Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

ԳՈՆԵ ՄԵԿ ԲԱՌ…

Պատմվածք, որ գրելու էր գրչեղբայրս

ԴԵՊՔԸ, որ քիչ հետո կփորձեմ վերարտադրել, պատահել է անվանի քննադատ, այն ժամանակ «Լիտերատուրնայա Գրուզիա» («Գրական Վրաստան») ամսագրի գլխավոր խմբագիր Գուրամ Ասատիանիի հետ: Կպատմեմ` ներողություն խնդրելով վրացի գրչեղբորիցս, ծունկի գալով նրա հիշատակի առջեւ: Չեմ կասկածում, որ նա, եթե անակնկալ մահը չլիներ, կհրապարակեր պատմությունը, որ լսեցի իր շուրթերից: Ո՞վ գիտե, գուցե այս դիպվածին, իր դեռ անտիպ օրագրերում, գրական մարմնավորում է տվել պատմվածքի գլխավոր հերոսը… իսկ եթե ո՞չ…

* * *

Այս պատմվածքը գրվեց Իգնատ Մամյանի խնդրանքով: 1980-ականների կեսերն էին, և «ճահճացման» տարիներին բնորոշ մի գինարբուքի ժամանակ Վիլյամ Սարոյանի կենացի հետ համեմված այս պատմությունը լսելով՝ Իգնատը խնդրեց այն թղթին տալ` հատուկ գրական թերթի համար: Այդ ժամանակ սովորում էի Մոսկվայի ԳՄ Գորկու անվան գրականության ինստիտուտում և աշնանային դասընթացների մեկնելուց առաջ, գրողների տան առաջին հարկում մեքենագրելուց հետո բարձրանում էի խմբագրություն, դիմացս ելավ Սպարտակ Ղարաբաղցյանը ու, ձեռքիս թղթերը տեսնելով, հարցրեց նրանց բովանդակության մասին և մի օրինակ խնդրեց` ռադիոյով հաղորդելու համար, որտեղ ինքն աշխատում էր: Մոտս երեք օրինակ էր, մեկը զիջեցի Սպարտակին՝ պայմանով, որ մինչև տպագրվելը չհաղորդվի, բայց Սպարտակն ավելի հետևողական էր գտնվել և պարբերաբար հետաքրքրվել էր պատմվածքի ճակատագրով…

Ինչ-որ ժամանակ անց Իգնատ Մամյանը խոստովանել էր, որ գլխավոր խմբագիրը չի հավատում այս պատմության իսկությանը և վկաներ ու վկայություններ է պահանջում: Դրանից հետո Սպարտակիս ձեռքերը բացվել էին, և նա պատմվածքն ընդգրկել էր ռադիոյի ծրագրերում, ու այն հաղորդվել էր նույն տարվա մեջ մի քանի անգամ: Ահա ռադիոյով հերթական անգամ հաղորդելուց հետո այն լսել էր Վահագն Դավթյանը, ով խմբագրում էր Սփյուռքահայության կոմիտեի «Սովետական Հայաստան» ամսագիրը, և Վրեժ Իսրայելյանին ուղարկել էր ռադիոյի գրական բաժին` պատմվածքը ձեռք բերելու և ամսագրում տպագրելու համար: Վրեժն այն վերցրել էր Սպարտակ Ղարաբաղցյանից և Վահագն Դավթյանի հետ խմբագրել ու պատրաստել տպագրության: Ռադիոյի հաղորդած տարբերակում պատմվածքի վերնագիրը Գուրամ Ասատիանիի խոսքն էր «Ուր ես գնում, տո…», Դավթյանն այն փոխարինել էր Վիլյամ Սարոյանի խոսքով` «Գոնե մեկ բառ…»:

Հ. Գ. Անցյալ տարի պատմվածքը դարձավ 30 տարեկան, երեք տասնամյակի ընթացքում տարբեր վկաներ ու վկայություններ են հայտնվել Մանիլայում տեղի ունեցած այդ հանդիպման մասին, ցավոք, այսօր արդեն ոչ Իգնատը կա, ոչ նրա գլխավոր խմբագիրը… Իսկ պատմությունը շարունակվում է: Մի անգամ Յալթայի գրողների հանգստյան տանը արձակագիր Յուրի Ֆյոդորովը հիշեց, թե քանի շիշ օղի և քանի տուփ ձկնկիթ էին վաճառել ֆիլիպինյան կաբարեում հայտնվելու համար, և քանի որ Մոսկվայի գրողների տան ռեստորանի և սրճարանների գնացուցակում ամենաէժանը սուրճն էր, սուրճ էին պատվիրել, ու բանից պարզվել էր, որ մեկ գավաթ սուրճն ու մեկ գավաթ ֆիլիպինյան օղին նույն գնին են, իսկ իրենց մոտ գումարը վերջացել էր, ու ստիպված թարգմանչին ուղարկել էին հյուրանոց` արագ ձկնկիթ ու օղի վաճառելու և դրամ հասցնելու: Ահա հենց այդ ժամանակ էր նրանց սեղանին ուղարկվել հյուրասիրությունը: Յուրայի վկայությամբ` խմբի ղեկավարը, որը միաժամանակ ԿԳԲ-ի ներկայացուցիչն էր, հրամայել էր. «Ձեռք չտալ գավաթներին. սրանից պրովակացիայի հոտ է գալիս, մինչև չհաստատվի, թե ով է հյուրասիրողը, չենք կարող օգտվել այս սեղանից…»: Յուրան հանգիստ բարձրացել էր, վերցրել վիսկիով գավաթը ու հայտարարել. «Խմում եմ պրովակատորի կենացը, թեկուզ ինձ տասը տարով Սիբիր աքսորեք…»:

…«Պրովակատորը» կողքի խաղատան սրահում, որից իրենց ընդամենը մի կամարաձև դուռ էր բաժանում, նոր խաղադրույքներ էր կատարում, և այդ օրը նրա բախտը շատ էր բերել թղթախաղում: Իսկ սովետական գրողների խմբի բախտը կրկնակի էր բերել, որովհետև Սարոյանը կարգադրել էր՝ իր շահույթից 100 դոլարին համարժեք իսպանական պեսո նվիրել խմբից յուրաքանչյուրին…

Վ. Շ.

09.01.2017թ.

* * * 

Սովետական գրողների տասնհինգ հոգուց բաղկացած խումբը գտնվում էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Մեր շրջագայության նախավերջին օրն էր: Մենք քիչ թե շատ հասցրել էինք ծանոթանալ այս արտասովոր երկրի հրաշալիքներին: Տպավորություններով առլեցուն նստել էինք պանդոկներից մեկում եւ ազատություն տվել մեր լեզուներին: Եվ մեզանից ոչ մեկի մտքով էլ չէր անցնի, որ պատահականությունը մեզ համար նախապատրաստել է մի անակնկալ, որը ֆիլիպինյան մեր հիշողությունների լուսապսակն է լինելու: Այժմ էլ, երբ թբիլիսյան ընկերներս ու բարեկամներս շարունակում են տնտղել իմ ֆիլիպինյան հուշերը. «Հը՞, Գուրամ, ի՞նչ տեսար Ֆիլիպիններում», ժամանակի հեռվից աղոտ պատկերանում է հազարավոր կղզիների երկիրը` կոկոսի, բանանի եւ անանասի անզուգական ցանքատարածություններով, հարմարավետ լողափերով ու բանաստեղծական պանդոկներով, բայց այդ ամենից առաջ իմ դեմ հառնում է նա, ում հետ հանդիպումը տոն է յուրաքանչյուրի համար:

Եվ այսպես, Մանիլայի պանդոկներից մեկում տաք-տաք զրուցում էինք, երբ մեզ մոտեցան երկու գեղիրան ֆիլիպինուհիներ եւ սեղանը ողողեցին շոտլանդական վիսկիով ու զանազան խորտիկներով: Մեր թարգմանիչը բացակայում էր, եւ մենք չկարողացանք մատուցողուհիների հետ բացատրվել: Մտածում էինք, թե թյուրիմացություն է. չէ՞ որ մենք ոչինչ չէինք պատվիրել: Թարգմանչի վերադառնալուն պես ուղարկեցինք բացատրվելու: Վերադարձավ եւ զարմացած հայտնեց, որ մի սպիտակահեր ծերունի ցանկություն է հայտնել հյուրասիրել սովետական խմբին: Քիչ անց անձամբ կմոտենա: Փորձեցինք գուշակել, թե ով է նա, բայց ընդհանուր եզրակացության չեկանք: Մեկն առաջարկեց մինչեւ նրա մոտենալը չօգտվել սեղանից: Սիրտս վկայում էր, որ հանդիպելու եմ հարազատ մարդու, հավանաբար հայրենակիցներիցս մեկին: Փոքր ժողովուրդների մարդիկ միմյանց գտնում են, որտեղ էլ լինեն: Այնքան վստահ էի ենթադրություններիս մեջ, որ արդեն մտածում էի ծերունի հայրենակցիս մասին` ո՞վ է, ի՞նչ է փնտրում այս կղզիների լաբիրինթոսում… Տեսնես հարազատներ ունի՞ Վրաստանում: Երեւակայությունս արդեն հեռուներն էր չափչփում, երբ հայտնվեց նա: Խումբը հմայված ոտքի կանգնեց: Մեր դեմ էր մի փառահեղ ծերունի` նրբակիրթ, ոտքից գլուխ ճերմակ հագուստով, ճերմակած ու թավ բեղերով, անկաշկանդ ու հմայիչ շարժուձեւով` ձախ ձեռքը գրպանում: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ իմ կյանքում նման ազնվատեսք ծերունիների հազվադեպ եմ տեսել, այն էլ` մեր գյուղերում: Այդ մարդիկ գյուղի, ցեղի, ազգի նահապետ են հիշեցնում: Այդպիսին է Այվազովսկին պատկերել Նոյ նահապետին: Նման վսեմաշուք մարդկանց առջեւ ուզում ես խոնարհվել, համբուրել ձեռքերը եւ շնորհակալ լինել, որ նրանք կան եւ զարդարում են երկիրը: Նա հայացքով ընդգրկեց բոլորիս ու հարցրեց.

- Անգլերեն խոսո՞ւմ եք:

Մինչ ֆիլիպինցի մեր թարգմանիչը կմոտենար նրան, խումբը բզզաց մեղվի փեթակի պես. «Սարոյանն է, Վիլյամ Սարոյանը»: Եվ այդ անունը մեզանից յուրաքանչյուրի հոգում մի տաք ալիք ծնեց: Նա մեզ նստելու նշան արեց, ինքն էլ նստեց, վերցրեց վիսկիի բաժակը: Թարգմանիչը ռուսերենի վերածեց նրա խոսքերը:

- Հարգելինե՛րս, սիրով իմացա, որ Սովետական երկրից եք եւ իմ գրչակիցները: Անչափ ուրախ եմ ձեզ հետ այդ րոպեները բաժանելու համար: Սովետական մարդկանցից իմ ժողովրդի կարոտն եմ առնում: Ուրախ եմ, որ դուք կաք, կա Սովետական Միությունը, եւ որ իմ հայ ժողովուրդն էլ այդ Միության մեջ է:

Նա խոսում էր հուզված ու պրպտուն հայացքով ինչ-որ բան փնտրում: Մի պահ հայացքը քարացավ, աչքերը շողարձակեցին:

- Հա՞յ ես, - ինձ դիմեց հայերենով:

Անսպասելի հարցից կարկամեցի եւ բացասաբար շարժեցի գլուխս: Նա շրջվեց թարգմանչի կողմը:

- Ձեր մեջ հայեր չկա՞ն:

- Ցավոք, ո՛չ, - պատասխանեց խմբի ղեկավարը:

Խոսակցությունը շարունակվեց տարբեր թեմաների շուրջ: Հիմնականում Սարոյանն էր հարցնում: Հետաքրքրվում էր իրեն ծանոթ սովետական գրողներով: Մերոնցից մեկն առաջարկեց հանպատրաստից հարցազրույց անցկացնել նրա հետ: Բայց պահն այնքան առինքնող էր, որ պաշտոնական յուրաքանչյուր քայլ կարող էր փչացնել ընդհանուր ոգեւորությունը: Ես դիտում էի նրան ու մտածում. «Ճակատագիրն ինչ խաղ ասես, որ չի անում: Ահա մի հայ, որն ուղնուծուծով իր ժողովրդինն է, բայց ստիպված է դեգերել օտարության մեջ: Որքա՜ն տառապանք է տեսել, ի՜նչ փորձությունների միջով է անցել, բայց մնացել է անաղարտ, բարի, իմաստուն: Նրա մեջ կենարար ոգի է շնչում: Նա կյա՛նք է, եւ որքա՜ն նման է իրեն ծնող ժողովրդին»:

Մինչ խորհում էի, թարգմանիչը մեզ ուղղեց Սարոյանի հերթական հարցը.

- Իսկ վրացիներ չկա՞ն ձեր մեջ:

Բոլորը ինձ նայեցին:

- Վրացի կա՛:

Սարոյանը նորից փայլեց:

- Դուք հայերեն խոսո՞ւմ եք:

Երկրորդ անգամ շփոթված շարժեցի գլուխս:

- Գուցե մի արտահայտություն, գոնե մեկ բառ գիտե՞ք հայերեն:

Խումբը աղերսանքով շրջվեց իմ կողմը: Ես համրացել էի, աչքերս չռած մեկ Սարոյանին էի դիտում, մեկ թարգմանչին, ախր, ես ծնվել ու մեծացել էի Թբիլիսիի Սոլոլակի հայկական թաղամասում. ավելին` մինչեւ 14-15 տարեկանս հայերեն կարգին խոսում էի: Հետո տեղափոխվեցի այլ թաղամաս, հետզհետե մոռացա լեզուն, բայց առանձին արտահայտություններ որքան ասես գիտեի: Բայց կարծես բոլոր հայերեն բառերը գլխիցս թռել էին, հիպնոսված էի, ընկճված, ինձ մեղավոր էի զգում:

- Գոնե մեկ բառ, - աղերսանքով, խեղճացած ինձ է նայում Սարոյանը:

- Գոնե մեկ բառ, - պահանջում էր խումբը:

Ավելի անհարմար վիճակի մեջ ես ինձ երբեք չէի զգացել: Ես մեղավոր էի զգում Սարոյանի առաջ, իմ գրող ընկերների, իմ բազմաթիվ հայ բարեկամների առաջ, որոնք ինձ չէին ներելու այս ձախողումը:

Լռությունս ընդունվեց որպես չիմացություն: Քիչ առաջվա փառահեղ ծերունու աչքերը թախիծով լցվեցին: Նա գորովանքով ինձ նայեց: «Ոչինչ, քեզ վատ մի զգա», ասես շշնջում էր նրա հայացքը: Հայրաբար շոյեց գլուխս, հայերեն ինչ-որ բան ասաց, գլխով հրաժեշտ տվեց բոլորիս ու լուռ, դանդաղ ու հուսահատ քայլեց դեպի պանդոկի ելքը: Նրա լայն ուսերը կախ էին ընկել, մի տեսակ փոքրացել էր: Ի՞նչ էր մտածում այդ պահին մեծ մարդասեր ու աշխարհահռչակ գրողը: Նա հասավ ելքին եւ ուր որ է կորչելու էր տեսադաշտից` մեզ թողնելով ընդհանուր շփոթմունքի մեջ: Փոթորկող ու խռովահույզ մի ալիք պայթեց իմ մեջ` թվաց, թե ինձնից խռոված, վհատ ու անօգնական պապս է հեռանում, նախահայրս: Վեր թռա ու ձայնս որոտաց Սոլոլակիի հայերի բարբառով.

- Ո՞ւր ես գնում, տո՛…

Մնացյալը հիշում եմ մշուշոտ: Ես դիվահարի պես ցնցվելով` իրար հետեւից կրկնում էի.

- Ո՞ւր ես գնում, տո՛…

Ամբողջ պանդոկը զարմացած ինձ էր նայում: Հետո երանելի թուլություն իջավ վրաս: Հենվեցի աթոռին: Երազը շարունակվում էր: Շքամուտքի կողմից դեպի ինձ էր հորդում հարազատ մի շունչ, զգացմունքի մի տարերք, թեւերը լայն պարզած մի արծիվ, մի Մասիս: Մեկն ինձ գրկել, խենթացած համբուրում էր: Սարոյա՞նն էր, Նոյ նահապե՞տն էր, իսկ գուցե հայրենիքի կարո՞տն էր, որ հեղեղի պես իր մեջ էր առել ամեն ինչ` ֆիլիպինյան գունեղ գիշերը, պանդոկը, հազար ու մի լեզուներով խոսող մարդկանց…

- Գժվե՞լ են, ի՞նչ է…

Մերոնք զգացմունքի այդ ալիքին կուլ գնացին ու մոռացան իրենց ով լինելն ու որտեղ լինելը:

- Կեցցե՛ Սարոյանը, կեցցե Սարոյանը…

Հետո մեզ միացավ պանդոկը.

- Viva Saroyan, viva, viva.

Հետո մենք մեզ պահեցինք երկու կովկասցիների պես: Ոնց որ պետք էր` քեֆ արեցինք: Իսկ ավելի ուշ գիշերային Մանիլան իր ջերմ գիրկն առավ անսպասելիորեն երջանկացած երկու մարդու` փողոցից փողոց, պանդոկից պանդոկ: Հայն ու վրացին իրար հասկացան իրենց հոգու լեզվով` երգով: Երգում էր Սարոյանը ու քահ-քահ ծիծաղելով հարցնում. «Հասկացա՞ր»: Հայերեն երգին պատասխանում էի վրացական երգով` Սարոյանն աչքերն էր սրբում: Իրար էին հանդիպել Բիթլիսն ու Թբիլիսին…

Հեռավոր այն գիշերն անցավ ակնթարթի նման: Մանիլան սկսում էր արթնանալ: Փաթաթվեցինք իրար, ու ես արդեն քանիերորդ անգամ նրա համար երգեցի «Չեմո պատարա գոգոնան»:

Հյուրանոցի հերթապահը, ինձ ներս թողնելու համար Սարոյանից ստանալով մի քանի պեսո, այդպես էլ չհասկացավ, թե ո՞վ է ինձ հրաժեշտ տվողը, նա չհասկացավ նաեւ, թե ինչո՞ւ էր դեմքիս ժպիտ, աչքերիս` թախծախառն արցունք, եւ ընդհանրապես այդ գիշեր շատերը շատ բան չհասկացան:

Իսկ մի քանի օր անց Թբիլիսիում իմ ֆիլիպինյան հուշերն արդեն անգիր արած ընկերներս բարի լույսի փոխարեն ինձ ասում էին. «Գոնե մեկ բառ, Գուրամ». եւ ես հիշում էի աշխարհում թերեւս ամենատխուր աչքերն ունեցող հային, որի սիրտը լեռներում է…

«Սովետական Հայաստան ամսագիր»

1986 թ. Սեպտեմբեր

Աղբյուր՝ hayzinvor.am