Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Զղջման աղոթք

Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:

Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով):

Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, անհոգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:

Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ: