Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Երանելի Մարութայի վարքի պատմությունը

Ո՛վ եղբայրներ և հայրեր, լսեցե՛ք երանելի Մարութայի պատմությունը, թե երկրի վրա ինչ սքանչելիքներ ցույց տվեց Տերը նրա միջոցով, որ որդեգրության շնորհի կոչվեց և հովիվ եղավ Քրիստոսի այն հոտին, որ դևերի պատճառով գահավիժել էր մահաբեր արոտներն ու կորստյան վիհերը, իսկ նրա միջոցով Աստված հաճեց ետ բերել մեր աշխարհի կորուսյալներին: Եվ ես իմ կարողությանը համապատասխան կպատմեմ, թեև միտքս աղոտ է, իսկ խոսքս անարվեստ` Աստծու էակի սքանչելիքներն ասելու համար, նրա, որ Քրիստոսի զորությամբ երևելի եղավ և կարիքը չունի արվեստավոր խոսքի: Այժմ Քրիստոսի արքայությանը մեզ հրավիրած ճշմարիտ հովվի սիրով և հավատով պայծառացած լսեցե՛ք ու դուք ևս ծարավեցե՛ք աստվածային խրատների և սքանչելիքների ծարավով, ըմպեցե՛ք քաղցր ճաշակմունքը, որ երանելիի միջոցով ձեզ շնորհվեց Քրիստոսից, որպեսզի շատ բաներից գոնե մի փոքրը իմանաք:

Երկիրն այդ բռնված էր դևերի կռապաշտության հրապույրով, և զոհերով պաշտում էին արարվածներին և ոչ Արարչին, որ օրհնված է հավիտյան: Եվ ասես գիշերամարտության մեջ ընկած և զանազան չարիքներից տակնուվրա` աստվածգիտության լույսը չէր ծագում պես-պես մեղքերի խավարի վրա: Իսկ երբ Աստծու սքանչելի այր` Մծբինի երանելի Հակոբ եպիսկոպոսի օրերում Աստված կամեցավ ապրեցնել այդ երկիրը և մոլորությունից ետ բերել աստվածգիտության, Հայոց նախարարներից մեկի դուստրը` մի ոմն Մարիամ, կնության տրվեց Ոտայեցիների (Օտացի) քրմապետին, որ այդ աշխարհի տերն էր: Եվ այս Մարիամի միջոցով քրիստոնեությունը մտավ այս երկիրը:

Եկեղեցիներ և վանքեր կառուցեց, քահանաներ և պաշտոնյաներ կարգեց, որ հանապազօրյա փառաբանություն առաքեին Աստծուն: Ինքն առատորեն հոգում էր պաշտոնյաների կարիքները և Աստծու և մարդկանց առջև բարեզարդում քրիստոնյաների անձերը: Ամուսնուն ուղղում էր դեպի քրիստոնեություն, որ թողնի սնոտի պաշտամունքի սպասավորությունը և պաշտի երկնքի ու երկրի Աստծուն: Շնորհիվ իր բարի խորհուրդների և ամենօրյա աղոթքների, որ ամուսնու համար էր անում, ամուսինը համաձայնեց Մարիամի կամքին` հավատաց ճշմարիտ Աստծուն և մկրտվեց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ: Եվ նա կոչվեց Մարութա, որ թարգմանվում է աշխարհի տեր, որովհետև այդ աշխարհի տերն էր: Եվ մեր Աստծու փառքով ոչ սակավ ուրախություն եղավ երանելիներին` թե՛ ամուսնուն, թե՛ կնոջը: Քիչ ժամանակ անց Մարիամի ամուսին Մարութան վախճանվեց և Մարիամից ծնված երեք որդի թողեց, որ հավատում էին ամենակալ Աստծուն:

Նրանցից մեկը երկրի տերը դարձավ, իսկ երկուսը թագավորների զորավարներ` ամենից երևելի և փառավոր:

Ճշմարիտ հավատով և հույսով Մարիամը ամուսնու թաղումը կազմակերպեց քրիստոնեական կարգով և գոհանալով օրհնում էր Աստծուն, որ իր ամուսնուն նախքան մահը հավատքի եկած տեսավ: Իսկ դրանից հետո կամենում էր Երուսաղեմ գնալ և նվիրաբերել սուրբ եկեղեցիներին և ինչքը աղքատներին ու եկեղեցու սպասավորներին բաշխել` իր որդիների կյանքի համար: Այնքան մեծախորհուրդ ու բարեպաշտ էր կինը և Աստծուց երկյուղած, որ մշտապես աղաչում էր Աստծուն, որ իր որդիներից մեկին արժանի անի Աստծուն քահանայանալու, որպեսզի իր ամուսնու` կուռքերին մատուցված առաջին սպասավորության սպին ջնջվի Քրիստոսի քահանայապետությամբ, և ամենասուրբ Երրորդությունը հանապազ փառավորվի իր զարմի կողմից:

Երուսաղեմից գնաց Ասորեստանի Անտիոք և օթևանեց Եղիազարի և Շամունեի Շմավոնի ու նրա վկայած յոթ որդիների վկայարանում: Եվ ամեն գիշեր Աստծուն աղոթում էր, բոլոր սրբերի բարեխոսությամբ բազում աղաչանքով և արտասուքով խնդրում էր Տիրոջից կատարել իր խնդրածները, որոնք կամենում էր, ինչպես կանխավ ասացինք: Եվ տեսիլքի ժամանակ տեսնում է Աստծու հրեշտակին, որ իրեն ասում է. «Քաջալերվի՛ր դու, ո՛վ կին, որովհետև քո աղոթքները լսելի եղան Աստծու առջև, և ինչ որ խնդրեցիր Աստծուց` քո ապավինած սրբերի բարեխոսությամբ կլինի քեզ»: Ահով և խնդությամբ խռնված գոհացավ Աստծուց և փառք տվեց և հավատաց հրեշտակի ասածներին: Եվ երբ տուն հասավ, իր որդուց, որ երկրի տերն էր, թոռ ծնվեց: Եվ նրա սիրտը զվարթացավ, և օրհնում էր ամենակալ Աստծուն: Աստվածասեր քահանա Մարմարայի ձեռքով մկրտեց թոռանը և պապի անունով Մարութա կոչեց: Եվ մտածեց, որ նրանով է Աստված այցելելու այդ երկիրը, որովհետև մանկան վրա շնորհներ էին երևում: Հինգ տարի անց նրան ուսման տվեց Մարմարա աստվածասեր քահանայի մոտ, և գիր սովորեցրեց նրան և վարքի իմաստուն ճանապարհն ու հավատքի արդարությունը: Եվ հասավ Քրիստոսի վախճանի տարիքին: Բազմաշնորհ էր և Աստծուն ու մարդկանց հաճելի: Նա դարձավ սարկավագ, իսկ դրանից հետո Աստծու եկեղեցու քահանա, որ իր տատ Մարիամի ցանկությամբ եղավ: Իմացավ ու հասկացավ կենցաղի սնոտիությունը և ընտրեց սրբության ու արդարության ճանապարհը: Արհամարհեց աշխարհի կյանքն ու Քրիստոսի հանդեսով շարժվելով` գնում ու առաջանում էր բարեպաշտության ճգնողական ջանքերում:

Այսպիսի խնդությամբ լցվեց Մարիամը և ցնծում ու օրհնում էր Աստծուն, որովհետև տեսավ, թե ինչին է հավատում իր թոռը` ամենայն բարեկարգությամբ զարդարուն: Եվ մտավ այն վանքը, որ առաջինն էր կառուցել, և կրոնավորվեց մեծ խստամբերությամբ ու իր կյանքի ամեն օր փառք էր տալիս Աստծուն: Իսկ օրերի ավարտին Մարիամը վախճանվեց և ամենայն առաքինությամբ փոխվեց ի Քրիստոս: Մարութան գեղեցիկ արարողությամբ կազմակերպեց նրա թաղումը:

Եվ Մարութան ինքը ավելի առաջադիմեց առաքինության ասպարեզում: Ամենայն մաքրությամբ, աղոթքով և պահքով կրթում էր անձն իր և չէր հոգում աշխարհում որևէ բան ունենալու և առաքինության մրցասպարեզում ամեն ինչով հռչակավոր և ականավոր եղավ: Եվ իր առատ շնորհների համաձայն` վերակոչեցին նրան եպիսկոպոսության պատվի, որովհետև անձն իր լուսավորվեց աստվածային շնորհներով ու գիտությամբ, և մշտապես առաքինությունն ավելանում էր իր մեջ: Եվ առաքելական քարոզությամբ գնաց Քրիստոսի ճանապարհով` մոլորյալներին ճշմարտության գիտակցմանը դարձնելու: Կառուցում էր եկեղեցիներ, կարգում ամենասուրբ Երրորդությանը փառաբանող քահանաներ և պաշտոնյաներ: Վանքերում, որ իր տատն էր կառուցել, մեծացնում էր ճգնավորների թիվը և հաստատում ուղիղ հավատով և աստվածային կրոնի կարգով` առաջին սուրբ հայրերի նմանությամբ: Աշխարհի բնակիչներին` տղամարդկանց և կանանց վերստին նորոգում էր ըստ Աստծու պատկերի, սուրբ վարքով և լուսավոր վարդապետությամբ և մեծամեծ սքանչելիքներով, նաև մաքրում էր անհանճար աղանդներից և բազմաստված մոլորությունից և բոլորին առաջնորդում դեպի արդարություն, որովհետև իբրև ղամբար լուսավոր հայտնվեց (նրանց), որ նստած էին խավարում և մահվան ստվերի մեջ: Այս աշխարհից հալածեց անգիտության խավարը, Քրիստոսի զորությամբ վանեց ձախակողմյան գունդը և հրեշտակների աջակողմյան դասին վստահեց պահապան լինելու Քրիստոսին հավատացողների: Նրա սիրտը, չար խորհուրդներից սրբված, ճշմարիտ սիրով և առաքինասեր վարքի բաղձանքով ընդունում էր աստվածային շնորհները, իսկ նրա լեզուն արդարությունն էր բարբառում և մշտապես սրբությունը քարոզում ամբողջ աշխարհում: Նա անվարձ վերցրեց և անվարձ բաժանեց Արարչի պարգևները: Եվ երբ ամենքը սուրբ եպիսկոպոսից լսում էին Աստծու խոսքը` ճշմարիտ Աստծուն էին դառնում կուռքերի պաշտամունքից, որովհետև սրբի աղոթքներով մարդկանց մոլորված միտքն ուղղվում էր, և կործանում էին աստվածների պատկերները և կառուցում վանքեր ու եկեղեցիներ: Վերջ տվեցին քրմերի պաշտամունքների մասնակցությանը և բագիններին սպասավորելը փոխարինեցին Աստծու եկեղեցիներ [գնալ]ով և Նրա հաճությամբ: Երբ արդարության թշնամին տեսավ, որ հոգևոր պատերազմում ինքը սրբից պարտություն է կրել, բարձրաձայն ճչաց բոլորի ականջներին և ասաց. «Վա՜յ ինձ, և վա՜յ իմ հետևորդներին, որովհետև Քրիստոսի ծառա Մարութան հալածեց մեզ մեր բնակությունից, և չգիտենք, թե ուր գնանք, որովհետև Քրիստոսի փառքերը լցրեցին ամբողջ տիեզերքը, և այդտեղից քշվեցինք ինչպես ծուխը հողմից:

Իսկ երանելի Մարութան իրեն հավատացած հոտը կնքեց Քրիստոսի խաչով, որ [թշնամին] այլևս չհամարձակվի գայթակղել նրան: Հոգևոր մշակն աշխատում էր հանել փուշը բոլորի հոգիներից ու սրտերից և ի փառս Աստծու արդարություն ու սրբություն էր սերմանում: Աստված Մարութայի միջոցով և բոլոր սրբերի աղոթքով ու բարեխոսությամբ կամեցավ ճշմարտության գիտակցման բերել այն մոլորյալներին, որ մարգարեներին չլսեցին և առաքելական քարոզությանը չանսացին: Անհովիվ հոտը գահավիժել էր գազանաբարո չար դևերի մոտ, իսկ այս երանելիի միջոցով Քրիստոս քաջ հովիվը, որ իր անձը տվեց գառների համար, հովվական գավազանով` իր կենսատու խաչով, հալածեց դևերին և նրա միջոցով ժողովեց հավատքի միաբանության և ամենասուրբ Երրորդության փառքի գիտության մեջ: Որ դալար տեղերում արածեն և ջրերում մկրտությամբ լվանան հոգիների և մարմինների աղտն ու լուսավորվեն, հավաքվեն աստվածային փարախում, որ Աստծու Եկեղեցին է: Գտավ կորուսյալներին, հավաքեց ցրվածներին, բժշկեց հիվանդներին, որ վերստեղծի ծննդյամբ, հոգևոր ավազանով և կենդանարար մարմնով ու արյամբ Փրկչի` Հայր Աստծու Որդի և ժառանգակից Քրիստոսի, որ իրեն մահվան տվեց աշխարհի փրկության համար և այցելեց մերձավորներին ու հեռավորներին: Իսկ այժմ աշխարհին լույս ծագեց երանելի Մարութայի միջոցով: Նա նմանվեց Մովսեսին, որ փրկեց Իսրայելը Եգիպտոսին ծառայելուց և հրի ու ամպի սյունով առաջնորդեց դեպի երկիրն ավետյաց: Նաև քաջությամբ և նախանձախնդրությամբ նմանվեց Պողոսին, որ առաջադիմեց քան մյուս առաքյալները և նշաններով ու արվեստով, մանավանդ շնորհալի թղթերով տիեզերքին ուղղված քարոզ եղավ: Նույն կերպ և երանելի Մարութան այն երկրին քարոզ և վարդապետ եղավ, որ բոլոր առաքինություններով առլեցուն, կատարյալ և բազում նշաններով օր օրի աճեցնում էր իր հոտը: Եվ Տերն աջակից էր նրան ամեն ինչում: Սուրբը ցանկանում էր ընդունել բոլոր երանությունները, որ սովորեց Տիրոջից: Երանի էր տալիս առաքյալներին և նրանց, որ բաղձացին Նրան կից լինելու: Եվ այդպես` ճշմարիտ սիրով և հնազանդ ավետարանական քարոզությանը, նրանցից վանում էր սատանայական մտածմունքներն ու չար խորհուրդները, որպեսզի այլևս ոչ մեկի կողմից չհեռացվեին ճշմարտությունից, որ նրանց ավանդվեց կարգն ու հոգևոր կրոնը: Իսկ ինքն ավելի ու ավելի էր ճգնում, չարչարանք կրելով բոլոր գործերում: Սիրեց Աստծուն ամբողջ սրտով և ամբողջ ուժով և գործեց բոլոր արդարությունները, և անկարող եմ պատմել զորություններն ու սքանչելիքները, որ Տերը նրա միջոցով ցույց տվեց ամբողջ աշխարհին: Եվ այս եղավ հույների 3045 թվականին, հռոմեացիների Թեոդոս Փոքր թագավորի ժամանակներում: Այս աստվածատուր պարգևներով, Սուրբ Հոգու ազդեցությամբ գնաց Ասորեստան, որպեսզի Քրիստոսի զորությամբ նաև այնտեղ վերացնի չար սովորությունների ուժը և նորոգի հավատացյալ ժողովրդին, որ մոգերի բռնություններով խավարեցրել էր Աստծու Եկեղեցին: Իսկ նա, որպես ճառագայթ փայլելով Աստծու շնորհներից, լուսավորեց հավատացյալներին և ամոթի մեջ թողեց մոգերի մոլորությունը: Հայտնվեց ճշմարտության հաղթությունը, և պայծառացան Աստծու Եկեղեցիները ամենօրյա պաշտամունքներով:

Սուրբ եպիսկոպոսի սքանչելիքների համբավը հասավ Պարսից Հազկերտ թագավորին, որ հալածում էր քրիստոնյաներին: Եվ սուրբը կանչվեց նրա մոտ: Եվ երբ գնում էր, սուրբ եպիսկոպոսի առաջ ելավ թագավորն իր նախարարներով հանդերձ: Ու երբ տեսավ սրբի աստվածային շնորհները, իր մեծամեծների ներկայությամբ խոնարհվելով երկրպագեց նրան: Նույն կերպ և սուրբը երկրպագեց Աստծու թագավորին ու ողջույն տվեց և բարի բաներ խոսեց: Եվ շնորհների վերին ազդեցությամբ ամբողջ սրտով թագավորը սիրեց Աստծու սրբին, որովհետև Աստված կամեցավ այցելել իր ծառաներին. սրբին` հանուն թագավորի սիրու, որովհետև Հազկետն իր իշխանության բոլոր տեղերում հալածում էր քրիստոնյաներին իր գործակալների, մոգերի և մոգպետների ձեռքով: Եվ բազում չարչարանքներով նեղում էին քրիստոնյաներին, որ երկրպագեն արեգակն ու կրակը, և շատերը, որ չհնազանդվեցին արքայի հրամանին, Քրիստոսի վկա դարձան: Մեծ նեղություն էր քրիստոնյաների համար, և ոչ մի տեղից օգնություն չկար, սակայն երանելիի միջոցով Տերն այցելեց քրիստոնյաներին և այսպես արգելեց հալածանքները և ազատեց բանտի կապանքներից:

Թագավորը մի հույժ վայելչատես որդի ուներ, որ սիրուն էր, քան բոլոր մնացյալ որդիները: Նրան լլկել էր չար դևը, և ո՛չ մոգերը, ո՛չ կախարդները, ո՛չ աստղահմաները և ո՛չ էլ մի ուրիշը կարողացավ բժշկել, ինչն Աստծու նախախնամությամբ եղավ, որ մնաց ի փրկություն Տիրոջը հավատացողներին, որ աստվածգիտության ճշմարտությունը ցույց տրվի և Աստված փառավորվի, և Եկեղեցու զորությունը բարձրարարվի: Եվ ասում է արքան Մարութային. «Մի սիրելի որդի ունեմ, որին չարաչար տանջում է դևը, և ոչ մի կերպ չի բժշկվում, և ես շատ եմ տրտմում նրա համար: Այժմ խնդրում եմ քեզ` բարձրյալ Աստծու ծառա, որ դու Աստծուց խնդրես, և բժշկվի մանուկն իմ, և դևը դուրս գա նրանից, և առողջանա ու ապրի»: Եվ ասաց սուրբը. «Թո՛ղ գա քո որդին, և տեսնեմ նրան»:

Եվ երբ բերեցին բոլորի առջև, մանկան մեջ դևը ճչաց և ասաց. «Ինչ [թշնամություն] կա մեր միջև, խաչյա՛լ Քրիստոսի ծառա, [որ] հեռու աշխարհից եկար ինձ իմ բնակությունից հանելու», ապա մանկանը գետին տապալեց: Եվ [երեխան] գալարվում էր, մարմինը` փշաքաղվում, և նրա տեսքը ողորմելի էր և ողբի արժանի, և ահը պատեց բոլորին: Մի այլ եպիսկոպոս էլ կար երանելի Մարութայի հետ, և [երկուսով] երեսնիվայր գետնին ընկան և աղոթում էին Տիրոջն ու ասում. «Ամենազո՛ր Տեր Աստված, որ լսեցիր առ Քեզ աղաղակող քանանացի կնոջը և գթացիր նրան և հանեցիր դևը նրա դստեր միջից ու բժշկեցիր նրան դևի տանջանքից և խոզերի մեջ մտած լեգեոնը ծովն ընկղմեցիր, որ և այլ բազում դևեր հանեցիր մարդկանց միջից, ոմանցից դու և ոմանցից քո աշակերտների միջոցով հանեցիր: Ում ողորմեցիր` այցելեցիր քո աշակերտների միջոցով: Այժմ, զորությունների՛ Տեր, այս մանկան միջի այս չարին սաստի՛ր, որ հալածվի նրա միջից Քո ամենազոր անվամբ, և բոլորն իմանան, որ միայն Դու ես ճշմարիտ Աստված, և սրա առողջացման շնորհիվ դադարեն Քո հոտի հալածանքները, որովհետև Դու ամենակարող ես, և Քո փառքով ամեն բան կատարվում է արարածների համար. այժմ և հավիտյանս»: Եվ երբ և յուրայինների հետ ասաց` Ամեն, շարժվեց դևը և բարձրաձայն ճչալով ասաց.

«Վա՜յ ինձ, վա՜յ ինձ. ինչ փառավոր բնակարանից զրկվեցի»: Եվ սթափվելով ու զգաստանալով` մանուկը ոտքի ելավ և փառք էր տալիս Աստծուն: Այս տեսնելով` արքան ուրախացավ և ասաց. «Արդարև քրիստոնյաների Աստվածը մեծ է, քան ազգերի բոլոր աստվածները, որովհետև ինչպես լսել էինք` ճիշտ այդպես տեսանք Նրա ծառայի միջոցով:-Եվ արքան ասաց,-այժմ խնդրիր` ինչ որ քեզ պետք է, և կտամ»: Եվ երանելի Մարութան ասաց. «Ինձ քեզնից ոչինչ պետք չէ, միայն ազատիր քրիստոնյաներին բանտերից և կապանքներից և չարաչար տանջանքներից, և [թույլ տուր], որ համարձակորեն կարողանան պաշտել իրենց Աստծուն, և քո թագավորության մեջ կարողանան նորոգել Աստծու փառաբանության եկեղեցիները: Նաև սիրով [և համերաշխ] եղիր Հունաց թագավորի հետ, և քո շնորհիվ խաղաղություն կլինի ամբողջ տիեզերքում»: Թագավորը լսեց նրա ասածները և կատարեց սրբի բոլոր խնդրածները:

Եվ թագավորը հրովարտակով ավետեց աշխարհին, որ կալանվածներն ազատվեն բանտերից և չարչարանքներից, նորոգեն եկեղեցիները և համարձակ պաշտեն իրենց Աստծուն: Եվ ովքեր հալածեն կամ նեղեն նրանց` արքունիքից պատուհաս կկրեն: Եվ մեծ սուգ եղավ մոգերին, իսկ Քրիստոսի հավատացյալներին մեծ ուրախություն ի փառս և ի գոհություն Աստծու: Բանտերից ազատվեցին Քրիստոսի անվան համար կալանվածները, նաև Հայոց նախարարները: Եվ մեծ խաղաղություն եղավ արքայի ամբողջ տերության մեջ: Քրիստոնյաներն իրավունք ստացան Աստծու

եկեղեցիները նորոգելու և Աստծուն համարձակ պաշտելու:

Եվ այսպիսի եղելություններից հետո [Մարութան] թագավորից խնդրեց բաց թողնել իրեն: Եվ նա բազում պարգևներ տվեց և խաղաղության թուղթ և ճանապարհեց Հունաց թագավորի մոտ: Երանելին եկավ բարեպաշտ Թեոդոսի մոտ և ողջույն տվեց ու մատուցեց Պարսից արքայի հրովարտակը: Նա ընթերցելով ուրախացավ քրիստոնյաների հանդեպ եղած սիրո և խաղաղության համար և հարցրեց ամենը սուրբից, և նա պատմեց Տիրոջ անվամբ եղած սքանչելիքներն ու հալածանքների դադարումը: Եվ Թեոդոսը փառք տվեց Աստծուն, որ սրբի աղոթքներով փրկեց Իր ողորմությամբ: Եվ նա սրբին սիրեց իր բոլոր հայրապետներից ավելի: Եվ բարեպաշտ Թեոդոսը գոհանում ու օրհնում էր Աստծուն և հարցնում ու սովորում էր երանելիից, որպես սրբից և արժանավորից: Իսկ հետո հարցրեց նրանից, թե ի՞նչ է կամենում:

Եվ Աստծու այրը թագավորից խնդրեց ամրագույն պարսպով ամրացնել Ծոփքի քաղաքը և քաղաքում կառուցել Աստծու փառքի տաճար, ուր միշտ կկատարվեն Քրիստոսի Պատարագ և Աստծու օրհնություններ, և այնտեղ ժողովվեն մասունքներ բոլոր սրբերից, և այն անվանվի Մարտիրոսների քաղաք: Թագավորն ասաց. «Բանդ բարի է և միտքդ աստվածահաճո. արա՛ որպես կամենում ես, և ես կհոգամ շինության ծախսերը` որքան որ անհրաժեշտ լինի»:

Եվ ոսկու և արծաթի գանձեր տվեց, նաև ճարտարապետներ, վերակացուներ ու բանվորներ Հունաց աշխարհից, որքան որ անհրաժեշտ էր, և այդ ամենով ու խաղաղասեր պատասխան գրով հանդերձ նրան ուղարկեց Պարսից արքայի մոտ:

Եվ գալով Ծոփք` ձեռնամուխ եղավ պարսպի կառուցմանը, արհեստավորներին գործի դրեց և վերակացուներ կարգեց վրաները, իսկ ինքը, այլ եպիսկոպոսների հետ, գնաց Պարսկաստան: Տեսնելուն պես` արքան պատվով ընդունեց նրան և բոլոր մյուսներին, որ նրա հետ էին, բայց Մարութային առավել մեծ սիրալիրությամբ էր պատվում: Եվ սուրբը տվեց Թեոդոս թագավորի հրովարտակը: Եվ արքան ուրախացավ ոչ սակավ բերկրանքով` թղթի և պատգամների համար. և խաղաղություն և սեր եղավ երկու թագավորների միջև մինչև նրանց վախճանը:

Իսկ արքան շատ վաղուց գլխացավեր ուներ, և բժիշկների ոչ մի միջոց չէր օգնում: Եվ նա պատմեց Մարութային: Իսկ Մարութան աղոթելով աջը դրեց արքայի գլխին, և նա անմիջապես բժշկվեց Քրիստոսի անվամբ, և այլևս երբեք չցավեց արքայի գլուխը: Եվ ավելի սկսեց սիրել ու մեծարել սրբին, որովհետև ճշմարտապես իմացավ, որ Աստված նրա հետ է:

Մոգերը, նախանձով լցված, խորհեցին որոգայթ դնել Աստծու երանելիին, որ կարողանան արքայի սիրահոժարությունից զրկել: Եվ խորամանկեցին` ինչպես Դարեհ թագավորի ժամանակ բաբելացիները Դանիելի հանդեպ: Նույն ձևով կրակարանի տակ գետնափոր սենյակ պատրաստեցին և մի մարդու կանգնեցրին ներքևում և նրան սովորեցրին, որ թագավորին ասի` «Չեմ ընդունում քո երկրպագությունը, որովհետև սիրեցիր քրիստոնյաների քահանային, որ ուսուցանում է արհամարհել իմ պաշտոնյաներին»: Եվ երբ թագավորն ըստ իր սովորության եկավ կրակը երկրպագելու, ներքևի [սենյակի] մարդը բարձրաբարբառ անարգեց թագավորին, և ասես կրակից ելնող նրա ձայնն ասում էր. «Դո՛ւրս արի այստեղից, ամբարիշտ, որովհետև չեմ ընդունում քո երկրպագությունը, քանի որ հարել ես քրիստոնյային, որ քեզ հրապուրում է Խաչյալին պաշտելու և ուսուցանում է անարգել իմ պաշտոնյաներին»:

Թագավորը լսելով զարհուրեց և դուրս եկավ: Նա տրտմած էր և տարակուսած, և մտքերը պղտորվեցին, և կամենում էր, որ սուրբը մի բան ասի: Իսկ երանելի Մարութան Սուրբ Հոգու ազդեցությամբ իմացավ նրանց խորամանկությունը և մոտենալով ասաց թագավորին. «Արքա՛, գնա կրակի երկրպագության, և որտեղից որ ձայնը լսվի, այդ մասը բաց, և կգտնես մոգերի խաբեությունը»: Եվ վերադարձավ այնտեղից ու լսեց նույն ձայնը և հրամայեց բանալ այն տեղը, որտեղից ձայնը գալիս էր: Բացեցին և հանեցին մարդուն այնտեղից, և նա պատմեց, թե ովքեր էին խորամանկել: Եվ արքան սպանեց նրանց, իսկ մնացյալներն առավել ևս չարացան և գարշելի հոտ տարածեցին թագավորի աթոռի մոտ:

Նա հարցրեց մոգերին, իսկ նրանք Մարութայի և նրա հետ եղած եպիսկոպոսների վրա գցեցին: Իսկ արքան ստուգելով իմացավ, թե ովքեր արեցին, և նրանց ևս մահվան մատնեց: Առավել ևս շատացավ մոգպետների և Պարսից նախարարների չար նախանձը, և խորհեցին սպանել արքային և Մարութային: Նաև նա, որ երկրորդն էր թագավորի և սիրելի, երևելի ու հզոր էր, քան Պարսից բոլոր նախարարները, երբ տեսավ մոգերի մահը, կամեցավ վրեժխնդիր լինել կրակի պաշտոնյաների համար: Իր տանը մի խորին հոր փորեց և տակը սուր սուսերներ ցցեց, իսկ վրան թանկարժեք, ազնիվ և պայծառ կտորներից մահիճ և բազմոց պատրաստեց թագավորի համար, որ վրան բազմելով` ներքև ընկնի և սրից խոցվելով` մեռնի: Եվ արքային ու Մարութային ընթրիքի հրավիրեց: Իսկ Աստված չարի միտքը հայտնեց սուրբ Մարութային, և սուրբը գաղտնի մտավ արքայի մոտ ու ասաց. «Քանի որ շնորհներ ստացար և ողորմեցիր քրիստոնյաներին, խնայի՛ր անձդ և լսի՛ր այն, ինչ որ կասեմ, որ Տերը ցույց տվեց ինձ: Մարդը, որ քեզ ընթրիքի է հրավիրել, քեզ համար մահվան որոգայթ է պատրաստել. բազմոցի տակ խոր փոս` և ներքևում ցցված սրեր, որ երբ նստես վրան, ներքև ընկնես և մեռնես»: Այս լսելով` արքան զարհուրեց և ասաց. «Ասածդ անհավատալի է թվում. ինչու իմ մահը պիտի խորհի նա` այնքան սիրվածն ու իմ կողմից բոլորից առավել մեծարվածը»: Մարութան ասաց. «Մի՛ գնա այդ ընթրիքին, իսկ եթե գնաս, նրան բազմեցրու այն տեղը, որ քեզ համար է պատրաստված»: Եվ արքան ասաց. «Թո՛ղ այդպես լինի»: Եվ եկավ այն երևելին և արքային ու Մարութային բազում աղաչանքով կանչում էր, և նրանք գնացին ու մտան [այն տեղը], ուր պատրաստված էր արքայի բազմոցը: Եվ արքան հրամայեց նրան, որ բազմի իր տեղը: Եվ նա ասաց. «Ինչու պիտի ես` ծառաս, բազմեմ արքայի տեղը»: Սակայն արքան ստիպում էր, իսկ նա ծնկի իջած լալիս և աղաչում էր, բայց նրա աղաչանքը լսելի չեղավ: Եվ արքան հրաման տվեց զինվորներին, որ նրան վերցնեն և գցեն բազմոցի վրա: Եվ երբ նրան գցեցին բազմոցի վրա, ընկավ խորխորատի սրերի վրա և մեռավ:

Եվ արքան` տեսնելով կատարվածը և համոզվելով սրբի ասածներում` բարձրաձայն գոչելով ասաց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ Իրեն սիրողներին հայտնում է գաղտնիքները»: Եվ դրանից հետո ավելի սիրվեց ու մեծարվեց երանելին արքայի կողմից, իսկ արքան հավատաց ճշմարիտ Աստծուն և հոժարությամբ լսում էր սրբին:

Սակայն երկնչում էր իր հավատը հայտնել նախարարներին, որ պարսիկներին չլարի իր դեմ, և սպանեն իրեն ու խլեն իր թագավորությունը: Եվ հաջորդ օրը արքան կանչեց իր բոլոր երևելի նախարարներին և պատմեց բոլոր եղելությունները և թե ինչպես ապրեց շնորհիվ երանելի Մարութայի, որ նախապես իրեն ցույց տվեց մահվան որոգայթը: Եվ ամենքն ասում են. «Թո՛ղ պատվվի և մեծարվի և արքայից ու բոլոր նախարարներիցս մեծամեծ պարգևների արժանանա»: Եվ [արքան] ասաց. «Թո՛ղ այդպես լինի, որպես ասացիք»: Եվ արքայից հրաման եղավ, որ իր իշխանության սահմաններում ինչ որ կամենա Մարութան ստանալ` թո՛ղ նրան տրվի դա: Եվ օրհնեց երանելի Մարութան Աստծուն և ասաց. «Օրհնյա՜լ Տեր Աստված, որ ապրեցրիր արքային որոգայթադիր մահվանից, և հիմա խաղաղություն և սեր կլինի քրիստոնյաների և Հունաց թագավորի հետ միշտ և հանապազ»: Եվ իր մեծամեծների ներկայությամբ [արքան] ձգեց ոսկի գավազանը սուրբի մոտ և ասաց. «Թո՛ղ լինի քեզ ինչ որ կամենաս»: Եվ սուրբը խոնարհվեց արքային ու դուրս եկավ նրա մոտից` գոհանալով և օրհնելով Աստծուն:

Եվ ժողովեց նշխարները Քրիստոսի վկաների, որ մոգերի և արքայի կողմից էին սպանվել, և արքայի հրամանով մեծ պատվով ամփոփեց տարբեր տեղերի հանգստարաններում: Նաև քիչքիչ մասնիկներ վերցնելով բոլորի նշխարներից` իր հետ տարավ Մարտիրոսների քաղաքը: Եվ հրաժեշտ տվեց թագավորին, [ստանալով] խաղաղասեր թուղթ և բազում պարգևներ, նաև ի հուշ` թագավորից ոսկով լեցուն մի ոսկյա բաժակ` քաղաքում Աստծու վկաների տաճարի կառուցման համար: Եվ տեսավ քաղաքի և Աստծու Եկեղեցու [կառուցման] գործի հաջող [ընթացքը], օրհնեց Աստծուն:

Վերադառնալով եկավ բարեպաշտ Թեոդոսի մոտ, պատմեց թագավորի սիրո և խաղաղության, հալածանքների դադարելու և Աստծու եկեղեցիների նորոգման, նշխարները հանգստարաններում հավաքելու, մասունքները Մարտիրոսների քաղաքը բերելու մասին: [Պատմեց] նաև, թե ինչ սքանչելիքներ արեց Տերն իր միջոցով և արքային փրկեց մահվանից, որ Պարսից արքան ևս գրել էր Հունաց Թեոդոս թագավորին: Եվ ընթերցելով` ուրախացավ և գոհությամբ օրհնում էր ամենակալ Աստծուն` մեծամեծ սքանչելիքների և Իր հավատացյալներին` Աստծու այցելության համար, որ եղավ սրբի միջոցով: Եվ [թագավորը] մեծարեց ու պատվեց Մարութային առավել, քան առաջին անգամ:

Եվ նա թագավորից խնդրեց, որ թույլ տա հավաքել տերության սահմաններում պահվող բոլոր սրբերի նշխարներից մասունքներ և տանել Մարտիրոսների քաղաքը, որպես կանխավ ինքն ասել էր: Եվ թույլտվություն ստացավ վերցնելու ինչ որ ինքը կամենա: Եվ գնաց Հռովմ և բոլոր քաղաքներն ու գավառները, նաև գյուղերն ու ճգնավորների վանքերը և Աստծու հաջողությամբ ժողովեց մասունքները: Եվ վերադարձավ բարեպաշտ Թեոդոսի մոտ: Եվ ոչ սակավ ուրախություն եղավ թագավորին, և բազում պարգևներ տվեց քաղաքում կառուցված Աստծու և մարտիրոսների եկեղեցիներին` գյուղեր, ագարակներ և ձիթենիների պտղատու այգիներ և լի ուրախությամբ երանելիին ճանապարհեց, որպեսև նա կամեցավ:

Եվ գալով իր աշխարհը` Ծոփքի քաղաքը, զվարճացած սրտով օրհնում էր Աստծուն: Եվ կառուցեց քաղաքն ու Աստծու եկեղեցին հրաշալի հարդարմամբ: Եվ Աստծու տան որմերում խորաններ պատրաստեց և դրանցում տապանակներով դրեց գեղեցկահարմար իմաստով կարգված [մասունքները]. Հռոմայեցիների երկրից` հարյուր քսան հազար, Ասորեստանից` քսան հազար, Պարսկաստանից ութսուն հազար, և մեր երկրից` վաթսուն հազար: Եվ բոլոր բերված նշխարները միասին կազմեցին երկու հարյուր ութսուն հազար: Չեմ ասում դրանից հետո հավաքվածները կամ այդ քաղաքում նահատակվածներինը, որ նույնպես այնտեղ են: Թո՛ղ նրանց բարեխոսությամբ Տերը ողորմի մեզ, որ ասորերենից հայերենի թարգմանեցինք այս վկայությունը. ինձ` Գագիկիս և իմ Գրիգոր սարկավագին, որ հետս էր, որ բոլոր հավատացյալներին շնորհվի արժանի լինել այնտեղ ժողովված սրբերի ժառանգությանը: Եվ այսպիսի բաղձանքով և մեծ հոժարությամբ Մարութան Նփրկերտ քաղաքում ժողովեց նշխարները մարտիրոսների, որոնց անունները գրված են կյանքի գրքում: Եվ երանելիի օրերում Տերը խաղաղություն հաստատեց երկու թագավորների միջև` Հունաց և Պարսից, և դադարեցրեց հալածանքները, նորոգեց եկեղեցիները ի փառս Իր սուրբ անվան:

Այս ամենից հետո եղավ վախճանը երանելի Մարութայի` հունիս ամսի մեկին, Մարտիրոսների քաղաքում: Եվ պատվվելով մեծարվեց բոլոր սրբերի նշխարների հետ` բոլոր սուրբ հայրերի և հավատացյալ ժողովրդի կողմից, որովհետև նրա միջոցով Աստված արեց համայն աշխարհի փրկությունը և անաստվածությունից դարձրեց դեպի ճշմարիտ աստվածգիտություն և ամբարշտությունից` դեպի արդարություն:

Արդ անուշադրության մի՛ մատնեք երանելի հոր ավանդածները ուղղափառ հավատի մասին, որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մեջ է և հավատքի խոսք է Որդու մարդեղության մասին, որ մարմին առավ և աստվածային տնօրինությամբ կատարեց բոլոր արդարությունները, Իր փառքերի մարմնի նմանությամբ անապականաբար նորոգելով մեր խոնարհության մարմինը, որ առաքինության համար ասաց, թե հոգով կառավարվենք և մարմնի ցանկությունն արհամարհենք, որպեսզի միասին հասնենք Նրա և այնտեղ հավաքված բոլոր սրբերի ժառանգությանը, ի փառս ամենասուրբ Երրորդության:

[ * * * ] Թագավորների վախճանվելուց հետո Հազկերտի Կավատ թոռը հավաքեց իր զորքերը և եկավ Հունաց սահմանները` Նփրկերտ քաղաքը գրավելու: Քաղաքի բնակիչները նեղվեցին և վերահաս վտանգից դրդված` կամեցան ոսկով լի ոսկյա բաժակը տանել քաղաքի փրկության համար: Դա այն բաժակն էր, որ Կավատի պապը պարգևել էր երանելի Մարութային: Եվ երբ բերեցին արքայի մոտ, և կարդաց իր պապի անունը, որ գրված էր բաժակի վրա, արտասվեց և ասաց. «Չլինի` ես մոռանամ իմ հայրերի հիշատակը կամ չարիք պատճառեմ այս քաղաքին, այլ թո՛ղ իմ կյանքի օրերում սեր և խաղաղություն լինի իմ և այս քաղաքի միջև»: Եվ խաղաղությամբ վերադարձավ իր աշխարհը, և նրա վտանգից փրկվելով` գոյատևեցին քաղաքն ու ամբողջ երկիրը: Եվ իմացան ու հասկացան, որ այնտեղ հավաքված սրբերի և երանելի Մարութայի բարեխոսությամբ Տերը փրկեց քաղաքն ու երկիրը: Եվ փառք Նրան, որ փրկում և ապրեցնում է Իրեն հուսացողներին և ապավինածներին. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net