Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի...

Աստված ասում է՝ սուր բարձրացնողը սրից էլ կընկնի... Ասում է՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն...

Սա կյանքի փիլիսոփայությունն է։ Աստված մարդուն դնում է տարբեր և հաճախ հակադիր իրավիճակների մեջ, որպեսզի մարդն հասունանա, իմաստնանա։ Խոսքը շատ գիրք կարդալու և շատ բան իմանալու մասին չէ։ Մեր պապ ու տատերը մեզնից քիչ գիտելիք ունեին գուցե, բայց մեզնից իմաստուն էին՝ կյանքի, բարու և չարի, սխալի ու ճշտի մասին իրենց պատկերացումներում։ Ովքեր չեն հավատում կարող են կարդալ մեր հեքիաթները, լսեն մեր օրորոները, վերջապես՝ էպոսն ուսումնասիրեն...

Երեկվա իշխանավորը այսօր ընդդիմադիրի կարգավիճակում է և «վայելում է» ներկա իշխանության կողմից նույն էն ամենը, ինչ ինքն անում էր ժամանակին նախկին «ընդդիմության» նկատմամբ, որը ներկա իշխանություն է։ Ներկա իշխանությունը այժմ «վայելում է» ներկա ընդդիմության կողմից նույն էն ամենը՝ ինչ ինքն անում էր, երբ ընդդիմություն էր։ Փողով սրա-նրա վրա հոդված գրողներն էսօր իրենք են ճաշակում զրպարտանքի համը, բամբասանքով մարդկանց անուն փչացնողները՝ էսօր իրենք են «վայելում» դրա պտուղները։ Տարիներով «ընդդիմադիր» կյանքով ապրած ու ոչ մի վայրկյան պետական պատասխանատվության բեռը չզգացած մարդը էսօր հայտնվում է պատասխանատվության բարձր հարթակում, որպեսզի զգա գործ անելու և քննադատելու տարբերությունների ողջ հմայքն ու թշվառությունը՝ ենթարկվելով նաև ազնիվ ու անարտ մնալու, չգայթակղվելու փորձությանը։ Տարիներով ակվարիումային կյանքին սովորած, մշտապես պաշտոնների գտնվող, պետական միջոցներով կյանք վայելող ու էժան ու փնթի պատճառաբանություններով պատասխանատվությունից փախչող նախկին չինովնիկը էսօր հայտնվում է իրեն քննադատողների կարգավիճակում, և սկսում բողոքել անարդարությունից։ Այնինչ ամենաարդար բանը, որ տեղի է ունենում հենց դա է և դա պիտի ստիպի նրան(ց) իմաստնանալու... Դերերի և կերպարների էս հավերժ շրջապտույթը կյանքի փուլայնությունն է։ Սինուսոիդալ պարույրը, որը խոյակերպ պտույտով առաջ է սլանում ժամանակի մեջ՝ միևնույն ժամանակ մնալով իր առանցքի շուրջը։ Սրան են ասում՝ դարձ ի շրջանս իւր...

Պահպանողականության և առաջադիմության մասին հավերժ վիճողները էդպես էլ չեն հասկանում, որ միմյանց լրացնողներն են։ Ֆիզիկա իմացողները կհասկանան, որ ցիֆերբլատի 12 կետերով կամ շրջանագծի 360 աստիճանով պտույտը հնարավոր է, երբ կա կենտրոնաձիգ ձգողականության ուժը՝ տվյալ պահին շառավղով դեպի կենտրոն ձգողականությունը՝ առանցք պահողը... Առանց այդ ուժի՝ շարժվող կետը պարսատիկի քարի պես կնետվեր պատմության աղբանոցը... Կենտրոնաձիգ ձգողականության ուժի դերում գտնվողները չեն հասկանում, որ 13-րդը առանցքն է, առանց որի չի լինի տարածական փոփոխություն, տեղաշարժ եռաչափ տարածության մեջ, և այդ հավերժ շրջապտույտը տեղի կունենար երկչափ հարթության մեջ։ 13-րդը փոփոխության առանցքն է, որի պրոգրեսիվ կամ ռեգրեսիվ ընթացքը պայմանավորված է այդ ուժի դրական կամ բացասական նշանով...

Կենտրոնաձիգ ուժը՝ պահպանողականությունն է, առանց որի մենք իբրև տեսակ կկորչեինք ժամանակի և տարածության անսահմանության մեջ՝ դառնալով մի փոշեհատիկ տիեզերքում... 13-րդը՝ առանցքն է, որը շրջանաձև շարժումը վեր է ածում պարույրաձև շարժման... Դա իրենց ազատական համարող ուժն է, որի դրական կամ բացասական նշանից է կախված՝ զարգացու՞մ, թե՞ հետընթաց կլինի փոփոխության ուղղությունը...

Բացառապես քանդելու սկզբունքով առաջնորդվող ուժից միմիայն դեստրուկտիվիզմ կարելի է սպասել՝ հետընթաց շարժում... Կառուցող ուժն է տարածության մեջ դրական ընթացք ապահովողը... Եւ չնայած դրան՝ քանդող ուժին էլ թվում է, թե ինքն առաջընթաց է գրանցում, քանի-որ տարածության մեջ դրական կամ բացասական ընթացքը միևնույն է ընթացք է, և ընթացողին միշտ թվում է, թե ինքն առաջ է ընթանում... Մինչդեռ միայն այս ամենը կողքից դիտարկողի համար է ակնհայտ պրոգրեսի կամ ռեգրեսի պրոցեսը, քանի որ կողքից դիտարկողն է տեսնում և գնահատում շարժման հետագիծը... Եւ հենց այդտեղ է անցյալը ճանաչելու կարևորության փիլիսոփայությունը, որը ոմանք թյուրիմացաբար անվանում են «անցյալով ապրել»՝ չհասկանալով, որ առանց դրա իրենք կարող են հայտնվել «անցյալում» և չգիտակցել այդ...

Շատ-շատերը թյուրիմացաբար ազգայնականությունն ասոցացնում են բացառապես պահպանողականության հետ և բացառում նրա պրոգրեսիվող էներգիան... Այնինչ իրական ազգայնականությունը այս երկու ուժերի՝ կենտրոնաձիգ պահպանողականության և պրոգրեսիվող առաջադիմության հանրագումարն է... Համոզվելու համար՝ նայեք մեր պատմության ընթացքը՝ Մաշտոց, Տաթևացի, Նարեկացի, Շիրակացի, Անհաղթ, Թումանյան, Կոմիտաս, Պատկանյան, Րաֆֆի...

Մեր նորանկախ պետության առանցքային սխալը անկախության գաղափարը բացարձակապես չհասկանալն էր...

Մեր սահմանադրության առաջին կետը բացարձած իշխանություն է կոչում ժողովրդին, առանցքում դնելով մի հեղհեղուկ ու հիմքից սխալ սկզբունք՝ «ժողովրդավարություն» անվամբ մատուցվող դեստրուկտիվիզմը՝ մարդու իրավունքները գերադասելով մարդու պատասխանատվության և պարտավորությունների նկատմամբ... Անհատի շահը վեր դասելով հանրության շահից, միևնույն ժամանակ՝ այդ անհատից վերցնելով պատասխանատվության գիտակցությունը... Չի կարող ողջ կյանքը հանուն ազգի, պետականության ապրած մարդը հավասար լինել ազգի ու պետության հաշվին գոյությունը քարշ տվող պարազիտին... Իրավունքը պետք է խարսխված լինի ստանձնած պատասխանատվության վրա, դրա համաչափ բաշխումն է ապահովում արդարությունը, այլ ոչ թե բացարձակ ազատականությունը՝ «կատարյալ» անպատասխանատվությամբ...

...Մինչդեռ Հայկական Պետականության առանցքային հարցը պիտի լիներ ՀԱՅ տեսակի լինելիության երաշխավորությունը... Հենց սա պետք է ընկած լիներ անկախության գաղափարի հիմքում։ Ընդ որում, լինելիություն բառի ընտրությունն էլ պատահական չէ... Որովհետև լինելիությունը զուտ պահպանումը չէ, այլ նաև զարգացումը... Եւ եթե պետականության բացակայության պայմաններում լինելիությունը հավասարվում էր պահպանությանը և այդ դերը ստանձնում էր Եկեղեցին և նրան կից դպրոցն ու մշակույթը, ապա պետության դերը այդ պահպանմանը զուգահեռ նաև զարգացման ապահովումն է... Եւ ոչ թե պայքարը եկեղեցու դեմ, այլ՝ միմիյանց փոխլրացումը... Հայկական Պետությունը, Պետականությունը պետք է լիներ հայ տեսակի լինելիության, ապահովության, զարգացման երաշխավորը՝ պետության սահմաններից ներս և դուրս... Քանի որ չկա այս մոլորակի վրա մեկ այլ կազմակերպված միավոր, որի խնդիրը պետք է հանդիսանար Հայ տեսակի լինելիության ապահովումը... Ընդ որում պետության սահմաններն ուղիղ համեմատական են ազգի ինքնակազմակերպման մակարդակին... Պիտի ընդգծեմ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ սահմանները, այլ ոչ թե Հայրենիքի, քանի որ Հայրենիքի սահմաններն անփոփոխ են։ Դա այն արեալն է, որտեղ որպես ինքնուրույն տեսակ՝ ինդիվիդ, ձևավորվել է հայ ազգը՝ իր հաստատ տեղը զբաղեցնելով մարդկության հրաշալի բազմազանության մեջ։ Իսկ պետության մնացած օրենքներն ու գործառույթները, զարգացման ուղղությունն ու մոդելը, մեթոդներն ու միջոցներն արդեն պետք է բխեն այդ հիմնարար դրույթից՝ Հայ տեսակի լինելիության երաշխավորը լինելուց...դրան չհակասելուց...

Հենց այս դիալոգն է, որ պակասում է մեր հասարակությանը։ Եւ փոխկապակցվածության սկզբունքով՝ դաշտ են լցվում տարատեսակ կեղծ օրակարգեր, աղբ և դեստրուկտիվիզմ...

...Թե ինչ կաճի այգում՝ կախված է այգեպանից. լավ, հոգատար և հմուտ այգեպանի այգին պիտի ծաղկի և բերք տա... Վատ այգեպանի այգին ևս կարող է ծաղկել, բայց նրա այգու բերքը մոլախոտի, վայրենացած՝ ոչ ազնվացեղ սորտերից կլինի....

Հարցնում եք որտեղի՞ց այսքան չարություն... Կարծում եմ՝ պարզ է արդեն պատասխանը....

Մի «խելոք» ասում էր՝ մեզ պետք չէ հայրենասեր դաստիարակել դպրոցում, այլ՝ քաղաքացի...

Նույնն է, թե այգեպանն ասեր՝ մեզ պետք չէ կոնկրետ տեսակի պտուղներ աճեցնել այգում, այլ՝ բույսեր...

Կյանքի հավերժական շրջապտույտը մարդուն դնում է տարբեր և հակադիր իրավիճակներում, որպեսզի մարդն իմաստնանա... Հարուստը աղքատանում է, աղքատը՝ հարստանում, բանտարկողը՝ բանտարկվում, բանտարկվածը՝ բանտարկում, պատժողի կարգավիճակում հայտնվածը՝ հայտնվում պատժվողի կարգավիճակում, պատժվողի կարգավիճակում գտնվողը՝ պատժողի, ստեղծողը՝ քանդողի, քանդողը՝ ստեղծողի... Կարևոր է, որ բոլոր վիճակներում էլ մարդը ՄԱՐԴ ՄՆԱ... Մարդը վարվի դիմացինի հետ էնպես, ինչպես կցանկանար, որ իր հետ վարվեին... Ամեն ինչ պիտի կրկնվի, դեռ ոչ-ոք չի ժխտել իր պոչը կծող օձի կերպարը... Եւ կապ չունի, այդ տեղապտույտը կլինի անհատի, թե իր սերունդների համար... Այդ հավերժական ցիկլը կրկնվում է բոլոր օրգանիզմների համար, թե անհատական ժամանակահատվածի, և թե սերունդների ժամանակահատվածի համար...

Կենդանի նյութն անկենդան նյութից տարբերվում է բացառապես մի կարևոր առանձնահատկությամբ, որը կոչում են հիմնական բնազդ՝ իր տեսակի պահպանումը, շատացումը և կատարելագործումն է, ԻՆՔՆ ԻՐ ՆՄԱՆԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ... Սա պետք է լինի ազգային գաղափարախոսության հիմքը... Տեսակի լինելիության հավերժության ապահովումը՝ սրանից պետք է բխեն տարբեր ժամանակներում այդ գաղափարախոսության ձևերն ու դրսևորումները... Իսկ լինելը նախ և առաջ գործողություն է և գործողությունը՝ լինել է...

Հենց այդ սկզբունքն է ընկած՝ գործն է անմահ լավ իմացեք ճշմարտության հիմքում... Մենք ապրում ենք այնքան, որքան շարունակվում է մեր գործը... և մեր գործը շարունակվում է այնքան, որքան ապրում ենք մենք... և բնավ կարևոր չէ՝ մեր անձին վերապահված ժամանակահատվածի, թե՝ մեր սերունդների մեջ.... Մեր սխալները, մեր չլուծած խնդիրները մնում են ժառանգություն մեր սերունդներին՝ ինչպես մեր ստեղծածն ու լուծած հարցերը... Ցիկլն ու խնդիրը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև կլուծենք այն... Չենք լուծի՝ ամեն անգամ նորովի և ավելի խոշորացած պիտի հետ գա... այնքան, մինչև կամ ինքը մեզ կխժռի, և մենք կկորչենք պատմության հորձանուտներում, կամ մենք կհաղթենք դրան և տարածական ու ժամանակային պարույրում կտեղափոխվենք հաջորդ քաղաքակրթական մակարդակ... Եւ ոչ-ոք չի ժխտում, որ այդ ընթացքը միակողմանի է... Խնդիր լուծածների սերունդները, երբ տխմարանում են և իրենց նախնիներին տգետ են համարում՝ հետ են վերադառնում նրանց կարգավիճակին, նորից բախվելով նախկին խնդիրը լուծելու անհրաժեշտությանը... Եւ սա դարձյալ վերաբերվում է, թե անհատին՝ իբրև տեսակ, և թե ազգին կամ այլ կազմակերպված միավորի, որը կրում է օրգանիզմին, կենդանի նյութին բնորոշ բոլոր հատկությունները...

Իմ գիտակից կյանքի վերջին 10 տարին ես կռիվ եմ տալիս մեր տեսակի՝ ՀԱՅ տեսակի լինելիության համար... Ես գիտեմ, որ էն զենքերը, որոնք ե՛ս եմ հիմա օգտագործում, վաղը կօգտագործվեն իմ դեմ, իմ սերունդների դեմ... Դրա համար իմ զենքը արդարությունն ու ազնվությունն է... Էսօր ես հարվածում եմ իմ տեսակի հակառակորդներին ճշմարտությամբ և փորձում եմ իմ կյանքն էլ ապրել հնարավորինս ճիշտ, արդար և ազնիվ... Բայց մարդը սխալական է... Եւ վաղը երբ իմ սխալները պիտի քննադատվեն, ապա միայն ճշմարտության, արդարության և ազնվության սկզբունքով... Մեր նախնիների սխալների համար մենք ևս հատուցում ենք, գործած բարիքի դիմաց՝ պարգևատրվում... Եւ մեր սխալների համար մեզնից զատ մեր սերունդներն էլ կհատուցեն, իսկ գործած բարու դիմաց՝ պարգևատրվեն...

Սա՛ եմ ես սովորել իմ նախնիներից... Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի...

Իսկ մենք գիտենք, որ բարին միշտ հաղթում է... Բայց կյանքի փիլիսոփայությունը հեքիաթից տարբերվում է միայն նրանով, որ հեքիաթում բարու հաղթանակից հետո երեք խնձոր է ընկնում երկնքից և հերոսներն ապրում են ուրախ և երջանիկ... Մինչդեռ կյանքում այդ հեքիաթը չի ավարտվում... և իրական երջանկությունը հենց այդ «հեքիաթի հերոս լինելն է», բարու և չարի հավերժական կռվին, տեսակային լինելիության, էվոլյուցիային մաս կազմելը... Այդ պայքարի մասնիկ լինելը, այդ պրոցեսի լիակատար վայելումը և քո տեսակին ներդաշնակ լինելն է կատարյալ երջանկությունը... Առանց դրա մարդը հավերժ փնտրտուքների մեջ է՝ կիսատության զգացումով և «քաղաքակիրթ աշխարհին» բնորոշ դեպրեսիվ ճգնաժամներով...

Մենք ասում ենք՝ ու՞ր էիր Աստված... Մենք ասում ենք՝ Աստված մեր հետ... Բայց մենք երբևէ մեզ հարց տալի՞ս ենք... իսկ արդյո՞ք մենք Աստծո հետ ենք... Աստված մեր հետ է, կարևորը, որ մենք էլ Աստծո հետ լինենք... Մենք կանք, քանի դեռ հավատարիմ ենք մեր տեսակին... Քանի դեռ կատարում ենք մեր տեսակին վերապահված առաքելությունը...

Արարչական ստեղծագործ միտք, իմաստնություն, կազմակերպվածություն, բարություն, արդարություն և ազնվություն մեզ՝ Հայերիս...

Աստված պահապան մեր ազգին... Մենք հավերժ ենք...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ