Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Հովհաննես Զարդարյան. Նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում

Հայաստանի կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկը՝ Հովհաննես Զարդարյանը (08. 01. 1918 - 21. 07. 1992), լինելով տակավին երիտասարդ նկարիչ, լայն համբավ էր վայելում դեռևս 40-ական թվականներին:

Արժանանալով բազմաթիվ պարգևների, կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների, նա ներկայացնում էր Խորհրդային Միությունը և մասնավորապես Հայաստանը Ռուսաստանում ևԱմերիկայում, Իտալիայում ու Ֆրանսիայում, Բելգիայում և Լեհաստանում, Լատվիայում ու Ճապոնիայում և այլուր:

Ստեղծագործական կյանքի ընթացքում փոփոխվում էր նկարչի ոճը, վրձնահարվածների բնույթը, գունային հարաբերությունները, անփոփոխ է մնում միայն նրա խստապահանջությունը նկարի կուռ, տրամաբանական կառուցվածքի նկատմամբ:

Զարդարյանին շատ թանկ էր մի փոքրիկ նկար, ինչպես ինքն էր այն անվանում «Երջանկություն»-ը, 1940թ՝ մի խումբ երիտասարդներ բնության գրկում: Նկարի մասին խոսելիս նրա դեմքին հայտնվում էր թեթև ժպիտ, վաղեմի հիշողությունների արտացոլանք: Վրձնահարվածների կենդանությունը, գունային հարաբերությունների նրբությունը ստեղծում են քնքշության ու սիրո մթնոլորտ: Նման ջերմ ու լուսավոր տրամադրություն մենք տեսնում ենք նաև նկարչի ավելի ուշ աշխատանքներում՝ «Աննուշկա», «Տպավորություն. Արարատ»: Պատերազմական տարիների ստեղծագործությունների մուգ կոլորիտը, շագանակագույնի, մոխրագույնի և կապույտի խորը տոնային անցումներով, անհասկանալի տագնապ են առաջացնում: 40-ականների կեսին նկարչի գեղարվեստական ոճում տեղի ունեցավ իսկական պայթյուն: Ներկապնակը լուսավորվեց, վրձնահարվածները դարձան մասնատված, թափանցիկ ու թեթև:

Ծաղկած ծառեր, կանաչ այգիներ, աշնանային ոսկի բնանկարներ, որոնք շնչում են լույսով ու գույնով՝ «Ծաղկող դեղձենին» և այլն: Գեղանկարչության այս համընդհանուր խրախճանքին ներդաշնակ կատարվում են հոր, կնոջ, դստեր դիմանկարները և բազմաթիվ այլ աշխատանքներ: Ստեղծագործական այս շրջանը հաստատեց Զարդարյանի անունը հայկական իմպրեսիոնիզմի պատմության մեջ:

1945թ-ին նա ավարտեց մի մեծ նկար «Քսանհինգամյան» անվանումով: Նկարչի ցանկությունը բնության հետ միաձուլված կնոջ կերպարի միջոցով ստեղծել նկարի գաղափարն արտացոլող խոհրդանշական կերպար մենք տեսնում ենք մի շարք կտավներում` «Գարուն», «Աղբյուր»:

«Սևանգեսի շինարարների հաղթանակը», 1948թ., մոնումենտալ, բազմաֆիգուր կոմպոզիցիոն նկարը հասուն վարպետի վրձնով կերտած շնորհերգ է մարդու հերոսական աշխատանքին: Խստաշունչ նկար ՝ 60-ականների խորհրդային կերպարվեստի Խստաշունչ ոճի նախագուշակ: «Նախաշավիղ. Խ.Աբովյան» և Կոմիտասին նվիրված չորս մեծածավալ կտավները հիմք դրեցին նկարչի արվեստում կոմպոզիցիոն դիմանկարի ժանրին: Հետագայում Զարդարյանը բազմաթիվ անգամ է անդրադառնում մեր ազգի երախտավորների դիմանկարներին՝ «Իսահակյանը ու Չարենցը Վենետիկում», «Խոնարհում. Վ.Սարոյան.», «Մտածողը.Վիկտոր Համբարձումյան.» և այլն: Բոլոր նկարները տարբերվում են միմանցից և յուրօրինակ կառուցվածքով, և գունային լուծումով, սակայն նրանց միավորում է ժամանակի հեռանկարում բացառիկ անհատականության կերպար ստեղծելու հեղինակի մտահղացումը:

Ի տարբերություն 40-ականների իմպրեսիոնիստական աշխարհընկալմանը, 50-ական թվականների բնանկարները սակավախոս են, մոնումենտալ, կատարված մեծ ընդհանրացումներով և միևնույն ժամանակ գունային երանգների նուրբ անցումներով: Դրանք կարծես նախապատրաստում են «Գարուն » նկարի ծնունդը: «Գարուն»-ը՝ ինչպես գրել է Իլյա Ցիռլինը,- «…միանգամից նվաճեց դիտորդին նկարում արտահայտված զգացմունքների ուժով, վեհ քնարերգությամբ, անվիճելի ներքին ճշմարտախոսությամբ և կոլորիտի ու պլաստիկայի իրական բովանդակալիությամբ»: Այս կտավը դարձավ երկրում տեղի ունեցող Ձնհալի մարմնավորումը և նոր հորիզոններ բացեց Զարդարյանի ստեղծագործական որոնումներում: Նկարը Բրյուսելի 1958թ Համաշխարհային Էքսպոյում արժանացավ մրցանակի, այնուհետև նամականիշի տեսքով միլիոնավոր տպաքանակով տարածվեց աշխարհով մեկ որպես նկարչի այցեքարտ: Նկարչի այդ տարիների աշխատանքներն ի հայտ են բերում այլ Զարդարյան՝ ամբողջական, վառ ու առաջին հայացքից գրավող ու հիշվող:

50- ականների վերջից, մենակյաց, հանդարտ կյանքը Բյուրականի նորակառույց արվեստանոցում, սերտ շփումը բնության հետ խթանեցին ստեղծագործական աներևակայելի եռանդ: «Ձգտում»-ը, «Պոռթկում»-ը, «Գաղթ»-ն իրենց անթիվ տարբերակներով, գիտնականների և գյուղացիների դիմանկարները, բազմաթիվ բնանկարները շատ արագ գրավեցին ընդարձակ արվեստանոցը: Առաջինը «Ձգտում» նկարն էր, որը տանում էր երևակայության և երազանքի աշխարհ: Մարդու հավերժական ձգտումը դեպի ազատություն, դեպի հիասքանչն արտահայտելու համար նկարիչը դիմում է պոետիկ խորհրդանիշի: Թեմայի ապագա զարգացումը հանգեցրեց ըմբոստ ու կրքոտ «Պոռթկում»-ի ստեղծմանը: Այդ կրեշչենդոն բնորոշ է Զարդարյանի ստեղծագործությունների համար: Մենք տեսնում ենք նկարչի ներքին մղումը՝ հետզհետե բարձրացնելով լարվածության աստիճանը և էմոցիոնալ հարթությունում, և գեղանկարչական ձևի առումով, հասնել առավելագույն արտահայտչականության:

Այդ տարիներին Զարդարյանի ստեղծագործությունում սկսվում է նոր փուլ, պայմանավորված նաև Բյուրականի աստղադիտարանի հարևանությամբ և գիտնականների հետ սերտ շփումներով ու բարեկամությամբ: Զարդարյանը հետաքրքրությամբ հաճախում էր աստղադիտարանում ընթացող բոլոր գիտնական համաժողովները, վերադառնում ոգևորված, և հարցին, թե ինչ հասկացավ այդ նեղ մասնագիտական ելույթներից, ասում էր. գուցե չհասկացա, բայց պատկերացրեցի: Այդ պատկերացումների շնորհիվ ստեղծվեցին բազմաթիվ նկարներ, նվիրված աստղագետներին ու նրանց գիտական որոնումներին: «Ակն Բյուրականի» նկարի կենտրոնում լայն բացած երկնագույն աչքերով մարդ է, ընկղմված տիեզերական տարածության մեջ: Շատերն այս կերպարում կնկատեն աստղագետ Լյուդվիգ Միրզոյանի դիմագծերը, բայց սա արդեն ոչ թե անձնավորություն է,այլ Հայացք մեծ աշխարհի թաքնված իմաստը ճանաչելու տենչով: Մեկը մեկին հետևելով կերտվում են Բյուրականի և արտերկրնեից ժամանած աստղագետների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարները և կոմպոզիցիոն նկարներ, ոգևշնչված աստղագիտության ֆանտաստիկ աշխարհով: Զարդարյանի արվեստանոցը ձգում էր երիտասարդներին արվեստի հետ առընչվելու հնարավորությամբ և յուրահատուկ անկաշկանդ մթնոլորտով: Նրանք միշտ պատրաստակամությամբ բնոդում էին նկարչին: Հենց այդ ժամանակ ստեղծվում է «Երիտասարդություն» անվանումով բարդ և կուռ կառուցվածք ունեցող եռապատկերը նվիրված երիտասարդ գիտնականների կյանքին, նրանց առօրյային, գործին, ընտանիքին: Գերվելով «Պլեադներ» համաստեղության արտակարգ գեղեցկությամբ և հունական դիցաբանության Պլեադների մասին առասպելի խոր մարդկային բովանդակությամբ, Զարդարյանը ստեղծում է համանուն նկարը, որտեղ մայրության գաղափարը ստանում է նոր, փիլիսոփայական մեկնաբանություն:

Քնարերգություն և բանականություն, փիլիսոփայական մտորումներ և անմիջականություն, ուրախություն և հուսահատություն, այս ամենը հատուկ է Զարդարյանի բազմազան ու բազմաշերտ արվեստին, բայց եթե ուզենանք մի խոսքով բնութագրել վարպետի ողջ արվեստը, ապա՝ կենսահաստատում: Նկարչի վերջին աշխատանքը՝ «Նատյուրմորտ առաքյալների հետ», դրա վառ ապացույցն է: Զարդարյանի արվեստը ծնունդ է առել հարազատ քարքարոտ հողի ամենախոր շերտերից: Հիրավի ազգային նկարիչ, նա միշտ բաց է եղել համաշխարային կերպարվեստին և ընկալել այն ամենն, ինչ համահունչ էր իր գեղագիտական աշխարհընկալմանը: Դա թույլ էր տալիս նրան զգալ ժամանակի զարկերակը և լինել նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում:

Տեքստի աղբյուր՝ 1in.am
Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության