Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Միաբնակության հարցը - Գարեգին Ա. կաթողիկոս

Ջովաննի Գուայտա - Թույլ տվեք վերադառնալ Մարկո Պոլոյին: Հայերի մասին նա գրում է. «Նրանք քրիստոնյաներ են. հակոբիկյաններ և նեստորականներ»: Ինձ թվում է՝ խոսքը երկու տարբեր և նույնիսկ միմյանց հակադիր ուսմունքների մասին է:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս - Մարկո Պոլոն մեծ ճանապարհորդ էր, իր ժամանակի իմացության մակարդակով խոշոր պատմագիր ու ազգաբան, բայց՝ թույլ աստվածաբան: Հնարավոր է, որ նա հայերին շփոթել է ուրիշ ազգերի հետ, որոնք ապրում էին մեզանից ոչ հեռու: Ինչ էլ որ լինի, Հայ Եկեղեցին երբեք չի եղել ո՛չ նեստորական, ո՛չ էլ միաբնակ՝ այն իմաստով, ինչպիսին եղել է Եվտիքեսը: Այսօր դա բոլորին է հայտնի: Իր քրիստոսաբանության մեջ մեր Եկեղեցին ընդունել է ալեքսանդրյան աստվածաբանության ուղղությունը: Հայ Եկեղեցու ծոցում սկզբնապես գոյություն է ունեցել աստվածաբանական երկու հոսանք՝ անտիոքյանը և ալեքսանդրյանը, բայց վերջնականորեն հաղթանակել է ալեքսանդրյան աստվածաբանության գիծը: Հայերը չկարողացան գործուն մասնակցություն ունենալ 4-րդ և 5-րդ դարերի քրիստոսաբանական վեճերին: 4-րդ դարում մեր Եկեղեցին դեռևս կազմավորման մեջ էր, 5-րդ դարում մենք պայքար էինք մղում մազդեզականության դեմ, որովհետև առկա էր դրա վերադարձի սպառնալիքը: Հայ Եկեղեցու մասնակցությունը Նիկիայի տիեզերական ժողովին ապացուցված է նրան մեր ներկայացուցիչ Արիստակեսի՝ Սուրբ Գրիգորի որդու ներկայության փաստով, որն իր ստորագրությունն է դրել Նիկիո Հավատո հանգանակի տակ: Բայց մենք չենք մասնակցել հաջորդ երկու՝ Կոստանդնուպոլսի և Եփեսոսի, ինչպես Նաև Քաղկեդոնի տիեզերական ժողովներին: Սակայն մեր Եկեղեցին իրազեկ էր կատարվածին, քանի որ հայերից ոմանք աստվածաբանություն էին սովորում Կոստանդնուպոլսում ու քրիստոնեական Արևելքի մյուս կենտրոններում: Քրիստոսաբանության վերաբերյալ մեր Եկեղեցու դիրքորոշումը ձևակերպված է միայն 6-րդ դարում, 506 թվականին: Դա ես փորձել եմ հիմնավորել իմ “The Council of Chalcedon and the Armenian Church” գրքում: 4-րդ դարից մինչև 5-րդի վերջը Հայաստանում աստվածաբանական միտքը զարգանում էր մեկ ուղղությամբ, որը բացառում էր 451 թվականին Քաղկեդոնի տիեզերական ժողովում և, մասնավորաբար, Փլավիոսին Լևոն 1-ին Պապի կողմից ուղղված Տոմարում Քրիստոսի երկու բնությունների մասին ձևակերպված ուսմունքը: Այդ ձևակերպումների մեջ հայերը նկատել են նեստորական ուսմունքի վերաճում: Ավելի ուշ, նորքաղկեդոնական շարժումը եղանակներ էր փնտրում Քաղկեդոնի տիեզերական ժողովի բանաձևումները մեկնաբանելու համար, իբր դրանք չէին հակասում Սուրբ Կյուրեդ Ալեքսանդրացու ուսմունքին: Հայ Եկեղեցին միաբնակ չէ այն իմաստով, որը սովորաբար դնում են տվյալ հասկացության մեջ: Միաբնակության տակ, իբրև կանոն, հասկանում են Քրիստոսի սոսկ աստվածային բնությունը՝ մարդկային բնության համարյա լիակատար բացակայությամբ, որը, համաձայն Եվտիքեսի, նրա աստվածության մեջ իբր չքացել է ինչպես «մի կաթիլ մեղրը՝ օվկիանոսում»: Մենք նմանապես չենք հետևում նաև Նեստորի ուսմունքին, քանի որ երբեք չենք ընդունել երկվությունը Քրիստոսի՝ մարմնացած Խոսքի անձի մեջ, երկվություն, որ Նեստորն այդպես էլ չկարողացավ հաղթահարել: Դրա ապացույցն այն է, որ մեր եկեղեցական արարողությունների ընթացքում մենք բանադրում ենք Եվտիքեսին,Նեստորին ու նրանց ուսմունքները: Ինչ վերաբերում է մեր քրիստոսաբանությանը, ապա մենք շարունակում ենք հետևել Կյուրեդ Ալեքսանդրացու աստվածաբանության ուղղությանը:

Ջովաննի Գուայտա - Դուք ասում եք, որ միաբնակներ չեք Եվտիքեսի ուսմունքի համաձայն: Միևնույն ժամանակ չեք ընդունում Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումները, որոնցով դատապարտվել է Եվտիքեսը: Գո՞ւցե միաբնակներ եք Եվտիքեսի ուսմունքից տարբերվող, մեկ այլ իմաստով:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս - Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իմաստ է տրվում այդ բառին: Եթե միաբնակություն ասելով հասկանանք «մարմնացած Խոսքի բնությունը որպես Աստծու մեկ բնություն», այսինքն՝ երկու բնությունների միություն, ապա, այդ դեպքում, մենք միաբնակներ ենք: Բայց միաբնակություն հասկացությունն այնպիսի «եվտիքեսյան» գունավորում է ստացել և պատմության մեջ այնքան հաճախ է գործածվել որպես Եվտիքեսի ուսմունքի արտահայտություն (որը մենք մերժել ենք), որ մեզ դուր չի գալիս, երբ մեզ ասում են միաբնակներ:

Ջովաննի Գուայտա - Այսպես, ուրեմն, Դուք դավանում եք այն, որ մարմնացման պահին իսկ աստվածային ու մարդկային բնությունները անբաժանելիորեն միացել են մարմնացած Որդու մեջ՝ իբրև մեկ բնություն:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս - Այո՛, սակայն «մեկ բնությունը» նշանակում է մեկ անձ: Երկու բնությունները չեն կորցրել իրենց սեփական հատկանիշներն ու լրությունը, բայց և չեն գործում անջատանջատ, այլապես կստացվեր երկվություն և մարմնացում չէր լինի:

Ջովաննի Գուայտա - Ինձ թվում է, որ տարբերությունը եզրութաբանության մեջ է. մեկ բնությունը, որ դուք դավանում եք, լինելով երկու բնությունների միություն՝ համապատասխանում է քաղկեդոնական Եկեղեցու սահմանած մեկ անձին, որի մեջ միավորված են երկու բնություններ:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս - Դա ակներև է:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ

Աղբյուր՝ arshendpir.wordpress.com