդությամբ ավելի մոտ է արքունական դպրոցի մանրանկարչական արվեստին:

XIII դարի վերջին տասնամյակին Կիլիկյան Հայաստանի գրչարվեստը դեռևս իր բարձրության վրա էր, սակայն մանրանկարչությունը կրել է որոշակի փոփոխություններ: 1292 թ-ի «Հեթում Բ թագավորի Աստվածաշնչում» Ստեփանոս գրիչը (հավանաբար՝ նաև նկարիչը) հետևել է արքունական դպրոցի շքեղ ոճին. ստեղծել է նոր սխեմատիկ ոճ, որի ցայտուն արտահայտողը Սարգիս Պիծակի հայրն է՝ Գրիգորը:

Բարձր Հայքի և Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյան ճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արևմտյան մասերում (Բարձր Հայք, Խարբերդ և այլն) և Հայաստանից դուրս՝ հայաբնակ վայրերում (Եդեսիա, Երուսաղեմ և այլն) ստեղծված բարձրորակ ձեռագրերից է «Մշո Ճառընտիրը» (1200-02 թթ., գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս)՝ հայերեն ամենամեծ մագաղաթե մատյանը (55,5 սմ x 70,5 սմ, քաշը՝ 28 կգ): Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված գլուխգործոց է 1269 թ-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը՝ «Երզնկայի Աստվածաշունչը» (գրիչներ՝ Մխիթար, Հակոբ և Մովսես), որի խորանների, անվանաթերթերի, սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը մոտ է կիլիկյան Աստվածաշունչ և այլ մատյանների: Տերունական նկարներով հատկապես առանձնանում է «Թարգմանչաց Ավետարանը» (1232 թ., գրիչ՝ Տիրացու, ծաղկող՝ Գրիգոր), որը գունային հակադրությունների դրամատիզմով կարող է համեմատվել X-XI դարերի Օթոնյան (գերմանական արքայատոհմ Հռոմեական սրբազան կայսրության մեջ) շրջանի գերմանական ձեռագրերի հետ:

«Ավետում», մանրանկար Տաթևի վանքում պատկերազարդված Ավետարանից (XIV դար, ծաղկող՝ Գրիգոր Տաթևացի,
Մատենադարան)

Արցախի վանքերում բազմաթիվ ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր վայրերից, սակայն այնտեղ պատկերազարդված սակավաթիվ ձեռագրեր են պահպանվել: 1224-61 թթ-ին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ լավ մշակված մագաղաթներով, մանրանկարների ոճով, ոսկու և գույների նրբությամբ, կառուցվածքով և տիտղոսաթերթերի հորինվածքով մոտ են մանրանկարիչ Իգնատիոսի` Անիում ստեղծած ձեռագրերին: Արցախից հայտնի են 1224 թ-ի Խորանաշատի (Վանենի թագուհու) Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 4823), Հասան-Ջալալյան իշխանի հայր Վախթանգ Տանգիկի և նրա տիկնոջ՝ Խորիշահի Ավետարանը (ծաղկող՝ Թորոս, Մատենադարան, ձեռագիր դ 378):

Գլաձորի մանրանկարչության դպրոց: Գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դարի վերջից մինչև XIV դարի կեսը: Այստեղ են ստեղծագործել 3 նշանավոր մանրանկարիչներ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը:

Գլաձորի մանրանկարչության դպրոցն առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստին և մշակույթի այլ բնագավառների (քանդակագործություն, ճարտարապետություն), քան գրքարվեստի մյուս դպրոցները: Թորոս Տարոնացու ծաղկած ձեռագրերի խորանները, լուսանցազարդերը և անվանաթերթերի զարդամոտիվները մեծ մասամբ կրում են կիլիկյան դպրոցի ազդեցությունը: Կիլիկյան ակունք ունի նաև որոշ ձեռագրերում (1318 թ-ի «Եսայի Նչեցու Ավետարանը», Մատենադարան, ձեռագիր դ 206, XIV դարի սկզբի Ավետարանը, Լոս Անջելեսի համալսարան, և այլն) Աստվածաշնչի կամ Ավետարանի յուրաքանչյուր դրվագ նկարազարդելու ձգտումը: Տերունական նկարներում ավելի ուժեղ են Մեծ Հայքի տարբեր դպրոցների ազդեցությունները:

«Մուտք Երուսաղեմ» և «Ոտնլվա», մանրանկար Վասպուրականում ծաղկած Ավետարանից (1392 թ., գրիչ` Պետրոս, ծաղկող` Հովհաննես Խիզանցի, Մատենադարան)

Գլաձորի մանրանկարչության դպրոցի վերջին վարպետը՝ Ավագը, սկզբում կրել է Մոմիկի և Թորոս Տարոնացու ազդեցությունը, հետագայում հասել է հոգեբանական ավելի մեծ արտահայտչականության: Նա խուսափել է բազմապլանայնությունից, Սարգիս Պիծակի նման կերպարներն ու մոտիվները (զարդեր, բնություն և այլն) բերել է մի հարթություն: Ավագն իր արվեստում օգտվել է և՜ կիլիկյան, և՜ գլաձորյան դպրոցների ավանդույթներից:

«Հովհաննու հայտնությունը», մանրանկար Ղրիմում ընդօրինակված Աստվածաշնչից (1669 թ., ծաղկող՝ Նիկողայոս Ծաղկարար, Մատենադարան)

Տաթևի մանրանկարչության դպրոց: Գործել է Տաթևի համալսարանում (XIV դարի վերջից): Շարունակելով Գլաձորի դպրոցի ավանդույթները՝ դրանք հարստացրել է մոնումենտալ ոճի տարրերով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները՝ 1378 թ-ին ծաղկած Ավետարանում, որը գրվել է 1297 թ-ին, Մատենադարան, ձեռագիր դ 7482):

Տաթևի դպրոցի XV դարի սկզբի նկարիչներից էր Հայրապետը, որի նկարազարդած 1407 թ-ի Ավետարանից պահպանվել է միայն հիշատակարանը (Մատենադարան, պատառիկ 923): Լավագույն ձեռագրերից է նաև նրա ընդօրինակած Հայսմավուրքը (Մատենադարան, ձեռագիր դ 7361), որի զարդանկարներն առանձնանում են նրբությամբ ու գունագեղությամբ, դիմապատկերները՝ գեղանկարչական վարպետությամբ: 1496-1502 թթ-ին Աբրահամ ծաղկողը Տաթևում պատկերազարդել է 1495 թ-ին ընդօրինակված Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 5303):

Տաթևի դպրոցում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ մատյաններ, որտեղ չկան թեմատիկ նկարներ, հարդարված են կիսախորաններով ու լուսանցազարդերով, մեծ մասամբ՝ գրաֆիկական ոճավորմամբ:

Վասպուրականի մանրանկարչության դպրոց: Առավել նշանավոր էր XII-XV դարերում: Այստեղ թարգմանվել և ընդօրինակվել է ավելի քան 2 հզ. ձեռագիր, մի մասը՝ նկարազարդ: Մեզ հասած թեմատիկ նկարներ ունեցող առաջին ամբողջական մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է (IX դար, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր դ 114/86), որն ընդօրինակվել է 862 թ-ին, Վասպուրականում: Մյուս մատյաններն ստեղծվել են X-XI դարերում (Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր դդ 10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի և մշակույթի վերելքի արտահայտությունն են:

XI դարի 30-40-ական թվականներից, սելջուկյան արշավանքների հետևանքով, մշակույթի առաջընթացն ընդհատվել է, և միայն XIII դարի 70-ական թվականներից է սկսվել ձեռագրերի ընդօրինակման ու պատկերազարդման նոր փուլը՝ Արճեշի, Արծկեի, Բերկրիի գրչության կենտրոններում: Հիմնականում պահպանվել են ազգային տեղական ավանդույթները (Սիմեոն Արճիշեցի, Խաչեր, Հովսիան, Մելքիսեդեկ, Վարդան Արծկեցի, Ստեփանոս), փոխվել է մանրանկարների կերպարային և ոճական ընդհանուր պատկերը:

«Հրեշտակի հայտնությունը Յուղաբեր կանանց», մանրանկար «Նոր Ջուղայի Ավետարան»-ից (1610 թ., ծաղկող` Հակոբ Ջուղայեցի, Մատենադարան)

XIII-XIV դարերում, մանրանկարների ընդհանուր ոճի դրսևորումներին զուգահեռ, կարևորել են նաև դեկորատիվ-հարթապատկերային ձևերը: Դպրոցի վերելքի շրջանում բյուրեղացել ու ավարտուն տեսք է ստացել մանրանկարչության ոճը, աշխույժ գործունեություն է ծավալվել Աղբակում, Աղթամարում, Խիզանում, Նարեկում, Խլաթում և մյուս կենտրոններում:

Վասպուրականի դպրոցին բնորոշ ուշագրավ նմուշներ է ստեղծել Կիրակոս Աղբակեցին [1318-19 թթ-ի (ձեռագիր դ 4817), 1330 թ-ի (ձեռագիր դ 2929) և այլ Ավետարաններ, Մատենադարան]: Նրան հաջորդել են Զաքարիա Աղթամարցին (պատկերազարդած ձեռագրերից 14-ը Մատենադարանում են), Ծերուն Ծաղկողը (Մատենադարանում են 5 ձեռագիր, 1 Ճառընտիր), Հովհաննես Խիզանցին (1401 թ-ի Ավետարանը, Մատենադարան, ձեռագիր դ 4223, և այլն) և ուրիշներ: XV դարի վերջից տեղական ավանդական ձևերը կորցրել են իրենց կենսունակությունը, իսկ XVII դարի վերջից Վասպուրականի դպրոց են թափանցել նոր ժամանակների միտումներն ու նախասիրությունները:

Ղրիմի մանրանկարչության դպրոց: Նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ ստեղծագործել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, անվանի գրիչ Նատերի որդիներ Ավետիսն ու Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: Ղրիմի դպրոցի լավագույն ձեռագրերից են Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (1356 թ., Մատենադարան, ձեռագիր դ 7408) և Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1401 թ., Մատենադարան, ձեռագիր դ 3863):

Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) գրչության կենտրոններն ակտիվ շփվել են իտալացիների և հույների հետ, ուստի` հայ մանրանկարիչների գործերում ակնհայտ է ոչ միայն կիլիկյան և Մեծ Հայքի դպրոցների, այլև XIII-XIV դարերի բյուզանդական արվեստի ազդեցությունը: XVII դարի Ղրիմի մանրանկարիչներից են Խասպեկը (1666 թ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռագիր դ 6606), Նիկողայոս Ծաղկարարը (1684 թ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռագիր դ 6341) և ուրիշներ:

Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոց: Խոշոր ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է. պահպանվել են նրա պատկերազարդած 8 ձեռագրերը, որոնցից 6-ն Ավետարան են: Նա, շարունակելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, ստեղծել է նոր որակ:

XVII-XVIII դարերում, հայ գրքի տպագրական մշակույթի զարգացմանը զուգընթաց, մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին:

ՀՀ-ում 1992 թ-ից նորաստեղծ հայորդաց տների համակարգում գործում են մանրանկարչության դասարաններ, 1993 թ-ից՝ Մանրանկարչության արվեստի կենտրոնը:

Աղբյուր՝ Հայկական Հանրագիտարան