Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Արկազի Ս. Խաչ վանք

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից:

Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը:

Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի, Ասողիկի և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ Բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է ներկայանում Սյունյաց Բյուրեղ տիկինը, որը դեպի Պարսկաստան արշավանքից առաջ, Վասպուրականում Հերակլ կայսերը ընծայել էր հազար սաղավարտ, ոսկեկուռ զեն և հազար զրահ, և հանձնել էր 3.000 մարդուց բաղկացած մի գունդ։ Երբ Հերակլ կայսրը, ի նշան երախտիքի, առաջարկում է կամ գանձ, կամ երկիր, Սյունյաց տիկինը խնդրեց Կենաց փայտից մի կտոր, որի մի մասն էլ ամփոփել է այստեղ։ Սուրբ Խաչը Հայաստանի նշանավոր ուխտագնացության վանքերից մեկն է եղել։ Նրա տոնը եղել է հոկտեմբերի 8-ին կամ 11-ին (Հավանաբար հին տոմարով է)։

Շնորհիվ այդ բանի, Արկազի Սուրբ Խաչ վանքը մշտապես իրեն է գրավել բազմահազար ուխտավորների, ոչ միայն շրջակա գյուղերից, այլև ուրիշ գավառներից ու քաղաքներից, նույնիսկ` արտասահմանից։

Վանքը նախկինում փոքր է եղել։ Նրա վերակառուցման նախաձեռնությունը 19-րդ դարի Վայոց ձորի նշանավոր քահանաներ մալիշկեցի Տեր-Առաքել Տեր-Աստվածատրյանինը և Բաշքենդցի (Վերնաշեն) Տեր-Ավագ Աբրահամյանինն է, 1960-1964թթ.: Այնուհետև եկեղեցու վերաշինման հարցը իր ձեռքն է վերցրել Գևորգ Դ կաթողիկոսը։ Վերջապես վանքի վերաշինությունն ավարտվում է 1871թ. և հետևյալ 1872թ. աշնանը, Սուրբ Խաչի տոնի օրը` հոկտեմբերի 10-ին, բազմահազար ուխտավորների ու հյուրերի ներկայությամբ օծվում է Գրիգոր եպիսկոպոս Գրիգոր Մուշեղյանցի կողմից (Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, էջ 270-271, Երևան -2003թ. )։

Եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարից և իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա. չորս մույթերը, որոնք, իրար են միանում կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը: Արևելյան մասում է գտնվում կիսաշրջանաձև խորանը և ավանդատները: Մուտքերը երեքն են՝ արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից:

Եկեղեցին շրջափակված է քարե պարիսպով, որի ներսում պահպանվել են վանականների և ուխտավորների համար նախատեսված սենյակները:

Արկազի վանքի հետ է կապված նաև Վայոց ձորի նորագույն պատմության շատ էջեր։ Վայոց ձորի հրամանատար Յապոնը, Հովհաննես Պարոնյանը Զանգեզուրից անցնելով Վայոց ձոր, իր շտաբը տեղավորեց Արկազի Սուրբ Խաչ վանքին կից սենյակներում և 1921թ. փետրվարի 16-17-ին այստեղից սկսեց ղեկավարել Վայոց ձորի ազատագրումը բոլշևիկներից։

Վանքի վերջին վերանորոգությունը (ճարտ.` Անդրանիկ Սարգսյան) ավարտվել է 2011 թ.-ին` բարերարությամբ Վարդան Հայրապետյանի և մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Վանքին կից ուխտավորների համար կառուցվել է նաև սեղանատուն և զանգակատուն:

Արկազի Սբ. Խաչը գործող եկեղեցի է:

Աղբյուր՝ Վայոց Ձորի թեմ