Այսպէս է ասում Տէրը. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին» (Մատթեոս 16:8)

Գուրգեն Մահարու հարսանիքը

Իհարկե, Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը:

Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենևին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի:

Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում:

Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեևնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետևում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…

Անտոնինա ՄԱՀԱՐԻ, «Իմ ոդիսականը» գրքից

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան