Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Վաչագան Սարգսյան․ Հայելային հեքիաթ


Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում: Որ ասես լավ թագավոր է լինում՝ չի լինի, որ ասես վատ թագավոր է լինում՝ կլինի:

Սա մի կին է ունենում ու մի աղջիկ: Որ ասես սրանք էլ մի բարի պտուղ են լինում` չի լինի: Ամեն իրիկուն սրանք նստում են ու մտածում: Բայց դե էնքան խելք չեն ունենում, որ մտածեն, զոռ են տալիս գլխներին, զոռ են տալիս ու մի վատ բան որոշում: Սրանց խորհրդատուն իրենց հայելին է լինում: Նստում են ու նայում: Հայելին ասում է՝ հարկերը շատացրեք, ջուրը կտրեք, լույսը կտրեք: Սրանք էլ անում են: 

Ժողովուրդը կրակն է ընկնում էս երեքի ձեռը: Ի՞նչ անեն:

Մի տղա ասում է.

- Ես կգնամ, հայելին կկոտրեմ:

- Բայց փորձել ենք, - ասում են թագավորության մեծերը: - Գիշերը կոտրում ես, ցերեկն է լավանում, ցերեկն ես կոտրում, գիշերն է լավանում: Մի ճար կա միայն: Եթե թագավորն ասի, որ ինքն է կոտրել, կինն ու աղջիկն էլ հաստատեն: Եթե դատարանի առաջ այդպես ասվի, հայելին էլ չի լավանա:

- Ես կգնամ, կկոտրեմ, - նորից է ասում տղան:

Բերում են, պատրաստություն են տեսնում, գաթայից-բանից թխում են, նոր շորեր են հագցնում, ճամփու դնում: Սա գալիս, ներկայանում է թագավորին:

- Եկել եմ քեզ ծառայեմ, - ասում է:

- Անունդ ի՞նչ է, - հարցնում է թագավորը:

- Եսեմ:

- Լավ, գնա թագուհու մոտ, տես ինչ կասի:

Սա ներկայանում է թագուհուն:

- Եկել եմ ծառայեմ թագուհուն, - ասում է:

- Անունդ ի՞նչ է, - հարցնում է թագուհին:

- Ամուսինս, - պատասխանում է տղան:

- Լա՜վ, գնա աղջկաս մոտ, տես ինչ է ասում:

Գալիս է աղջկա մոտ:

- Անունդ ի՞նչ է, - հարցնում է աղջիկը:

- Հայրիկս, - պատասխանում է տղան:

Աղջիկը սրան գործ-մործ է տալիս: Մի երկու շաբաթ ապրում է պալատում: Ծակուծուկերն է ուսումնասիրում: Տեսնում է, թե սրանք հայելին որտեղ են պահում: Մի գիշեր մոտենում է հայելուն, որ կոտրի: Հայելին ձենը գլուխն է գցում.

- Թագավո՛ր, ինձ կոտրում են:

Չի հաջողվում: 

Մյուս գիշերն է գալիս, հայելին գոռում է.

- Թագուհի՛, հասի, ինձ կոտրում են:

Չի հաջողվում:

Երրորդ անգամ մի սավան է վերցնում հետը: Հայելին հենց ուզում է գոռա՝ աղջի՛կ, հասի, տղան սավանը գցում է հայելու վրա, ու՝ տուր թե կտաս: Հայելին դրել ես, արի տար, սխկում է, դնում մի կողմ:

Առավոտյան թագավորը, թագուհին ու աղջիկը տեսնում են, որ հայելին կոտրել են: Գլխի են ընկնում, որ տղան է կոտրել: Կանչում են սահմանադրական դատավորին, ժողովրդին, որ դատ անեն, տղու գլուխը կտրեն:

Դատավորը հարցնում է թագավորին.

- Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը:

- Եսեմ, - պատասխանում է թագավորը:

Դատավորը հարցնում է թագուհուն.

- Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը:

Թագուհին, նայելով տղային, ասում է.

- Ամուսինս:

Աղջկան է հարցնում.

- Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը:

- Հայրիկս, - ցույց տալով տղային՝ ասում է աղջիկը:

Դատավորն ասում է.

- Ձեր հայելին դո՜ւք եք կոտրել, թագավոր: Դու խոստովանեցիր, կինդ ու աղջիկդ էլ հաստատեցին: Դե որ դու թագավորական հայելին կոտրել ես, ուրեմն դու թագավոր չես:

Ասում են, սրանց հեռացնում թագավորությունից, էս տղին ընտրում թագավոր:

Երկնքից երեք հայելի ընկավ: Մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ ժողովրդին: Ամեն մեկը թող նայի ու տեսնի իրեն: