Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Էրմես Մ. Ռոնքի․ «Տալով իրեն․ մեզ տալիս է ամեն ինչ»

Աստվածաշնչյան ընթերցումներ

Ծննդոց 14, 18-20
Սաղեմի արքա Մելքիսեդեկը հաց ու գինի հյուրասիրեց նրան, որովհետև ինքը բարձրյալ Աստծո քահանան էր։ Նա օրհնեց Աբրամին, ասելով. «Օրհնյա՜լ է Աբրամը բարձրյալ Աստծո կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ Օրհնյա՜լ է բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամը նրան տասանորդ տվեց ամեն ինչից։

Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 11, 23-26
Տեր Հիսուսը, այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց, գոհություն մատուցեց, կտրեց և ասաց. «Սա իմ մարմինն է, որ ձեր համար է. սա իմ հիշատակի համար արեք»։ Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով. սա իմ հիշատակի համար արեք, ամեն անգամ էլ որ խմեք»։ Ամեն անգամ, որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա գա։

Ղուկաս 9, 11-17
Եվ երբ ժողովուրդն իմացավ, գնաց նրա հետևից. և նա ընդունելով նրանց, խոսում էր նրանց հետ Աստծո արքայության մասին. և ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր նրանց։ Եվ օրը սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերն ու ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ Նա ասաց նրանց. «Դո՛ւք տվեք նրանց ուտելու բան»։ Եվ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք». որովհետև շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրեք դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն»։ Եվ այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ Եվ նա վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը, նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Ամենքը կերան և հագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։

Խորհրդածություն

Հինգ հազար մարդ, Պաղեստինյան մի երեկո, Բեթսաիդայի կողմերում։ Ամբողջ պատմության մոտիվն են։ Ես նրանցից մեկն եմ, ինձ ճանաչում եմ այն բառերում, որոնցով Ղուկասը հիշատակում է նրանց. «Հիսուսը սկսեց խոսել Աստծո Արքայության մասին և բժշկել նրանց, ովքեր բժշկության կարիք ունեին»։

Այս խոսքերի մեջ պարփակված է մարդն իր ողջ էությամբ։ Մարդու անունն է. «Արարած,-որ-կարիք-ունի»։ Աստծո և հոգատարության, հացի և բացարձակի։ Այս խոսքերի մեջ պարփակված է նաև Հիսուսի ողջ առաքելությունը. Նա Աստծո Խոսքն է և կյանքի դարմանը։

Ավետարանի այս հատվածի առաջին տողը զգում եմ որպես առաջին տողը իմ կյանքի. ես այդ մարդկանցից մեկն եմ, կարիքն ունեմ բժշկության, հոգատարության, ինչ որ մեկի, ով կնկատի ինձ, կխնամի, կդարմանի իմ կյանքը։

Չբավարարված ցանկություն ունեմ, և անգամ չգիտեմ, թե ինչի՛, բայց գիտեմ, որ ստեղծված բաներից ոչ մեկը չի կարող գոհացնել ինձ։

Բայց օրը մոտենում է իր ավարտին, հարկավոր է գործնական բաների մասին մտածել, ուստի Առաքյալները միջամտում են. «Ե՛տ ուղարկիր նրանց, որպեսզի կարողանան գնալ և ուտելիք գտնել»։ Բայց Հիսուսը ետ չի ուղարկում, երբեք ոչ ոքի ետ չի ուղարկել։

Պատասխանում է, մինչդեռ, մի հրահանգով, որն ամբողջովին շրջում է պատմության ուղղությունը. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Տվե՛ք։ Երբ ես քաղցած եմ, ո՜վ Տեր, ճանապարհիս վրա ինչ որ մեկին ուղարկիր, որին կարող եմ կերակրել. երբ կարիքի մեջ եմ, ուղարկիր ինչ որ մեկին, ով ինձնից է՛լ ավելի կարիքավոր է։ Քաղցի վախճանը երբեք չի կայանում քո հացի միայնակ կուշտ ուտելու մեջ, այլ՝ բաժնեկից դարձնելու մեջ, կիսելու մեջ այն քիչը, որ ունես, երկու ձկները, մի բաժակ սառը ջուրը, ձեթն ու գինին վերքերի վրա, մի քիչ ժամանակ և մի քիչ սիրտ։ Մենք հարուստ ենք միայն այն բաներով, որոնք նվիրել ենք։

Տերը ետ չի ուղարկում հավաքված մարդկանց, որովհետև Նա հենց առաջինն է, որ ապրում է հաղորդությամբ։

Յուրաքանչյուր Պատարագի ժամանակ Աստված է, որ փնտրում է ինձ և կանչում (« ... Երանի՜ նրանց, ովքեր ''կանչված են'' Տիրոջ Ընթրիքին ... »), Աստված քայլում է դեպի ինձ՝ բժշկելու համար կյանքը, Աստված, որ եկել, ժամանել է, որ ապրում է Ինքն Իրեն նվիրաբերելով։ Աստված, որ չի կարող ինչ որ մի բան նվիրել, որի արժեքը պակաս լինի Իրենից՝ Նվիրատուից։ Եվ որ, տալով Ինքն Իրեն, մեզ տալիս է ամեն ինչ։

Մարդու քաղցին բավական չեղավ Աստծո խոսքը։ Աստված տվեց Իր Մարմինն ու Իր Արյունը։ Տալիս է մեզ Իր Արյունը (արյունը, որ ճյուղավորվում է ամբողջ մարմնով մեկ և միմյանց է կապում ու կենդանացնում է բոլոր մասերը), որպեսզի մեր երակներում հոսի Իր կյանքը, որպեսզի մեր սրտում արմատներ նետի Իր քաջությունը, և այն հրաշքը, որ ձրիությունն է հարաբերությունների մեջ։

Երբ մեզ տալիս է Իր Մարմինը (մարմին, որ հանդիպումների խորհուրդ է ու սրբավայր), ուզում է, որ մեր հավատքը հիմնվի ո՛չ թե գաղափարների, այլ՝ մի Անձի վրա, հանդիպելով Նրա պատմությանը, կյանքի դեպքերին, իրադարձություններին, զգացմունքներին, վերքերին, լույսին, խաչի ծանրությամբ ու դժնդակությամբ հանդերձ։

Երբ մեզ տալիս է Իր Արյունն ու Իր Մարմինը, նաև ցանկանում է մեզ ուշադիր դարձնել մեր եղբայրների ու քույրերի մարմնին ու արյանը։ Արդարև, մարմինն ընծայված է, արյունը՝ հեղված. գոյության օրենքը ինքնանվիրումն է. աշխարհում ընկերության համար միակ ճանապարհը ընծայումն է. կյանքի կանոնը կյանքի նվիրումն է։ Ինչպես արեց Ինքը։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից
Աղբյուր՝ Mashtoz.org