Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Պետրոս Դուրյանի նամակը Պ․ Ա․ Լուսինյանին

Եղբայր իմ, Ձեր վերջին նամակը զիս մխիթարել կ'ուզե, և կ'ըսեք. «Մեկդի ձգե սա հիվանդ եմ-ի գաղափարը մտքեդ և բոլորովին կ'բուժիս»: Ա՜հ, եղբայր իմ, կուրծիս տակ հրաբուխ բռնկած է. կրակներ կ'եռան ու կ'այրեն զիս: Աս կրակը երկընկեց կրակին նման է, որ չ'մարիր և չպիտի մարի, մինչև չսպառե ամեն ինչ:

Այո՛, ալ հիմա հավատացի, թե կը ծյուրիմ եղեր, գիտեմ, թե ալ շատ չապրիմ պիտի: Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:

Չգիտեմ` ինչ գրեմ. կ'զգամ շատ, բայց գրելու դժվարություն մը կա, կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ: Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ'եմ. մարում մ'եմ, քայքայում մ'եմ: Գիտեմ` այս տողեր վերջինն են և վերջինը պիտի լինին. սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ: Ես, որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ'ըլլա:

Կարապն իր վերջին շունչին իր էն ներդաշնակավոր ճիչը կ'արտասանե կ'ըսեն: Թող ես ալ կարապին պես անցած ըլլամ աշխարհեն:

Մարդուն նշանաբանը երգն է: Էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ'է: Այո՛, եղբայր իմ, խիստ ընտիր խոսեր էիք օր մ'ինձի թե. «Երգը ոչ այլ ինչ է, բայց եթե ձայներու ներդաշնակավոր փունջ մը»: Այո՛, ես ալ կ'ըսեմ.
«Երիտասարդ ըլլալ և երգել,
Ծեր լինիլ և աղոթել»:

Ա՛յս է կյանքը: Ա՜հ, գեղեցիկ կյանք մ'ալ կա. սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»: Ա՜հ, ի՜նչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք:

Եղբայր, ահա ես կ'իջնեմ կամ մոտ եմ իջնելու այն սև հատակ անդունդին մեջ, որ որո անունը գերեզման կ''ըսեն...Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն պիտի:

Մահվան սպանդ մ'եմ, կ'երթամ առաջի կտրչին, կը հավատամ Աստուծո, կը հավատամ այն հանդերձյալ ապառնիին: Ով որ կը հավատա, երջանիկն է: Աշխարհին մեջ միայն անհավատն ապերջանիկ, հուսահատ և թշվառ է: Թերևս բարեկամք կամ ընթերցողք զիս միստիգական կամ այլաբանական գտնան տողերուս մեջ: Արդեն ես ալ այլաբանություն մ'եմ, խորհուրդ մ'եմ: Էությունս է, առումս այն է:

Գիտեմ` քիչ ատենեն պիտի մեռնիմ, արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք, հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա: Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի: Մի՛ տրտմիք, կ'աղաչեմ սույն հուսահատ և օրհասական տողերուս:
Ափսո՜ս: Այո՛. Ա՜հ մ'էր սկիզբս, Վա՜խ մ'եղավ վախճանս:

Երջանիկ եք և երջանիկ պիտի ըլլաք, և երբ երկինքն ալ երթամ Աստուծո և հրեշտակաց առջև Ձեր երջանկությունը պիտի խնդրեմ: Վայելեցե՜ք...Մնա՜ք բարյա՜վ:

Եղբայրդ` Պ. Դուրյան

1871 դեկտ. 10, Սկյուտար